«Գլխավոր պատճառը, թե ինչու է ԵՄ-ն այսքան աջակցություն ցուցաբերում, Հայաստանում անցկացված բավական հաջող ընտրություններն են». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը

-Պարո՛ն Գրիգորյան, ԵՄ-ն առաջնահերթ հատուկ ծրագրերի իրականացման համար ավելացրել է Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալը՝ հասցնելով 2,6 մլրդ եվրոյի: Ի՞նչ ուղերձ է այս քայլով ԵՄ-ն ուղղում Հայաստանին, արդյոք Հայաստանը չպե՞տք է փորձի ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի սերտացնել։

-Նախ ուզում եմ ասել, որ մենք միշտ էլ աշխատել ենք ԵՄ-ի հետ, և միշտ էլ ԵՄ-ն Հայաստանին աջակցել է։ Այստեղ որևէ նոր և առանձնահատուկ բան չպետք է տեսնել։ Մեկ փաստ արձանագրեմ. մինչև 2020-ը 25 տարվա մեջ ԵՄ-ն Հայաստանին առնվազն 1,5 միլիարդ աջակցություն է ցուցաբերել, ծրագրեր է իրականացրել։

Բացի այդ, COVID-ի հետ կապված վերջին մեկ տարվա մեջ աջակցությունը 100 մլն եվրո էր։ Տարբեր ծրագրերի շրջանակներում՝ երկկողմ, բազմակողմ, մենք միշտ ԵՄ-ից աջակցություն ենք ստանում, բայց այս վերջինն աննախադեպ մեծ է, փաթեթը կազմում է 2,6 մլրդ։

Ինչո՞ւ, որովհետև ԵՄ-ն հասկանում է, որ Հայաստանը բավականին ծանր վիճակի մեջ է COVID-ից, պատերազմից հետո, բայց գլխավոր պատճառը, թե ինչու է այսքան աջակցություն ցուցաբերում, Հայաստանում անցկացված բավական հաջող ընտրություններն են։

Նրանց համար շատ կարևոր է, որ պետությունը շարունակում է գնալ դեպի ժողովրդավարություն։ ԵՄ-ն ուզում է Հայաստանին և հայ ժողովրդին աջակցել՝ հասկանալով, որ ծանր սոցիալական վիճակ է, պատերազմից հետո ծանր հոգեբանական վիճակ է, կան բազմաթիվ խնդիրներ։ Եվ այս մեծ փաթեթի աջակցությունը պայմանավորված է նրանով, որ մեր հասարակությունը պայքարում է ժողովրդավարության համար, ինչը ԵՄ-ի համար շատ կարևոր է։

Ուզում եմ շեշտել, որ սխալ է հիմա այս աջակցության մեջ աշխարհաքաղաքականություն փնտրել։ ԵՄ-ն երբեք զորք չունի և չի ունենա, ռազմական ոլորտում երբեք չի համագործակցել և ոչ էլ կհամագործակցի, ԵՄ-ն տնտեսական, սոցիալական դաշտում բարեփոխումներին աջակցող է։ Շատ լուրջ բարեփոխումներ են Երևանում կանաչ քաղաքի գաղափարը առաջ տանելը, փոքր բիզնեսին ուղղակի աջակցություն, և հիմա մեզ պետք է կառավարության հետ միասին այս ծրագրերն իրականացնել։

Այսօր կառավարությունն էլ պետք է օգտվի այս գումարներից՝ իրականացնելու այն ծրագրերը, որ այսպես թե այնպես ուզում էր իրականացնել, սակայն հնարավորություն չուներ։

Ի վերջո, կառավարությունը COVID-ի ժամանակ փոքր և միջին բիզնեսին գումարներ է հատկացրել, և հիմա նույն այդ ծրագրերի շրջանակներում ԵՄ-ն պատրաստ է աջակցելու, և դա պետք է շարունակել զարգացնել։ ԵՄ-ն ոչ միայն մեզ է աջակցում, այլ նաև աջակցում է Վրաստանին՝ համարելով, որ այնտեղ էլ կան ժողովրդավարության ինստիտուտներ։

Ըստ էության, ԵՄ-ն նախքան այդ գումարները տրամադրելը կատարել է նաև ռիսկերի գնահատո՞ւմ։ Օրինակ՝ Ուկրաինայի դեպքում շատ ավելի քիչ գումար է տրամադրելու, քան Հայաստանին։

Կարծում եմ՝ նրանք համարում են, որ ավելի անհրաժեշտ է աջակցել Հայաստանին, ավելի տեսանելի են ժողովրդավարական զարգացումները, և ակնհայտ է, որ Եվրոպայում Հայաստանին կողմնակից պետություններ կան, որոնք լոբբիստական աշխատանքներ են իրականացնում։ Հատկապես այս պատերազմից հետո, նրանք, այո՛, համարում են, որ Հայաստանին պետք է աջակցել։

-Այսինքն՝ Սյունիքին տրամադրվող աջակցությունն էլ պայմանավորված է պատերազմի հետևանքներո՞վ։

– Այո՛, պատահական չէ Սյունիքին աջակցությունը, և միայն Հյուսիս-հարավ ծրագրի համար չէ, որ 600 մլրդ են տալիս, այստեղ նրանք նաև առանձին տողով 80 մլն են տրամադրում Սյունիքում տեղական ինքնակառավարման ինստիտուտների ուժեղացման համար։

Նրանք տեսնում են, որ պատերազմից հետո Սյունիքը ծանր վիճակում է, սահմանային անվտանգային հարցեր կան, և պարզ է, որ այսօր ամենախոցելի տեղը Սյունիքն է։

Հյուսիս-հարավ ծրագիրը վաղուց պետք է ավարտած լինեին, և պատահական չէ, որ հիմա գումար են տալիս այն ավարտին հասցնելու համար, որովհետև այն դանդաղ է ընթանում, և այս ծրագիրը կարևոր է նաև տարածաշրջանային երկրների՝ Իրանի, Վրաստանի համար։

Շատ պրագմատիկ մոտեցում է։ Օրինակ՝ Երևանին աջակցում է, որ ավելի մաքուր լինի, որ կանաչ էներգետիկայի անցնենք, որ ավտոբուսներն աշխատեն ոչ միայն վառելիքով, այլև էլեկտրականությամբ։ Շատ անտրամաբանական կլիներ Երևանին այլ ոլորտներում աջակցել, այսինքն՝ շատ գրագետ, մտածված աջակցություն է։

-Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ այս 2,6 մլրդ աջակցությունը պայմանավորված է իրենց վարած քաղաքականությամբ։ Արդյոք սա Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությա՞ն արդյունքն է, երբ աստիճանաբար ավելի է խորացվում Ռուսաստանից կախվածությունը։

-Ակնհայտ է՝ ԵՄ-ն չէր կարող որոշում ընդունել և ծրագիր հայտարարել՝ առանց Հայաստանի կառավարության հետ աշխատելու: Պարզ է, որ այստեղ մեր կառավարության ջանքերը միանշանակ կան։ Համաձայն եմ այդ պնդումներին, որ մեր կառավարության ջանքերը կան։

Եվ որքան մենք ԵՄ-ի հետ սկսենք այս ծրագրերն արագ կյանքի կոչել, այնքան շուտ տասնյակ հազարավոր աշխատատեղեր կբացվեն։

Պատկերացրեք՝ 2-3 ամիս անց ծրագրերի մեծ մասը սկսի իրականացվել, օրինակ՝ հարավային մասում սկսվում է Հյուսիս-հարավ ծրագրի շինարարությունը, որին հազարավոր շինարարներ և հարյուրավոր ինժեներներ պետք է ներգրավես, և տասնյակ ընկերություններ կարող են օժանդակ աշխատանք կատարել։ Եվ արդեն իսկ ծրագրի իրականացման առաջին փուլում մեր քաղաքացիները իրենց մաշկի վրա դա կզգան։

Մանե Հարությունյան

MediaLab.am