«Անցյալի ռեժիմից շատերը հայտնվեցին վատ վիճակում, եւ փորձում են գտնել այդպիսի թեմաներ, որոնցում հեշտ կլինի խաղալ մարդկանց վախերի վրա». Լարա Ահարոնյան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը

– Տիկի՛ն Ահարոնյան, վերջերս դուք ներկայացրել էինք վիճակագրություն, ըստ որի՝ անծանոթ չափահասների կողմից երեխաների սեռական բռնությունը կազմել է 22 տոկոս, իսկ ծանոթ չափահասների կողմից՝ 78 տոկոս։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, արդյոք ունե՞նք համեմատություն հարևան երկրների հետ։ Ի՞նչ դինամիկա ենք արձանագրում։

– Սա, իհարկե, մտահոգիչ ցուցանիշ է, և դրա մասին շատ ենք խոսել։ Դեռ ամռանը մենք հրատարակեցինք «Իմ մարմինն անձնական է» գրքույկը՝ կանխելու երեխաների մոտ այդ խնդիրը, ծնողներին ավելի իրազեկելու, թե ինչպես կարող են իրենց երեխաների հետ խոսել մարմնի անձեռնմխելիության մասին։ Դրա շուրջ մեծ հիստերիա առաջացավ, շատ ուղղորդված ու քաղաքական, ինչն անտեղի էր։ 

Դա ունեցավ թե՛ լավ, թե՛ վատ արդյունք։ Լավն այն էր, որ շատ մարդիկ տեղեկացան և սկսեցին վերցնել մեր մոտից այդ գրքույկները, որ կարդան, ծանոթանան, և իրազեկումն ավելի ուժեղ եղավ։ 

Բայց նաև բացասական ազդեցությունը կա, որ մարդիկ քարկոծում էին, փորձում էին մանիպուլացնել, և շատերի մեջ վախ առաջացավ, որ դա հատուկ է արված, ուրիշ նպատակներ ունի։

Իհարկե այս թվերը մտահոգիչ են։ Ես կարող եմ համեմատել հարևան Վրաստանի հետ և ասել, որ այնտեղ բավական խորացել են այս թեմայի մեջ, պետական մասշտաբով հետազոտություն ունեն սեռական ոտնձգությունների մասին և աշխատում են շատ ավելի խոր փոփոխությունների վրա։ 

– Ինչո՞վ եք բացատրում ագրեսիան այդ գրքույկի նկատմամբ, որի թիրախում նաև դուք հայտնվեցիք։ Դա կապված է հասարակության քիչ իրազեկությա՞ն, կրթական ցենզի՞ հետ։

– Դա կոնկրետ մի խմբի կողմից էր արվել, ուղղորդված, քաղաքական նպատակներով, որովհետև հեղափոխությունից հետո շատ ակնհայտ սկսվեց այդ պայքարը սոցիալական մեդիաներում։ 

Մենք ունեցանք հեղափոխություն, և անցյալի ռեժիմից շատ մարդիկ հայտնվեցին վատ վիճակում։ Նրանք փորձում են խնդիրներ ստեղծել հասարակության մեջ, և նրանց նպատակը քաղաքական է, որ այս նոր կառավարությանը թիրախավորեն տարբեր հարթակներում։

Փորձում են գտնել այդպիսի թեմաներ, որոնցում հեշտ կլինի խաղալ մարդկանց վախերի վրա։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որ զբաղվում են կանանց դեմ բռնության, սեռականության հետ կապված խնդիրներով, շատ ավելի հեշտ թիրախ են։ Նրանք մեր միջոցով փորձում են նաև թիրախավորել նոր կառավարությանը, փորձում են մեզ իրենց հետ կապի մեջ դնել։ 

Այդ նույն խումբը կառավարության վրա է հարձակվում տարբեր թեմաներով, և այդ ամենը շատ փոխկապակցված է։ Քանի որ սեռականությունը զգայուն թեմա է, և քանի որ այսքան տարի իրազեկում չի եղել այս թեմայով, վախերը շատ են, մտահոգությունները շատ են, և շատ հեշտ է հասարակության մեջ արագ ճգնաժամ ստեղծել։ Դրա համար իրենք այդ մեթոդն ընտրեցին։

– Ձեր կարծիքով՝ մենք որքանո՞վ այսպես ասած «սուրբ» ընտանիքներ ունենք։ Արդյոք այստեղ չկա նաև ընտանիքներում առկա արժեհամակարգի խնդիրը։ 

– Խնդիրն այն է, որ մենք շատ անգամ ասում ենք, որ ընտանիքը կարևոր արժեք է, բայց երբ մոտիկից շփվում ես իրականության հետ, աշխատում ես տարբեր ընտանիքների հետ, տեսնում ես, որ բազմաթիվ խնդիրներ կան հենց ընտանիքների հետ կապված։ Եթե իրոք քեզ համար արժեք է ընտանիքը, պետք է ամեն ինչ անես, որ առողջանան ընտանիքում առկա հարաբերությունները։ 

Տեսնես ընտանիքում առկա բռնությունը, որ կործանում է այդ ընտանիքը, որովհետև քայքայում է ներսից և շատ անգամ պարտադրում է, որ լռենք, ձևական գեղեցիկ պատկեր տանք ընտանիքի մասին։ Մենք չենք հավատում այդ ձևական պատկերին, մենք ուզում ենք, որ իրոք առողջ լինեն հարաբերություններն ընտանիքում և դրանից դուրս, դրա համար էլ այս հարցերը բարձրացնում ենք։ 

Բայց շատ ցավոտ է ընկալվում շատերի կողմից, որոնք գերադասում են այդ ամենի մասին չխոսել, թաքցնել։ Ասենք՝ սեռական բռնություն է լինում 14 տարեկան երեխայի հանդեպ, և ամեն ինչ անում են, որ դրա մասին չխոսվի, ամոթի գործոնն են առաջ մղում։ Եվ այդ հարվածներն ընկնում են կանանց և աղջիկների վրա։ Հետևանքը լինում է այն, որ դա տանում է ավելի անառողջ հասարակություն։ 

Մեր նպատակն է՝ իրազեկել մարդկանց, խոսել խնդիրների մասին, մարդիկ ավելի իրազեկված լինեն, թե ինչպիսին պետք է լինեն առողջ հարաբերությունները, որ բոլորն էլ հավասարապես պաշտպանված զգան թե՛ ընտանիքում, թե՛ ընտանիքից դուրս։ Դա կարող է բերել միայն առողջ հասարակության։

-Դինամիկան ի՞նչ է ցույց տալիս. հիմա ավելի բա՞ց հասարակություն ունենք, քանի որ բռնության ենթարկված շատ մարդիկ սկսել են խոսել։ 

– Մենք այս գործընթացում առաջին քայլերն ենք անում։ Շատ լավ է, որ բարձրաձայնվում է այս ամենի մասին։ Նաև նորմալ է, որ բացասական արձագանքներ կան, որովհետև մարդիկ իհարկե ընդվզում են, շատ անգամ չեն ուզում ընդունել, որ կարող է իրենց հասարակության մեջ, իրենց ընտանիքներում նման բան լինել, հատկապես որ երկար ժամանակ հավատացել են, որ հայերը շատ կնամեծար են, երեխաներին սիրում, պաշտպանում են։ Ու երբ տեսնում են իրականությունը, դա իրոք շոկ է առաջացնում։ 

Բայց դա առաջին քայլն է, որ ավելի բաց դառնանք։ Մենք արդեն խոսում ենք տարբեր հարթակներում։ Վերջերս նաև, երբ կանայք սկսեցին պատմել իրենց անձնական պատմությունները, դա ցույց տվեց, որ մի բան կոտրվում է։ Խոսելն առաջին քայլն է, որ փորձենք խնդիրներին լուծումներ գտնել, առողջանալ որպես հասարակություն, պաշտպանված լինել և պաշտպանել մեր երեխաներին։ 

– Կարելի՞ է փաստել, որ այս առումով Վրաստանը մի քայլ առաջ է։

– Այնտեղ մի քիչ ավելի շուտ սկսվեց։ Տարբերությունը շատ մեծ չէ, պարզապես այնտեղ պետական մասշտաբով փորձում են ավելի արագ գործել։ 

– Ստամբուլյան կոնվենցիան որքանո՞վ կարող է պաշտպանել կանանց իրավունքները` հաշվի առնելով, որ շատերը նշում են, որ ընտանիքում բռնության մասին օրենք մենք արդեն ունենք և կարիք չկա մի հատ էլ կոնվենցիա ընդունել։

– Մենք շատ պայքարեցինք այդ օրենքն ունենալու համար, և, ցավոք, նախորդ ռեժիմի ժամանակ այնպիսի օրենք ընդունվեց, որ չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին, և անգամ շատ դեպքերում կարող է ավելի վտանգել կանանց կյանքը։ 

Մենք տեսնում ենք, որ նույնը շարունակվում է, տարեկան մոտ 10 կին մահանում է ընտանիքում բռնության հետևանքով։ Այդ կանանց մեծ մասը գոնե մեկ անգամ գնացել դիմել է ոստիկանություն, և դրանից հետո է հիմնականում դա պատահում։ Այդ օրենքը շատ վատ ձևով մշակվեց և ընդունելի ձևով չեղավ։ 

Այն շատ թերի կողմեր ունի, և ոստիկանությունն այդ օրենքի հիման վրա շատ անգամ միայն նախազգուշացումն է օգտագործում, ինչն ավելի վտանգավոր է որպես պաշտպանության ձև։ Ընտանեկան բռնության սուր դեպքերի պարագայում նախազգուշացումը չպետք է լինի։ Ոստիկանությունը նաև չի կարողանում ռիսկերը ճիշտ գնահատել, դրա համար նաև շատ հետևանքներ են լինում։ 

Կարիք կա փոփոխելու այդ օրենքը։ Դա քննարկվել է նախարարությունում, և մեծ մասը համաձայն էր դրա հետ։ Ստամբուլյան կոնվենցիան մոդել է, և եթե ընդունվի, կօգնի, որ ընտանեկան բռնության, սեռական բռնության վերաբերյալ մեր օրենքները ընդունված չափորոշիչներից ելնեն, կանանց և աղջիկների պաշտպանությանն ուղղված ավելի լավ մեխանիզմներ մշակվեն։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am