Ինչու էին ուշացրել ուսուցիչների աշխատավարձերը․ ԿԳՄՍՆ-ն խախտել է կառավարության որոշումը. fip.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է տասը տոկոսով:

Աշխատավարձի բարձրացումը ենթադրում էր հաշվարկային նոր մեխանիզմ: Հանրակրթական պետական դպրոցները ֆինանսավորվում են ըստ սովորողների թվի՝ համապատասխան բանաձևով:

Յուրաքանչյուր տարվա սկզբին լիազոր մարմինները (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ), մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան) պայմանագրեր են կնքում դպրոցների հետ, որոնցով կարգավորվում է վերջիններիս ֆինանսավորումը:

Արդեն այս տարվա փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում հնչեցին ահազանգեր, որ մի շարք դպրոցներում ուսուցիչների աշխատավարձերն ուշացնում են։

Չնայած չենք կարող պնդում անել, թե յուրաքանչյուր դպրոցում քանի օր են ուշացրել աշխատավարձերը, սակայն դպրոցների հետ ֆինանսավորման պայմանագրերի ուշացում, ամեն դեպքում, եղել է, ինչը հաստատել էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Կառավարության 2019 թ․ հոկտեմբերի 31-ի N 1503-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարվեցին կառավարության 2006 թ․ օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման մեջ, որը վերաբերում էր հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկմանը։ Նոր որոշումով այսուհետ հանրակրթական դպրոցների ֆինանսավորման այլ բանաձև հաստատվեց։ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի մեկից:

2006 թվականի N 1262-Ն որոշման փոփոխությունների 2-րդ կետում նշվում էր. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում հաստատել ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները` ելնելով ընթացիկ ցուցանիշներից, կիրառելով համապատասխան գործակիցներ»։

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքն Ազգային ժողովում ընդունվել է 2019 թ. դեկտեմբերի 6-ին։ Սա նշանակում է, որ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցների՝ նախարարի կողմից հաստատման վերջնաժամկետն այս տարվա հունվարի 6-ն էր։

Սակայն ԿԳՄՍ նախարարի հրամանը (N 73-Ա/2), որով հաստատվել է պետական հանրակրթական դպրոցների՝ ըստ սովորողների թվի ֆինանսավորումը, արձակվել է հունվարի 31-ին՝ շուրջ մեկ ամիս խախտելով կառավարության որոշմամբ հաստատված ժամկետը: Սա էլ, իր հերթին, հանգեցրել է ֆինանսավորման որոշակի ուշացման։

fip.am

Սևադա Ղազարյան