ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել հարգել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո

 Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, «Եվրոպական միավորված ձախեր» խմբակցություն) կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո, որոնց հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող, իսկ ադրբեջանական կողմից՝ մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը:

«Դժբախտաբար, միջադեպերի քանակը այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում կայուն կերպով աճել է, և այս միջադեպերը լարվածությունը հասցրել են նոր մակարդակի՝ ցավալի վիրավորումներով և մարդկային կորուստներով, ինչն ինձ շատ է անհանգստացնում», – ասել է իռլանդացի պատվիրակը՝ տեղեկացնելով, որ ինքը կապի մեջ է եղել երկու կողմի հետ և հասկացել, որ երկուսն էլ ուզում են խուսափել իրադրության վատթարացումից։

Փոլ Գավանը շեշտել է՝ հումանիտար այն հիմնախնդիրները, որոնք ազդում են անհատների կյանքի վրա սահմանի երկու կողմերում, չեն կարող լուծվել, քանի դեռ բռնությունը չի դադարեցվել:

«Բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են այս վիճակով, ես կոչ եմ անում ցույց տալ իրենց պատասխանատվությունը խաղաղություն և հաշտեցում կառուցելու նպատակով: Հետևաբար, ես հույս ունեմ, որ երկու երկրներն էլ հետ կկանգնեն այնպիսի քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: Մենք պետք է խոսափենք հակամարտության այս շարունակական շրջապտույտից», – հայտարարել է Փոլ Գավանը:

ԵԽԽՎ-ից տեղեկացնում են, որ Փոլ Գավանը «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով իր զեկույցը նախատեսում է ներկայացնել ԵԽԽՎ-ի հաջորդ լիագումար նիստում (սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1):