Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից ընդամենը երկու ժամ առաջ։

Truth Social-ում նա գրել է, որ Պակիստանի միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ երկու շաբաթով կասեցնելու Իրանի դեմ նախատեսվող հարվածները։ Փոխարենը, Իրանը համաձայնել է ապահովել Հորմուզի նեղուցով «ամբողջական, անհապաղ և անվտանգ» նավարկությունը։

Թրամփի խոսքով՝ հրադադարը երկկողմանի է, իսկ դրա ընդունման պատճառը այն է, որ ԱՄՆ-ը, իր գնահատմամբ, արդեն հասել է իր ռազմական նպատակներին և նույնիսկ գերազանցել դրանք։

Նա նաև նշել է, որ Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է դառնալ հետագա բանակցությունների հիմք։ «Մեր միջև առկա տարաձայնությունների մեծ մասի շուրջ արդեն կա համաձայնություն, իսկ այս երկշաբաթյա դադարը հնարավորություն կտա վերջնականացնել և ստորագրել համաձայնագիրը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հանդես գալով Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից, X-ում շնորհակալություն է հայտնել Պակիստանին միջնորդության համար։ Նա նշել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ուժերը նույնպես կդադարեցնեն պաշտպանական գործողությունները։

Արաղչիի խոսքով՝ այս ժամանակահատվածում Հորմուզի նեղուցով նավարկությունը հնարավոր կլինի անվտանգ կերպով՝ Իրանի զինված ուժերի համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումների հաշվառմամբ։ Նա ևս նշել է, որ բանակցությունները կընթանան Իրանի ներկայացրած 10 կետանոց առաջարկի հիման վրա։

Այս զարգացումների ֆոնին համաշխարհային շուկաներում արձանագրվել է նավթի գնի կտրուկ անկում․ հում նավթի մեկ բարելի գինը նվազել է շուրջ 17 տոկոսով՝ հասնելով 92 դոլարի։