«Այն, ինչի միջով անցել եմ, աննկարագրելի է, ես որևէ կերպ չեմ ուզի, որ որևէ մեկն ունենա հիվանդության այդ ընթացքը». Գայանե Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը

– Տիկի՛ն Աբրահամյան, դուք վարակվել էիք կորոնավիրուսով և ներկայացրել, թե ինչ դաժան հիվանդության հետ գործ ունենք՝ մարկանց կոչ անելով զգոն լինել։ 

Մի փոքր կպատմե՞ք՝ ինչպես են ընթանում այդ հիվանդությունը, բուժումը, ի՞նչ ջանքեր են ներդնում բուժաշխատողները՝ այս հիվանդներին բուժելու համար։

– Իրականում ես դեռ վերջնական չեմ բուժվել, բուժման ընթացքը բավական երկար է, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո էլ ծանր ընթացքով հիվանդները մոտ 1-2 ամիս դեռ վատառողջ են լինում։ 

Եվ այն, ինչի միջով անցնում են բժիշկները, ուղղակի անպատմելի է, որովհետև նախ՝ որքան էլ հանդերձանքով պաշտպանված լինեն, գրեթե անհնար է նրանց չվարակվելը։

Եվ այն բուժաշխատողները, որոնք ինձ էին բուժում, հիմնականում բոլորը հիվանդացել էին, նրանցից մի քանիսը՝ բավական ծանր։ 

Եվ այդքանից հետո, միևնույն է, շարունակում էին աշխատել։ Կան նաև շատ կամավորներ, որոնք բուժվելուց հետո վերադարձել ու շարունակում են կամավոր աշխատել։

Եվ այդքանից հետո ամենասարսափելին հենց այն է, որ ազգաբնակչության մի ստվար զանգված, տրվելով ապատեղեկատվության հոսքին, փաստորեն մտածում է, որ չկա վիրուս։ 

Կամ եթե շատ-շատերը հիվանդությունն ավելի թեթև են տարել (և փառք Աստծո, որ թեթև են տարել), մտածում են, որ գուցե իսկապես սուտ է։ 

Մինչդեռ ես, որ չունեի ոչ մի քրոնիկական հիվանդություն, շատ ծանր տարա այս հիվանդությունը։ Եվ անկանխատեսելի էր, թե ինչո՞ւ ես պետք է այդքան ծանր տանեի։ 

Այն, ինչի միջով անցել եմ, աննկարագրելի է, ես որևէ կերպ չեմ ուզի, որ որևէ մեկն ունենա հիվանդության այդ ընթացքը։

Սարսափելի է հատկապես, երբ մասնագետներն են կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածում։ Նրանք դրանով նաև վնասում են իրենց գործընկերներին, որովհետև երբ մարդիկ անվտանգության գոնե նվազագույն պայմանները չեն պահպանում, դա մեծապես ազդում է հենց բուժաշխատողների հետագա աշխատանքի վրա։ 

Թեկուզ հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում, երբ հասկանում ես, որ կարող ես վտանգ ներկայացնել, պետք է պահպանես անվտանգության կանոնները։ 

Իմ դեպքում ես գիտեի, որ կոնտակտավոր եմ, վարակվել էի քրոջս խնամելիս (քույրը հղի է եղել և խնամքն ստացել է հիվանդանոցում-հեղ․), և երբ արդեն հիվանդությունը նրա մոտ հաստատվեց, ես առաջին իսկ օրվանից ինքնամեկուսացել եմ։ 

Ինձ համար շատ կարևոր էր, որ բացի իմ ընտանիքի անդամներից, որևէ այլ անձի համար վարակի աղբյուր չեմ դարձել։ Եվ դա հենց նրա շնորհիվ, որ նախ՝ գիտակցել ես, որ շփում ես ունեցել և պետք է ինքնամեկուսանաս։ 

Անգամ հաց գնելիս հարևանին էինք խնդրում, որ դա աներ, կամ պատվերի տարբերակներն էինք ընտրում։ Այսինքն՝ ամենածայրահեղ պահանջի դեպքում անգամ դուրս չենք եկել տնից։ Սա այն նվազագույն կանոնն է, որ ցանկացած ոք պետք է պահպանի, որպեսզի հնարավորինս ապահովի մյուսների առողջությունը։

– Ինչի՞ց է գալիս մարդկանց այս վերաբերմունքը՝ անտարբերությունի՞ց, թե՞ նրանից, որ տեղեկատվական հոսքերը մեծ են։ Կամ միգուցե ազգային մտածելակե՞րպն է այդպիսին։

– Համավարակի այս ամբողջ ընթացքը, կարծում եմ՝ շատ հետաքրքիր է նաև մարդաբանների համար՝ ուսումնասիրելու թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական, թե՛ վարքաբանական բազմաթիվ հարցեր։ 

Այս համավարակն ուղղակի վեր հանեց մեր բոլոր թույլ կողմերը՝ միմյանց խնայելու, հարգելու, միմյանց մասին հոգ տանելու բավական նվազ պատասխանատվությունը։ 

Թվում էր, թե մենք դժվարին իրավիճակում համախմբվում ենք, բայց այս իրավիճակում մենք միմյանց նկատմամբ հոգ տանելու շատ քիչ դրսևորումներ ունեցանք։ 

Հենց թեկուզ դիմակ կրելը միմյանց հարգելու և միմյանց առողջությունը պահպանելու քայլ էր։ Այսինքն՝ սրանք իրավիճակներ են, որոնք ի ցույց դրեցին մեր հասարակության վարքի ամենավատ կողմերը, և ցույց տվեցին, որ մենք զարգանալու ուղղությամբ և հատկապես կրթության ոլորտում հսկայական աշխատանք ունենք անելու։ 

Եվ կրթությունը միայն հայոց լեզու ու պատմություն սովորելը չէ, կրթությունը մարդ դաստիարակելն է, և այդ առումով մենք արդեն տասնամյակներ բավական թերացել ենք։

Երկրորդ ամենամեծ ողբերգությունն այն է, որ երբ տարածաշրջանային համեմատություններ ենք անում, շատ կարևոր է հասկանալ՝ արդյոք մեր հարևան երկրներում ֆեյք նյուզի ազդեցությունն այնքան մե՞ծ է եղել, որքան հենց մեր երկրում։ 

Այստեղ ոչ միայն դրսից եկած հոսքերն են բավական շատ, հատկապես գիտենք՝ որ երկրից, հատկապես գիտենք, որ մեր դեպքում այդ երկրի ազդեցությունը չափազանց մեծ է, այլ նաև այդ ներքին կեղծ լուրերի հիմնական ստեղծողներն են գործում, նաև քաղաքական նպատակադրումներ ունեցողները։ 

Դեռ մարտին, երբ արդեն շատ ավելի ակտիվ սկսվեց այս ամենը քննարկվել, երբ նոր սկսեցին տեղական կեղծ լուրերը «բողբոջներ տալ», ես միանգամից իմ գործընկերներին ասացի, թե դրա հիմնական նպատակը որն է։ 

Այն ժամանակ ասացի՝ հիմա անընդհատ ասելու են, որ՝ սուտ է և այլն, որ մարդիկ չհավատան, ոչ մի կանոն չպահպանեն։ Հետո ինչ-որ պահի թվերը սարսափելի չափի կհասնեն, վարակի օջախների վերահսկելիությունը բաց կթողնվի, արդեն կասեն՝ դուք ձախողեցիք, մահերի պատճառ դարձաք և այլն։ 

Իհարկե պետք է հասկանանք, որ միայն մեզանում չէ, ամբողջ աշխարհում է ֆեյք նյուզը տարածված, պարզապես այստեղ շատ ավելի մեծ է, որովհետև գիտենք, թե ինչ վիճակում է մեր մեդիա պատկանելությունը։ 

Հիմա էլ են շատերը պնդում՝ դիմակները պետք է հանել, վերացնել արտակարգ դրության ռեժիմը։

– Ես չեմ հասկանում, թե սովորական մարդն ինչո՞ւ է այդպես ձգտում, որ արտակարգ դրության ռեժիմը վերանա, որովհետև դա նրա վրա մեծ հաշվով ազդեցություն չի ունենում։ 

Հիմնականում պետություն-մասնավոր հատված հարաբերությանն է վերաբերում արտակարգ դրությունը։ Սովորական մարդու համար միևնույն է՝ դիմակը պետք է կրել օրենքո՞վ, թե՞ արտակարգ դրության ռեժիմից ելնելով։ 

Այս խոսակցություններն ինձ համար հստակ մանիպուլյատիվ են։ Հատկապես մանիպուլյացիա է այն տեսակետը, թե արտակարգ դրության պատճառով է, որ մարդիկ ելքի արտոնագիր չեն ստանում դեպի այլ երկրներ։ 

Եթե մարդիկ ու պետությունները հստակ տեսնում են մեր թվերը, թե ինչ վիճակ է համավարակի առումով, պատկերն ամբողջ աշխարհին է հայտնի, մեր երկրում արտակարգ դրություն լինի թե չլինի, միևնույն է, իրենք որոշում են կայացնելու՝ թվերից ելնելով։ Եվ այդ մտայնությունը ևս ակնհայտ ուղղորդված է։ Երկու օր առաջ ԱԺ նիստի ընթացքում հասկացանք նաև, թե որ ուժերի կողմից է ուղղորդված։

Հասկանում եմ իհարկե, որ շոգ օրերին շատ դժվար է դիմակ կրել։ Եվ ես ինքս եմ հորդորել պարետատանը, որ բնության գրկում, նաև անձնական մեքենաներում դիմակ կրելը պարտադիր չլինի։ 

Ես կարծում եմ, որ այս իրավիճակում դա իսկապես լուծում է։ Շոգ պայմաններում գուցե իսկապես պետք է դիմակ կրելու վերաբերյալ որոշ փոփոխություններ արվեն և արվում են։ 

Բայց, այնուամենայնիվ, կանոնների պահպանումն անխուսափելի է։ Եվ նաև կանոնների պահպանման շնորհիվ է, որ ես իմ գործընկերներից չեմ վարակվել։ Ես վարակվեցի միայն հիվանդանոցում քրոջս խնամելիս, այդ դեպքում չվարակվելն անհնար էր։ 

Ես ուզում եմ սա շեշտել, որովհետև հաճախ ասում են՝ դու պահում էիր բոլոր կանոնները, ինչպե՞ս վարակվեցիր։ Այո՛, պահում էի, և իրավիճակներ են եղել, երբ չեմ վարակվել։ 

Այնպես որ, կանոնների պահպանումը շատ կարևոր է, եթե անգամ պարտադիր չէ։ Ես դիմակ սկսել եմ կրել և իմ ողջ ընտանիքը դիմակով է եղել դեռևս մարտից, թեև այն ժամանակ պարտադիր չէր։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am