Գերմանիան մտադիր Է COVID-19-ի սահմանափակումները երկարաձգել մինչեւ մարտի 14-ը

Կորոնավիրուսի պատճառով սահմանափակիչ միջոցառումները կարող են երկարաձգվել մինչեւ մարտի 14-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bild տաբլոիդը՝ վկայակոչելով տարածաշրջանների ղեկավարների հետ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ փետրվարի 10-ի հանդիպումների փաստաթղթի նախագիծը: Ավելի վաղ տաբլոիդը հաղորդել Էր, որ Մերկելը ցանկանում Է Գերմանիայում լոքդաունը երկարացնել մինչեւ մարտի 1-ը:

Դրա հետ մեկտեղ, տաբլոիդի տեղեկատվությամբ, Մերկելը, ԳԴՀ-ի փոխկանցլեր Օլաֆ Շոլցը, Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը եւ Բեռլինի բուրգոմիստր (քաղաքագլուխ) Միխայել Մյուլլերը ցանկանում են վարսավիրանոցները բացել արդեն մարտի 1-ից: Նաեւ հանդիպմանը կքննարկվի մանկապարտեզների եւ դպրոցների բացումը: Ավելի վաղ ԳԴՀ-ի իշխանությունները երկրում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակիչ միջոցառումները երկարաձգել Էին մինչեւ փետրվարի 14-ը: Գերմանիայում համազգային սահմանափակ լոքդաունը սահմանվել Էր անցյալ տարվա նոյեմբերի 2-ին:

Ներկայում փակ են բոլոր հաստատությունները, բացի մթերային խանութներից, ոչ մեծ տնտեսական խանութներից, դեղատներից, օպտիկաներից, բանկերից, թերթի կրպակներից, փոստային բաժանմունքներից, զոոխանութներից, բուժհաստատություններից: Դպրոցականներն անցել են հեռավար ուսուցման: Հասարակական տրանսպորտում եւ խանութներում ձեռքով պատրաստված դիմակների կրումն արգելված Է: Համավարակի տարածման տեսակետից վտանգավոր տարածաշրջաններից Գերմանիա ժամանելիս մարդիկ պարտավոր են COVID-19-ի կրկնակի թեստ հանձնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: