«Կարծես թե նույն ձեռագրով Կուտոյանն ու Հայկ Հարությունյանը դիմեցին «ինքնասպանության»». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

Պարո՛ն Սաֆարյան, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը մի շարք հարցեր է առաջացնում։ Վերջին շրջանում նմանօրինակ եղանակով մահացած գտան նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, Մոսկվայում մահացավ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Ի՞նչ կապ կարող է լինել այս դեպքերի միջև։ 

– Հասարակությունը չի կարող անտարբեր վերաբերվել, որ վերջին ամիսներին ուժային կառույցների երեք առանցքային պաշտոնյաներ մահանում են։ Ընդ որում, նրանք մահանում են այնպիսի հանգամանքներում, որոնք կասկած են հարուցում, որ դրանք բնական մահեր են։

Եվ այս կտրվածքով պատահական չէ, որ բոլորը միանգամից հիշեցին Հայկ Հարությունյանի, այսպես կոչված, հայտարարված ինքնասպանությունը, Աշոտ Կարապետյանի ողբերգական մահը։ Եվ այժմ մենք ականատես ենք Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվանը։

Կարծես թե նույն ձեռագրով Կուտոյանն ու Հայկ Հարությունյանը դիմեցին «ինքնասպանության», ինչպես որոշ անձինք ու լրատվամիջոցներ ներկայացրեցին դեպքը առաջին իսկ պահից՝ սեփական զենքով կրակոց իր վրա, Կուտոյանի դեպքում՝ մի քանի տասնյակ պարկուճներ դեպքի վայրում, ալկոհոլի գործածում… Ո՞նց կարող ենք նորմալ վերաբերվել սրան։

Ի՞նչն է ստիպում ուժային կառույցների նախկին ղեկավարներին ընկճախտ ապրել, ինչպես մամուլում է հայտնվում տարօրինակ աղբյուրներից, գինովնալ և ինքնասպան լինել սեփական զենքով։

Բարեբախտաբար, այս պահին նախաքննության մարմինը քրեական գործ է հարուցել ինքնասպանության դրդելու հոդվածով։ Ակնհայտ է, որ որևէ մեկին չեն կարողանալու համոզել, որ պարոն Կուտոյանը որոշում կայացրեց վերջ տալ իր կյանքին, երբ ուներ կին, երեխա։

Նրան դրդե՞լ են, թե՞ անմիջապես որոշ մարդկանց կողմից իրականացվել է, դա արդեն նախաքննությունը պետք է պարզի: Մեզ մնում է միայն ցավակցություն հայտնել Կուտոյանների ընտանիքին այս ողբերգական դեպքի կապակցությամբ և հորդորել իրավապահ մարմիններին բացահայտել այս հանցագործությունը։

Դեռևս ամիսներ առաջ տեղեկություն եղավ, որ Կուտոյանի պաշտոնավարման շրջանում՝ հեղափոխությունից առաջ, ԱԱԾ-ում փաստաթղթեր էին ոչնչացվել։ Այնուհետև տեղեկություն կար, որ այդ փաստաթղթերը վերականգնվել են և կարող են կապ ունենալ «Մարտի 1»-ի գործի հետ։ Սա որքանո՞վ կարող է կապ ունենալ Կուտոյանի մահվան դեպքի հետ։

– Հավատացնում եմ ձեզ, շատ վարկածներ կարելի է առաջ քաշել։ Ի վերջո, այս շրջանում ակտիվ են բազմաթիվ պայթյունավտանգ գործեր՝ «Հոկտեմբերի 27», Ապրիլյան պատերազմ, Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքի հարուցում, «Մարտի 1»…

Բայց հիմա լուրջ չի լինի, եթե որևէ մեկը այս դեպքը կապի հստակ որևէ գործի հետ։ Մենք գիտենք, որ Կուտոյանը՝ որպես առանցքային պաշտոնյա, կարող էր լրջագույն տեղեկատվության տիրապետել իմ թվարկած և չթվարկած այլ գործերով, այդ թվում՝ ԱԱԾ փաստաթղթերի կորուստը։ Բայց խոսել կոնկրետ այդ վարկածի մասին, դա իրավապահ մարմինները պետք է պարզեն։

– Դուք կանխատեսել էիք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անվտանգության կարիք կունենա։ Ձեր այդ հայտարարությունից հետո մամուլում հարցադրում եղավ, թե ի՞նչ ինֆորմացիայի եք դուք տիրապետում, ինչո՞ւ ԱԱԾ նախկին տնօրենը պետք է անվտանգության պահպանության կարիք ունենա։

– Ես գիտեմ մի բան, որ նախկին իշխանությանը հարող շրջանակները տարբեր սոցիալական ցանցերում և գրառումներում իրենք էին հայտարարել, որ Վանեցյանի կյանքին վտանգ է սպառնում։

Ես ոչինչ չգիտեի, իրենք գիտեն, և ես տեսնում էի, որ նրանք փորձում են ստեղծել նպատակահարմարություն՝ ինֆորմացիայի տիրապետող որևէ մեկին վերացնելու կապակցությամբ, որում իբրև թե շահագրգռված պետք է լինի ներկայիս իշխանությունը։

Սրանք իրենց գրառումներն են, որոնք փաստեր են։ Եվ շատ հայտնի որոշ շրջանակներում, որոնք իրենց լրատվամիջոց են կոչում, ուղղակի կհորդորեմ առաջին հերթին բացել իրենց հետ փոխկապակցված անձանց գրառումները՝ նույն Վանեցյանի կյանքին վտանգ սպառնալու վերաբերյալ։

Եվ եթե իրենք արդեն խոսում են այն մասին, որ Վանեցյանին կարող են «վերացնել», անվտանգության հարցերով զբաղվող որևէ պրոֆեսիոնալ չի կարող դրա նկատմամբ անտարբեր լինել։

– Ինչո՞ւ որոշ շրջանակներ Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցածը շտապեցին հենց առաջին ժամերին ինքնասպանություն որակել, որոշ լրատվամիջոցներ էլ նման ինֆորմացիա տարածեցին։ Ո՞ր շրջանակներն են շահագրգռված այս վարկածով։

– Ես՝ որպես սովորական քաղաքացի, միգուցե ունենամ իրավունք Աշոտ Կարապետյանի մահվան, Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի, այսպես կոչված, ինքնասպանությունների դեպքերի զուգահեռներ անցկացնել։

Բայց որ շատ կոնկրետ լրատվամիջոցներ հենց առաջին իսկ պահից փորձում են դա ինքնասպանություն որակել, ներեցեք, սա պետք է արժանանա իրավապահ մարմինների ուշադրությանը։

Նման բաներն ինքնանպատակ չեն լինում, երբ մի քանի լրատվամիջոց, ձայն ձայնի տված, փորձում են հայտարարել, որ Կուտոյանը ինքնասպան է եղել։

Միգուցե նրանք էլ չունեն փաստեր, ովքեր պնդում են, որ սպանություն է, բայց նրանք ունեն օրինաչափություններ, իրադարձությունների շղթա և միգուցե դրա հիման վրա կարող են իրենց թույլ տալ կապել Հայկ Հարությունյանի, Աշոտ Կարապետյանի և Կուտոյանի կյանքից հեռանալն ու վարկածներ առաջ քաշել։

Նրանք այդ հիմքն ունեն, բայց ասացեք խնդրեմ՝ ի՞նչ հիմքեր ունեին նրանք, ովքեր հենց առաջին պահից առանց որևէ բան իմանալու ասացին՝ «ինքնասպնություն է»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am