«Աչքովս եմ տեսել, որ Մարտի 1-ի նախօրեին Արցախից բերված զորքը գտնվում էր Հանրապետական հավաքակայանում»․ ՊՆ նախկին փոխնախարար. Տեսանյութ

«Աչքովս եմ տեսել, որ Մարտի 1-ի նախօրեին Արցախից բերված զորքը գտնվում էր Հանրապետական հավաքակայանում»․ ՊՆ նախկին փոխնախարար. Տեսանյութ
«Աչքովս եմ տեսել, որ Մարտի 1-ի նախօրեին Արցախից բերված զորքը գտնվում էր Հանրապետական հավաքակայանում»․ ՊՆ նախկին փոխնախարար. Տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ով պաշտոնավարել է 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ, Factor.am-ի հետ զրույցում պնդեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ է եղել պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 0038 հրամանից, որն ընկած է Քոչարյանին ներկայացված մեղադրանքի հիմքում:

«Ի սկզբանե Քոչարյանը տեղյակ է եղել 0038 հրամանից: Չի կարող պատահել՝ նման հույժ գաղտնի հրաման լինի ու երկրի նախագահը չիմանա, որովհետև դա վերաբերում է զորքին»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը:

Նա պատմեց, որ 2008-ի փետրվարի 22-ի երեկոյան պաշտպանության նախարարին ու տեղակալներին Ռոբերտ Քոչարյանը կանչել է նախագահական նստավայր ու քննարկել հետընտրական իրավիճակը։ Իսկ դրա հաջորդ օրը Քոչարյանը հանդիպել է բարձրագոււյն սպայական կազմի հետ: «Հրահանգներ է տվել փետրվարի 23-ին, որից հետո դուրս է եկել 0038 հրամանը։ Տեղյակ չլինելը ո՞րն է»,- ասաց Մելքոնյանը։

Նշենք, որ գործով դատավարության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ 0038 հրամանին ծանոթացել է վերջերս, քրգործի շրջանակում և գտնում է, որ ճիշտ հրաման էր՝ ճիշտ ժամանակին, որը կանխեց շատ վատ զարգացումներ։ Ռոբերտ Քոչարյանը նաև դատարանում պնդել է. «Արցախի Հանրապետությունից մեկ մարդ Զինված ուժերից չի բերվել՝ այդ միջոցառումներին մասնակցելու համար: Չի՛ բերվել»:

«Ես իմ աչքով եմ տեսել, որ զորքը գտնվում է Հանրապետական հավաքակայանում, Արցախից բերված զորքը»,- հակադարձեց Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով. «Արցախից բերվել են զինվորականներ, զորք է բերվել, որը տեղակայված է եղել սկզբի օրը Նուբարաշենում, հետո տեղափոխել են մեր Հանրապետական հավաքակայան։ Թիվը չեմ հիշում։ Բայց որ զորքը գտնվել է հավաքակայանում ու որ այդ զորքին մենք լրիվ նոր համազգեստ ենք տվել, դա փաստ է։ Զորքը դարձել է նույն ձև հագնված»։