«Փոստային ինդեքսով սահմանված մեր շրջակայքում բնակչության պատվաստման տոկոսը 90-ից ավելի է»․ Ելիզավետա Բաբայանը՝ ԱՄՆ Ինդիանա նահանգից

«Եթե մարդիկ պատվաստված չլինեին, հնարավոր է՝ մենք տեսնեինք վարակման ավելի բարձր ցուցանիշ»,- ասում է ԱՄՆ Ինդիանա նահանգում բնակվող Ելիզավետա Բաբայանը։ Նրա դիտարկմամբ՝ դելտա շտամի բարձր վարակելիության պատճառով ԱՄՆ բոլոր նահանգներում վերջին ամիսներին նկատվել էր քովիդի տարածման աճ, որը սակայն պատվաստումների տեմպի աճի շնորհիվ սկսել է նվազել։

Մասնագիտությամբ քիմիկոս Ելիզավետա Բաբայանը բնակվում է Ինդիանա նահանգի Կարմել քաղաքում, ասում է՝ նահանգի բնակչության 60 տոկոսն արդեն պատվաստվել է․ «Իսկ մեր շրջակայքում, որը սահմանված է փոստային ինդեքսով, բնակչության պատվաստման տոկոսը 90-ից ավելի է»,- նշում է նա։

Սեպտեմբերից ԱՄՆ-ում պատվաստումների տեմպերի աճը Բաբայանը բացատրում է մի քանի հանգամանքով. «ԱՄՆ առողջապահության նախարարությունը լիակատար հաստատեց քովիդի պատվաստումները, շատերը սպասում էին այդ լիակատար հաստատմանը, շատ աշխատանքային տեղեր սկսեցին պահանջել, որ աշխատողները պատվաստվեն, և մարդիկ տեսան՝ ինչ արագությամբ է տարածվում դելտա շտամը, որ ավելի երիտասարդ մարդիկ են հիվանդանում, և սկսեցին պատվաստվել»։ 

Ըստ worldometers.info վիճակագրական կայքի տվյալների՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է 105.633 մարդ և կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 44.054.825, մահերի թիվը 711.222 է։

Ելիզավետան ասում է, որ իր շրջապատում ևս մարդկանց մեծ մասը պատվաստված է, սակայն կան մարդիկ, որոնք դեռ խուսափում են պատվաստվելուց՝ տարբեր պատճառներից ելնելով։ 

«Ես ինքս գիտնական եմ, իմ շրջապատում կան շատ գիտնականներ և բժիշկներ, նրանց մեծ մասը պատվաստված է»,- ասում է նա և նշում՝ նրանք, ովքեր չեն ցանկանում պատվաստվել, քովիդը սպառնալիք չեն համարում, կարծում են` երիտասարդ են, ապավինում են սեփական իմունիտետին, կարծում են՝ եթե անգամ վարակվեն, արագ կապաքինվեն, չնայած ոչ միշտ է այդպես լինում: Ոմանք վախենում են պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունից, ոմանք էլ ուղղակի չեն վստահում պատվաստանյութերին: 

Պատվաստանյութերի հանդեպ անվստահությունն էլ Ելիզավետան բացատրում է նրանով, որ մարդիկ չեն պատկերացնում, չեն վստահում գիտությանը, փոխարենը՝ հավատում են միֆերին․ «Նրանք հավատում են ապատեղեկատվության հետ կապված տարբեր առասպելների, այդ պատճառով չեն պատվաստվում»։

Ելիզավետան ասում է՝ շրջանառվող միֆերից է, օրինակ, այն, որ COVID-19-ի պատվաստանյութը մշակվել է ընդհանուր բնակչությանը վերահսկելու համար՝ միկրոչիպերի միջոցով, որոնք ներարկելուց հետո գնում են մարդու ուղեղ ու դառնում վերահսկման միջոց։

Երկրորդ տարածված միֆը, Բաբայանի խոսքով, այն է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը անվտանգ չէ, քանի որ մշակվել և փորձարկվել է կարճ ժամանակահատվածում, ինչը, ըստ գիտնականի՝ սխալ ընկալում է․ «Գիտնականներն այդ տեխնոլոգիաները ուսումնասիրել են երկար տարիներ, ուղղակի ստեղծվել է այնպիսի պահ, որ հնարավոր և ռեալ է դարձել այդ տեխնոլոգիաներն օգտագործելը»։

Այլ տարածված միֆերից Ելիզավետան նշում է այն, որ քովիդի պատվաստանյութերը լուրջ կողմնակի ազդեցություններ ունեն, որը, սակայն, նրա խոսքով, որևէ փաստով չի հաստատվել․ «Մյուս միֆն էլ այն է, որ պատվաստանյութերը չեն ազդում, պատվաստվելուց հետո հնարավոր է վարակվել, հիվանդանալ:

Իրականությունն այն է, որ հիմա ԱՄՆ-ում կան հիվանդանոցներ, որոնք ծանրաբեռնված են քովիդով հիվանդներով, նրանց ավելի քան 90-ից տոկոսը այն մարդիկ են, որոնք չեն պատվաստվել, նշանակում է՝ եթե նույնիսկ պատվաստանյութերը չեն կանխում նորից հիվանդանալը, վարակվելը, համենայն դեպս կանխում են հիվանդության լուրջ և ծանր ընթացքը»։

Ելիզավետայի խոսքով՝ այսօր Ինդիանայում կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներ չկան։ Դպրոցներում պարտադրում են, որ աշակերտները ամբողջ օրը դիմակով լինեն, սակայն կան ձեռնարկություններ, խանութներ կամ այլ բիզնեսներ, որոնք մասամբ պարտադրում են կամ խորհուրդ են տալիս, որ այցելուները դիմակ կրեն, ոմանք չեն պարտադրում։

Ելիզավետայի խոսքով՝ մարդիկ էլ ավելի հանգիստ են սկսել վերաբերվել վիրուսին։

«Այնքան էլ չեն սարսափում վիրուսից մասամբ պատվաստման շնորհիվ, մասամբ այն պատճառով, որ ավելի լավ են հասկանում վիրուսը և դրա բուժումը, թեև դեռ զգուշավոր են, շատերը դիմակ են կրում նույնիսկ այն ժամանակ, երբ պարտադիր չէ, բայց պատրաստ են ավելի շատ դուրս գալ, շփվել»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am