Թուրքիան և Ադրբեջանը չեն գնում հարցի դիվանագիտական ու քաղաքական լուծման և զարմանալի չէ, որ հայտարարվում է՝ այս պահին դիվանագիտական լուծում չկա. Փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է արևելագետ Կարեն Վերանյանը

– Պարո՛ն Վերանյան, Թուրքիան երեկ պաշտոնապես հայտարարեց, որ եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի, իրենք կօգնեն զորքով։ Սա քարոզչակա՞ն հնարք էր, ի՞նչ էր այդ հայտարարությունը նշանակում։

– Քարոզչական հարթության վրա հոգեբանորեն ճնշելու փորձ կարելի է դիտարկել։ Այդ հայտարարությունը մեծ ռիսկեր է պարունակում, և դա կարելի է դիտարկել հավանական սցենար։

Նման հայտարարությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ միգուցե Ադրբեջանը սպառում է իր հիմնական ռազմական տեխնիկան, ուժերը արդեն հյուծվում են։

Շատ հնարավոր է, որ ունեն փաստեր, հիմնավորումներ, որ ադրբեջանական կողմը չունի բավարար ուժ և միջոցներ, և այդ պատճառով էլ նման հայտարարություն է արվում։

Բացի այդ, պետք է նկատի ունենալ նաև այն հաստատված հանգամանքը, որ Ալիևի իշխանությունը՝ որպես այդպիսին, կորցրել է իր քաղաքական, ռազմական, պետական հիմքերը երկրի ներսում, և մենք գործ ունենք Ադրբեջանի սուբյեկտայնության էական նվազման իրողության հետ։

Առանց լուրջ խոչընդոտների հանդիպելու՝ Թուրքիան իր ընդհանուր ծրագիրն ու հավակնությունները կյանքի է կոչում՝ օգտագործելով Ադրբեջանը։ Այս երկիրը գործիք է Թուրքիայի ձեռքին, և նրանց շահերը չեն կարող 100 տոկոսով համընկնել։

Այդ երկիրը հարթակ է Էրդողանի համար շատ ավելի խորքային նպատակներ իրականացնելու Հարավային Կովկասում։ Էրդողանի ապակայունացնող վարքագիծը մենք տեսնում ենք նաև այլ երկրներում՝ Լիբիայում, Սիրիայում։

Նույն ձեռագիրը գործի է դնում Էրդողանը Ադրբեջանում։ Այն հայտարարությունները, որ արվում են այդ երկրի պաշտոնատար անձանց կողմից, զուտ քարոզչական-տեղեկատվական հարց չեն։ Պետք է շատ զգույշ լինել։

– Այս օրերի դեպքերը ի՞նչ են ցույց տալիս. արցախյան հակամարտության լուծման հարցում ռուս-թուրքական երկխոսությունը ինչպե՞ս եք գնահատում, կա՞ն հակասություններ նրանց միջև։

– Ռազմական գործողությունների վերսկսման հենց սկզբից մենք տեսանք, որ Թուրքիան իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ ռազմադաշտում։

Զուգահեռ՝ Ռուսաստանը ևս ներգրավվեց հակամարտության քաղաքական լուծման գործընթացում։ Սկզբնական շրջանում ՌԴ-ն փորձեց քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը, դադարեցնել ռազմական գործողությունները։

Այդ տեսանկյունից շատ ողջունելի էր նման դերակատարությունը։ Բայց ակնկալիքները մեծ չէին, քանի որ Թուրքիան էր հիմնական խաղացողը և Թուրքիան էլ հենց խախտողն էր այդ հրադադարի։

Նաև հիշեք՝ Ռուսաստանի քաղաքական ջանքերի գործադրման ջանքերին զուգահեռ Չավուշօղլուն դիմեց Լավրովին և կոչ էր անում երկկողմ ձևաչափ ստեղծել, խնդիրը կարգավորել, ինչպես եղավ Սիրիայի դեպքում։

Բայց հասկանում ենք, որ Ռուսաստանի համար Սիրիան կամ Լիբիան Հարավային Կովկաս չեն, Լեռնային Ղարաբաղի խնդիրը միանգամայն այլ հարթության մեջ պետք է դիտարկել ՌԴ շահերի տեսանկյունից, քանի որ սա կենսական նշանակություն ունեցող շահերի գոտի է Ռուսաստանի համար, հետևաբար, տրամաբանական էր մերժումը։

Դրանից հետո հասկանալի դարձավ, որ Թուրքիան պետք է կոշտացնի իր դիրքորոշումը, իսկ Ռուսաստանում էլ հասկացան, որ իրենք էլ իրենց հերթին պետք է կոշտ դիրքորոշում որդեգրեն՝ քաղաքական, դիվանագիտական ջանքերին զուգահեռ օգտագործել պաշտպանական անվտանգային միջոցները՝ սկսեցին ակտիվ հակաահաբեկչական գործողություններ իրականացնել Սիրիայում, որտեղից Թուրքիան ահաբեկիչներ էր տեղափոխում Ադրբեջան։

– Այսինքն՝ սկսվեց ռուս-թուրքական հակամարտությունը…

– Այո՛, միանշանակ, Թուրքիայի գործողությունները բերում են նրան, որ Ռուսաստանը ևս ներքաշվի այս խնդիրներում ու վերածել միջնորդավորված հակամարտության։ Նեղ տարածաշրջանային իմաստով մենք գործ ունենք ռուս-թուրքական միջնորդավորված հակամարտության հետ, իսկ հարցի շատ ավելի լայն իմաստով՝ այս ամենում ներգրավված են շատ խաղացողներ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրոպական ճակատը, Հունաստանը, որը ակտիվ է և մեզ աջակցում է, Իսրայելը, որը ապակառուցողական գործոն է հանդիսանում։ Շատ խնդիրներ կան։

– Վարչապետն ասաց, որ դիվանագիտական լուծում չկա։ Ո՞վ է դրա մեղավորը` ըստ ձեզ։ Եվ ընդհանրապես, հնարավո՞ր է, որ որևէ հարց դիվանագիտական լուծում չունենա։

– Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ամեն կերպ կյանքի կոչել իրենց ծրագրերը մեր տարածաշրջանում՝ կանգ չառնելով միջազգային որևէ իրավունքի առաջ, խախտելով մարդասիրական բոլոր նորմերը, խախտելով հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածությունները։

Այս իրավիճակից ելնելով, իհարկե, զարմանալի չէ, որ հայտարարվում է՝ այս պահին դիվանագիտական լուծում չկա։ Մենք հասկանում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը պարզապես չեն ուզում գնալ հարցի դիվանագիտական ու քաղաքական լուծման։ Հայկական կողմը, տեսնում ենք, պատրաստակամ է, մասնակցում է քննարկումներին։

Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են, այնպես չէ, որ դադարել են։ Ուղղակի ձևակերպման ենթատեքստը այն էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը ցույց է տալիս, որ իրենք մեկ վայրկյան անգամ չեն մտածում, չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները և փորձել խնդիրը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական դաշտ։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am