«Համազեկուցողներն անհանգստություն են հայտնում ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ»․ Ռուբեն Ռուբինյան

Members of ‘My Step’ faction Andranik Kocharyan and Ruben Rubinyan hold parliamentary briefings at the RA NA

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այսօր մեկնաբանություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

1. Համազեկուցողներն անհանգստություն են հայտնում ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։

Ամբողջովին կիսում եմ այս տեսակետը։ Անթույլատրելի է, երբ Սահմանադրական դատարանի նախագահը քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական (և ոչ իրավական) ընդդիմախոս է դառնում կառավարությանը՝ ծավալելով քաղաքական գործունեություն և առաջացնելով լարվածություն նշյալ երկու ինստիտուտների միջև։

2. Համազեկուցողներն ընդգծել են, որ Հայաստանում դատական իշխանության հանդեպ վստահությունը շատ ցածր է։

3. Համազեկուցողներն արձանագրում են, որ մինչ օրս ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն իրավիճակը փորձում են հանգուցալուծել իրավական ճանապարհով։ Սա կարևոր արձանագրում է։

4. Համազեկուցողներն արձանագրում են, որ ՀՀ իշխանությունները դատավորների ինքնակամ վաղ կենսաթոշակի մեխանիզմը ներդնելուց առաջ ստացել էին Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը դրա վերաբերյալ, և որ իրենք հետևելու են դրա հնարավոր իրագործման ընթացքին։

5. Համազեկուցողներն ընդգծել էն, որ վաղ կենսաթոշակի մեխանիզմի ներդրման նպատակը՝ այն է՝ գործող սահմանադրության ոգին իրագործելը լեգիտիմ է։ Սա ևս շատ կարևոր արձանագրում է։

6. Համազեկուցողները նշում են, որ այս լարվածությունը չպիտի խաթարի Հայաստանում արդեն իսկ սկսված և պլանավորված բարեփոխումների ընթացքը։

Կիսում եմ նաև համազեկուցողների դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը պիտի զերծ լինի բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից՝ բոլոր կողմերից։ Այո, մեզ պետք է հենց այդպիսի դատարան՝ անկախ, չճնշվող, քաղաքական կասկածելի կապերի մեջ չմտնող, և վստահ եմ, որ մոտ ժամանականերս մենք կունենանք այդպիսի դատարան»։