Ryanair ընկերությանը պետական բյուջեից գումար չի հատկացվի. Տիգրան Ավինյան

Ryanair լոուքոսթեր ավիաընկերությանը Հայաստանի պետական բյուջեից գումար չի հատկացվի, այսօր լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին այս հարցը սոցցանցերում ու լրատվամիջոցներում բուռն քննարկվում է, թե ավիաընկերությունը էժան փոխադրումներ կարող է իրականացնել միայն այն բանի հաշվին, եթե պետական բյուջեից յուրաքանչյուր ուղևորի համար գումար հատկացվի:

«Նման գումարի մասին խոսք անգամ լինել չի կարող: Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվում այդ ընկերություններին: Կարող եք հանգիստ լինել: Եվս մեկ անգամ ուզում եմ հերքել այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում էին սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում՝ նման բան չկա»,- լրագրողներին ասաց Տիգրան Ավինյանը:

Նմանօրինակ ընկերությունների նկատմամբ սահմանված միակ արտոնությունը, Ավինյանի խոսքով, օդի տուրքի չեղարկումն է:

«Միակ հավելյալ աջակցությունը, որի մասին խոսվում էր, դա Գյումրիին վերաբերող հարցն է, Եվրամիության և օդանվավակայանի միասնական ջանքերի շնորհիվ հավելյալ աջակցության մասին է խոսքը, որը էլի պետական բյուջեի և հարկատուների հետ կապ  չունի»,- հավելեց փոխվարչապետը: