«Նոր՝ կայծակնային պատերազմի հավանականությունը բավականին մեծ է, ու այս պատերազմում Հայաստանը որևէ դաշնակից չի ունենալու». Լիլիթ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը

– Տիկի՛ն Գևորգյան, Արևմուտքը կարծեք թե կրկին ակտիվանում է Հարավային Կովկասում: Ի՞նչկարող է տալ այդ ակտիվությունը Հայաստանին:

– Արևմուտքի ներգրավվածությունը պայմանավորված է երկու հանգամանքով. այն մեծանում է, երբ կոնֆլիկտային սրացումներ են լինում։ Երկրորդ հանգամանքը պայմանավորված է Արևմուտքի նկատմամբ տարածաշրջանի երեք երկրի քաղաքականությամբ։ Այսինքն՝ եթե այդ երկրներն ավելի լավ են աշխատում, ավելի կոնստրուկտիվ են աշխատում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, բնականաբար, նրանց հետաքրքրությունը մեծանում է:

Հիմա տարածաշրջանում իրավիճակը էլ ավելի է սրվում։ Հայաստանի շուրջ վիճակը բավականին լրջանում է, ու նոր՝ կայծակնային պատերազմի հավանականությունը մեծ է, Արցախի շրջափակումն ընդամենը այս վտանգավոր իրավիճակի մի մասն է։ Ի պատասխան տեսնում ենք արևմտյան երկրների որոշ ակտիվություն։ Բայց ես չէի ասի, թե Արևմուտքը շատ է ակտիվացել տարածաշրջանում։

Սա ունի մի քանի պատճառներ։ Նախ՝ Վրաստանի իշխանությունները բավականին խնդրահարույց են այս պահին, այն առումով, որ անգամ ձախողեցին ուկրաինական հակամարտության ֆոնին ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը: Ադրբեջանն ունի իր օրակարգն ու մոտեցումը, հիմնականում աշխատում է ԵՄ-ի հետ, այն էլ՝ որոշ երկրների, ԱՄՆ-ի հետ առայժմ ավելի շատ Իրանի կոնտեքստում են փորձում իրենց ստրատեգիական արժեքը բարձրացնել:

Իսկ Հայաստանն այդպես էլ չձևակերպեց իր օրակարգը։ Հայաստանը պարզապես ժամանակ առ ժամանակ խնդրում է, որ Ադրբեջանի հերթական ագրեսիվ քայլերին ի պատասխան որոշակի հայտարարություններ արվեն, բայց չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը, չնայած ռուսների հասցեին հնչեցվող դժգոհություններին։ Այսինքն՝ լուրջ ու բովանդակային հարաբերություն Հայաստանը չի էլ ցանկանում ձևավորել։

Ի դեպ, սա դեռ 90-ականների սկզբին Տեր-Պետրոսյանի և իր թիմի ձևավորած քաղաքականությունն է, որը հավատարմորեն շարունակել են մյուս բոլոր ղեկավարները։ Մեծ հաշվով չի եղել և չկա Արևմուտք-Հայաստան օրակարգ:

Արդյունքում՝ չնայած բազմաթիվ հանդիպումներին, Հայաստանի և Արցախի վիճակն է՛լ ավելի է ծանրանում։ Հայաստանը միայն սահմանափակվում է Արցախի հարցը հումանիտար մակարդակում պահելով, իսկ Հայաստանի անվտանգության հարցում օգտագործում է միջազգային իրավունքի ընձեռած ամենատարրական հնարավորությունները և այս դաշտում է խոսում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, այլ ոչ թե լուրջ գործընկերական դաշտում։ Արդյունքում՝ այն ստանում է նվազագույնը Արևմուտքից։

– Ձեր նշած կայծակնային պատերազմը ի՞նչ հարցեր լուծելու համար է սանձազերծվելու:

– Ադրբեջանն ունի պատմական հնարավորություն փակելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի հարցը։ Ի տարբերություն Երևանի, Բաքուն Արցախի հարցը միշտ դիտել է իբրև ավելի մեծ հայկական հարցի մի մաս։ Բաքուն լուծում է Նախիջևանի հետ իր կապի, Նախիջևանն իր հսկողության տակ կոնսոլիդացնելու, տարածաշրջանում լուրջ խաղացող դառնալու խնդիրը։

Ադրբեջանի ծրագրերում Հայաստանը պետք է այնքան թուլացվի, որ երբևէ խնդիր չառաջացնի Բաքվի համար։ Այստեղ նրանք կարող են թե՛ ռուսների և թե՛ թուրքերի հետ համատեղ աշխատել՝ հատկապես բավարարելով ռուսների հիմնական գերխնդիրը՝ ապահովագրել ռուսական ռազմական ներկայությունը և լիակատար հսկողությունը Հայաստանում և Մոսկվայի մասնակցությունը բոլոր տարածաշրջանային խոշոր տնտեսական, ճանապարհային և իհարկե քաղաքական ծրագրերում՝ Բաքվի և Անկարայի, նաև որոշ դեպքերում՝ Թեհրանի հետ միասին։ Նրանց բոլորին նաև միավորում է Արևմուտքի քաղաքական ներկայությունը տարածաշրջանում նվազեցնելու նպատակը։

Ադրբեջանը, ըստ էության, հակաարևմտյան երկիր է ու այս առումով Ռուսաստանի գաղափարախոսությանը մոտ է: Ադրբեջանը հետաքրքրված է անկախ թուրքական բլոկի ստեղծմամբ, որը կխաղա Ռուսաստանի և Արևմուտքի արանքում։ Պատահական չէ, որ հենց Ալիևն է հղացել 3+3 ֆորմատը, որ ամեն կերպ Ռուսաստանն առաջ է տանում։ Սա հակաարևմտյան ծրագիր է, որն ուղղակիորեն դեմ է Հայաստանի և Արցախի շահերին։

Ինչ վերաբերում է Հայաստանին և հայերին, ապա Բաքվի համար, դատելով պետական հայտարարություններից, ընդունելի տարբերակը հետևյալն է․ հայկական ներկայություն իբրև էթնիկ համայնք, առանց որևէ քաղաքական ծրագրի կամ նկրտումների՝ սահմանափակված շատ ավելի փոքր աշխարհագրական տարածքում՝ ռուս-թուրքական համատեղ համագործակցության գոտի։

Նոր պատերազմը՝ ուղղված Վայոց ձոր-Սյունիք ուղղությամբ, կարող է ստեղծել նոր իրողություններ գետնի վրա։ Ինչպես ցույց է տալիս փորձը, Ադրբեջանը սկսում է տեղեկատվական արշավներով, հայկական կողմին տարատեսակ պահանջներ ներկայացնելով, ապա անցնում այն դիվանագիտական դաշտում նորմալացնելուն, օրինակ՝ Սյունիքի հարցում, և ապա ուժի գործադրմամբ իր հարցերը լուծում՝ պարտադրելով հայկական կողմին ընդունել նոր իրողությունը։

Չէ՞ որ Ադրբեջանը դա հաջողությամբ արեց Արցախում, Ռուսաստանի հետ միասին ձևակերպեց այդ նոր իրողությունը 2020 թվականի նոյեմբերյան հայտարարությունում, ապա այն վերածեց այսպես կոչված խաղաղության պայմանագրի և դրանք մատուցեց Հայաստանին՝ Մոսկվայի հավանությամբ։ Իսկ Հայաստանի իշխանությունները այս նոր տարածաշրջանային դասավորությունը կարծրացնող վտանգավոր փաստաթղթերը առանց տատանվելու վերցրեցին և լեգիտիմացրեցին թե՛ Մոսկվայում, թե արևմտյան մայրաքաղաքներում։

Քանի որ Բաքուն է այս կոնֆլիկտում օրակարգ ձևավորողը, ռուսների հետ միասին, ապա զարմանալի չէ, որ այն իրեն իրավունք է վերապահում խմբագրել նոյեմբերյան հայտարարությունը, մանավանդ որ ռուսներն առանձնապես դեմ չեն։ Մոսկվան ունի իր հստակ շահերը, մանավանդ հաշվի առնելով, թե ինչ կարևոր է նրանց համար Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունները, իսկ Բաքուն հստակորեն հանձնառու է, որ ռուսական շահերին չի վնասի։

Իսկ Հայաստանն այժմ բաց դաշտ է, ոչ մի լուրջ քայլ չի արվում ազգային օրակարգ ստեղծելու և դրա շուրջ համախմբվելու համար։ Հայաստանի քաղաքական դաշտը մասնատված է, չկա հստակ գիտակցում, թե ով է բարեկամ և ով՝ թշնամի։ Ադրբեջանը հայկական քաղաքական դաշտի մասնատվածությունը փորձում է կապիտալացնել, հասցնել այնպիսի հարված, որ Հայաստանն այլևս չկարողանա ոտքի կանգնել:

– Տիկի՛ն Գևորգյան, ձեր խոսքից հասկացա, որ ադրբեջանական հնարավոր հարձակումը Ռուսաստանը չի կանխելու, իսկ Արևմուտքի կամ միջազգային հանրություն կոչվածի հետ հույսեր կարելի՞ է կապել:

– Ներդաշնակ գործող միջազգային հանրություն այդ միֆական կերպարը դեռ 90-ականների սկզբից Տեր-Պետրոսյանն ու իր թիմն են շրջանառության մեջ դրել։ Այն հետո նաև օգտագործվել է Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Ն. Փաշինյանի կողմից: «Միասնական դիրքորոշում ունեցող միջազգային հանրություն» կամ «նավթագազային համաշխարհային լոբբի»՝ իրականության հետ կապ չունեն։ Դրանք տարբեր ժամանակների Հայաստանի իշխանությունները օգտագործել են իրենց ձախողումներն արդարացնելու համար: 

Նույն սխալն անում է նաև այսօրվա իշխանությունը, որը նախորդ իշխանությունների օրգանական շարունակությունն է։ Միջազգային հանրություն ասելով թերևս ՀՀ տարբեր իշխանություններ փորձում են Հայաստանի խնդիրները բերել միջազգային իրավունքի դաշտ և դրանք լուծել՝ այդ իրավունքը պահպանող և գործադրող միջազգային կազմակերպությունների միջոցով։

Մնալով Ռուսաստանի ռազմավարական գործընկեր՝ Հայաստանի իշխանությունները և նաև նրանց հետ սերտորեն համագործակցող փորձագետները կարծում են, թե գտել են լուծում։ Քանի որ Ռուսաստանը չի լուծում Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերը, ապա այն փորձել լուծել զուտ միջազգային իրավունքի սահմաններում և կուրորեն պնդել, թե աշխարհաքաղաքական գործոնները կարևոր չեն։ Հայաստանի ղեկավարները այսպիսով հույս ունեն, որ հնարավոր է Հայաստանը պաշտպանել ներխուժումներից ու ապագա պատերազմից, իսկ Արցախն էլ՝ էթնիկ զտումից: Կարծում եմ՝ սա շատ վտանգավոր ինքնախաբեություն է։ Ադրբեջանն էլ հասկանում է և օգտագործում է Հայաստանի սխալները։

– Այսինքն՝ հնարավոր այդ պատերազմում Հայաստանը դաշնակից չունի՞:

– Ո՛չ, այդ թվում նաև Իրանը դաշնակից չի լինելու մի շարք պատճառներով:

– Իսկ հույսերը, թե ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը կնպաստի իրավիճակի կայունացմանը, արդարացված չե՞ն:

– Ես չեմ կարծում, թե քաղաքացիական առաքելությամբ հնարավոր է կանխել լայնածավալ հարձակում, երբ աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակ ստեղծվի Ադրբեջանի համար: Համենայնդեպս, թե՛ Արցախը և թե՛ Հայաստանի հարավը լրջագույն վտանգի մեջ են և չունեն աշխարհաքաղաքական ուժ, որի արտաքին քաղաքական դոկտրինի մեջ այս խնդիրը կարևորություն ունենա։ Ահա սա՛ պետք է անեին Հայաստանի իշխանությունները գոնե վերջին պատերազմից հետո։

Իսկ ադրբեջանցիները, ինչպես տեսնում եք, բավականին մանրակրկիտ են ծրագրում ու ցիկլերով են աշխատում՝ այն համապատասխանեցնելով նաև ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ։ Վտանգը հատկապես մեծ է 2024-ին, երբ ԱՄՆ-ն արդեն նախագահական նախընտրական զարգացումների փուլ է մտնում, ավարտին է մոտենում ԵՄ մոնիթորինգի և ռուսական զորախմբի Արցախում գտնվելու մանդատը։

– Տիկի՛ն Գևորգյան, Հայաստանն ի՞նչ քաղաքականություն պետք է որդեգրի այս դեպքում, որովհետև ձեր խոսքից ստացվում է, որ այժմյան գործելաոճը որևէ երաշխիքներ՝ անվտանգային ու այլ բնույթի, Հայաստանի համար չի ստեղծում:

– Այդ քաղաքականությունը մեծ հաշվով ինքնախաբեություն է, կարճաժամկետ մանևրում՝ առանց ստրատեգիայի։ Հայաստանի ամբողջ քաղաքական դասը՝ թե՛ իշխանությունը և նրանց համախոհ կուսակցությունները, թե՛ պառլամենտական ընդդիմությունը, պետք է բաց աչքերով նայեն իրականությանը ու ընդունեն, որ հնարավոր չէ խուսափել աշխարհաքաղաքական փաստերից։

Հնարավոր չէ խուսափել փաստից, որ Ռուսաստանը մեկուսացվող պետություն է, որը լուրջ խնդիրներ է ունենալու ապագայում և ավելի է կախված լինելու Թուրքիայից և Ադրբեջանից, որ Սյունիքի ստրատեգիական նշանակությունը իբրև ռուս- ադրբեջանական տարանցիկ ճանապարհ կարևոր է ռուսների համար պատժամիջոցներին հարմարվելու և Թուրքիայի հետ հսկայական ծավալները բավարարելու համար՝ նաև շրջանցելով Վրաստանը։ Ռուսական շահերը առավել համատեղելի են ադրբեջանցիների հետ։

Պետք է ընդունել, որ Արևմուտքն ունի իր հստակ առաջնայնություններ, նախևառաջ՝ ուկրաինական կոնֆլիկտը։ Եթե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ապա ըստ այդմ կորոշվի Արևմուտքի արձագանքը։ Այն կլինի սահմանափակ։ Հայաստանի ներկայիս մարտավարությունը՝ խնդրել ԱՄՆ-ին և ԵՄ-ին լուծելու Արցախի հումանիտար հարցերը կամ պարտադրել միջազգային իրավունքի նորմերի կատարումը, չի կարող անվտանգության օղակ ստեղծել Հայաստանի շուրջ։

Հայաստանը պետք է հասկանա, այն ունի երկու գերխնդիր. առաջինը բանակի՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներով արագ ռեֆորմն է, որը միայն ու միայն հնարավոր է Հայաստանի ղեկավարի ցանկությամբ, և բանակի արդիական վերազինումը:

Երկրորդը՝ Հայաստանի էներգետիկ անկախությանն ուղղված քայլերը։ Ամբողջ մեխը այս երկու խնդիրների լուծումը Հայաստանին կդնի մասնավորապես ամերիկյան ստրատեգիական ծրագրերի մեջ։

Բայց ամենակարևոր հարցը Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումն է։ Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը հայտնվել է մի վիճակում, որ աշխարհաքաղաքական գորշ, չկողմնորոշված տարածք լինելը միայն մեծացնում է նոր պատերազմի և նոր տարածքային կորուստների վտանգը, այդ թվում նաև՝ Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր մասի՝ Արցախի հայաթափման ռիսկը։ Միայն ամրացող հայկական սուվերեն պետությունը կկարողանա լուծել այս խնդիրները։ Հայաստանը շատ ժամանակ չունի, այն պետք է սահմանի իր հստակ օրակարգն ու փոխի արտաքին քաղաքականության վեկտորը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am