Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք. Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ

Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք. Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ
Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք. Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ:

Վերջինս պաշտոնապես իր դռները բացել է 2014 թ. հոկտեմբերին՝ ընդունելով առաջին 94 ուսանողներին, դառնալով UWC շարժման 18 քոլեջներից մեկը և առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցը Հայաստանում։

Նախագահը շրջել է դպրոցում, ծանոթացել ուսման ու հանգստի պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի մանրամասներով: Նոր ուսումնական տարվանից ուսումնառությունը քոլեջների ցանցում սկսող Ռուսաստանից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանից մի խումբ ուսանողներ Դիլիջանի քոլեջում մասնակցում են նախապատրաստական ճամբարի։ Նախագահը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ուսանողների և շրջանավարտների հետ՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի զարգացման հեռանկարին ու տեսլականին։

«Հայաստանն առաջ մղելու համար պետք է ունենանք տեսլական: Իսկ սեփական երկրի համար տեսլական ունենալով՝ տեսլական ես ձևավորում նաև ողջ աշխարհի համար, հասկանում ես, թե ուր է շարժվում աշխարհը: Պետք է աշխարհի հետ լինել ներդաշնակ, գնալ աշխարհին համընթաց»,– ասել է Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ պետք է ունենալ ծրագիր, ռազմավարություն և նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ: «Մի բան հստակ է՝ Հայաստանի նման երկիրը պետք է լինի լավագույնն այն ամենի մեջ, ինչ անում է: Սա է ապագայի բանաձևը»,– ասել է Հանրապետության նախագահը: Ուսանողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև նոր աշխարհում գիտելիքներով զինված լինելու անհրաժեշտությանը: «Ձեր կյանքը բաղկացած է մի շարք հիանալի և, միաժամանակ, բարդ բաղադրիչներից: Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք»,– նշել է նա:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: