ՊՆ-ն չի տիրապետում բանակում տիրող իրավիճակին. հասարակական բողոք` ընդդեմ զինվորների մահվան դեպքերի

ՊՆ-ն չի տիրապետում բանակում տիրող իրավիճակին. հասարակական բողոք` ընդդեմ զինվորների մահվան դեպքերի

Վերջին շրջանում բանակում մահվան դեպքերի շուրջ բարձրացված հասարակական մեծ աղմուկն անգամ չի սթափեցնում համակարգի պատասխանատուներին և իշխանություններին, որոնք շարունակում են պնդել, թե քաղաքացիական հասարակությունը քաղաքականացնում է խնդիրը:
Միայն վերջին 10 օրվա ընթացքում բանակում մահացել է երեք զինվոր. հոկտեմբերի 9-ին` 19-ամյա Վլադիմիր Ասատրյանը, հոկտեմբերի 12-ին` 19-ամյա Յուրիկ Ներսիսյանը, հոկտեմբերի 13-ին` 21-ամյա Արամ Մելքոնյանը:

Հենց այս միջադեպերից հետո էլ հասարակությունում բարձրացված աղմուկն ավելի մեծ թափ ստացավ, իսկ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանն այդ աղմուկ բարձրացնողներին «անհայրենիք» անվանեց:

«Ո՞նց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ո՞նց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, անհայրենիք, անշնորհք, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել»,- հայտարարել էր Գասպարյանը:

Պաշտպանության փոխնախարարի հնչեցրած արտահայտությունները քննարկումների և հասարակական բողոքի մեկ այլ ալիք էին բարձրացրել:

«Այնպես է ասում` գրանտից են աշխատավարձ ստանում, ասես ինքը իմ աշխատանքային եկամուտից գոյացած հարկերից չի աշխատավարձ ստանում, ասես ինքն իմ վարձու աշխատողը չէ, որի անմիջական պարտականությունը` որպես փոխնախարար, բանակով զբաղվելն է: Դուրս է եկել մեյդան` իր վարձու բատրակ հալով և ինձ՝ էս երկրի աշխատողին ու տերին, հայրենասիրական քարոզ է անում: Դու գնա քո գործն արա, խոսացողն այստեղ ե՛ս եմ»,- Facebook սոցիալական ցանցում Գասպարյանին պատասխանել էր հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Իսկ Գասպարյանը մեղադրել էր ակտիվիստներին իրադարձությունները քաղաքականացնելու մեջ.

«Քավ լիցի, մենք մեր արածի համար թողեք պատասխան տանք, ձեր չարածները, ձեր քաղաքական երազանքները բանակի հետ մի´ կապեք, բանակը երբեք չի եղել քաղաքականության մեջ, բանակը քաղաքականությունից դուրս է և թույլ չի տա, որ նման չարախոսություններով իրեն ներքաշեն քաղաքականության մեջ»:

Գասպարյանին լրացնելով` իշխող Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «աշխարհի ոչ մի երկրի բանակ թերություններից զերծ չի լինում».

«Բանակը մեր հասարակության մի հատվածն է, և այնտեղ տեղի ունեցող երևույթները նույնպես արտացոլում են հասարակության ներկա վիճակը»:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր` Կարեն Ավագյանը, ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե «որևէ մի ծնող երբևէ չի ասում, որ բանակում իր որդուն լավ կրակել չեն սովորեցրել, լավ զինվորական պատրաստվածություն չեն տվել»:

Մինչ շատերը հավատացած են, որ շարունակական բնույթ կրող այս դեպքերը ուղղակիորեն ազդեցություն են ունենում իշխանությունների վարկանիշի վրա`անվստահության մթնոլորտ ստեղծելով հասարակության մեջ, հանրային կարծիք ուսումնասիրող սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այլ կարծիք ունի:

Նրա դիտարկմամբ` բանակում տեղի ունեցող մահվան ելքով միջադեպերը չեն կարող ազդեցություն ունենալ իշխանությունների վարկի վրա, քանի որ, «այդ միջադեպերը զանգվածային բնույթ չեն կրում»:

«Դրանք հատուկենտ դեպքեր են: Բոլորը գիտեն, որ բանակում գոյություն ունի նման դեպքերի տոկոս, այնպես որ, դա շատ բնական է: Տարեկան 500-600 մարդ է մահանում ավտոպատահարների հետևանքով, դրանց պատասխա՞նն էլ պետք է իշխանությունները տան»,- «Մեդիալաբին» ասում է սոցիոլոգը:

Ըստ ոչ պաշտոնական վիճակագրության, սակայն, այդ «հատուկենտ» դեպքերն անցնում են մի քանի տասնյակը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով` 2010-ին բանակում զոհվել է 42 զինվոր, որոնցից միայն 9-ն են զոհվել հակառակորդի գնդակից. մյուսները կա´մ ինքնասպան են եղել, կա´մ սպանվել են իրենց ծառայակիցների կողմից, կա´մ էլ մահացել են ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով:

Պաշտոնական տվյալներով` 2007-2011 թվականներին զինված ուժերում տարբեր պատճառներով մահացել են 228 զինծառայողներ, որից ընդամենը 32-ն են մահացել հրադադարի խախտման հետևանքով:

Մինչդեռ, ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ` 1994 թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:

Իսկ բանակում տեղի ունեցող միջադեպերի շուրջ բարձրացված աղմուկը ոչ միայն չի դադարում, այլև նոր դրսևորումներ է ստանում, միաժամանակ շարունակվում են նաև բողոքի ակցիաները:

Հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները, ովքեր արդեն մի քանի ակցիաներ են անցկացրել, երթ են կազմակերպելու դեպի նախագահական նստավայր և պահանջելու են Սերժ Սարգսյանի` որպես ի պաշտոնե բանակի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը:

«Այն, ինչ կատարվում է Զինված ուժերում, մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ ՊՆ չի տիրապետում բանակում տիրող իրավիճակին»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Քրիստինե Խանումյան

Medialab.am