«Դեկտեմբերին մարմինները գտան, մեր կյանքը միանգամից անիմաստ դարձավ». Հովհաննիսյաններին ապրեցնողը նոր Մեսրոպ ունենալու հույսն է

Տավուշի մարզ Գետահովիտ գյուղում ապրող Հովհաննիսյանները պատերազմում որդուն կորցնելուց հետո ապրում են այն հույսով, որ մի օր Մեսրոպը կվերածնվի։ 42-ամյա Մարինե Հովհաննիսյանն ասում է՝ այժմ բուժումների մեջ է և սպասում է այն օրվան, երբ իրենց կյանքը նորից կիմաստավորվի։

«Աշխատում ենք, որ փոքր Մեսրոպ ունենանք, մեր տանը նորից հույս ու լույս մտնի»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է Մարինեն, որը միակ որդուն կորցրել է 44-օրյա պատերազմում:

18-ամյա Մեսրոպ Հովհաննիսյանը ընդամենը երկու ամսվա զինծառայող էր, երբ պատերազմն սկսվել է։ Մեսրոպը թշնամու դեմ սկզբում մարտնչել է Ջրականում, այնուհետև տեղափոխվել Հադրութ, որտեղ էլ պատերազմի 16-օրդ օրը նռնակի պայթյունից ստացած բեկորային վնասվածքներից զոհվել է։

Մարինեն պատմում է, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 9-ին, որդին ընտանիքի անդամների մասին է հարցրել, իսկ իր համար ասել, թե կռվի դաշտից հեռու է, խրամատ է փորում․ «Բայց պարզվում է՝ իրանք մարտի դաշտում են էղել, սոված-ծարավ, մի քանի օր իրենց հաց չէր հասել»։

Շուրջ երկու ամիս որդուն փնտրելուց հետո դեկտեմբերի 21-ին Մեսրոպի և զինակից ընկերների մարմինները հայտնաբերվել են Հադրութում։

«Մենք տղաների ծնողներով Ղարաբաղ էինք գնացել, մի ամիս՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 17-ը, մնացել ենք էնտեղ, մինչև տղաների մարմինները գտնվել են: Ծնողներից ոմանք, որ տարածքին լավ ծանոթ էին, որոնողական խմբի հետ փնտրում էին, մենք էլ մյուս ծնողներով հյուրանոցում սպասում էինք։ Չորս տղաներ միասին էին զոհվել՝ տղաս, իր խաչքավորը և երկու սանիկները,- պատմում է Մարինեն ու շարունակում,- առջևից էդ չորս տղաներն են գնացել, թուրքերն են իրանց հանդիպել, մյուսները հասցրել են նահանջել»։

Մայրն ասում է՝ մինչև տղաների մարմինները կգտնվեին, մինչև վերջին վայրկյանն էլ հույսով սպասում էին, որ ողջ կլինեն, քանի որ լսել էին՝ անտառներում թաքնված զինվորներ կան։

«Դեկտեմբերի 21-ին տղաների մարմինները գտան, մեր կյանքը միանգամից դատարկվեց։ Մեր միակ տղային ենք կորցրել, մի աղջիկ էլ ունենք, ամուսնացած է, մենք հիմա ամուսիններով տատիկի հետ մենակ ենք մնացել։ Կյանքը մեզ համար դարձել ա անգույն, աննպատակ»,- ասում է ու հուզվում Մարինեն։

Մայրը պատմում է, որ պատերազմից առաջ վերջապես կարողացել էին տուն գնել, որդին ու ամուսինը միասին էին վերանորոգել, բայց Մեսրոպը հասցրեց այդ տանը ընդամենը չորս ամիս ապրել։ 

«Իրա պապայի հետ ամեն քարի վրա քրտինք ա թափել, պետք ա արդեն վայելեինք, նոր կյանք պիտի տենայինք մեր էրեխեքի հետ, բայց կիսատ մնաց․․․»,- ցավով ասում է Մարինեն։

Որդու մասին պատմելիս Մարինեն ասում է՝ Մեսրոպը աշխույժ էր, ուշադիր, նկատում էր գեղեցիկը և սիրում էր, որ շուրջբոլորը գեղեցիկ լիներ։

«Փոքրուց էդպիսին էր, հիշում եմ՝ նոր տարուն գնացել էր հարևանի տուն, Ձիու տարի էր, էկավ ասեց՝ էնքան սիրուն նալ էին սարքել սալաթով, դուք ինչի՞ չեք սարքում»։

Մորն էլ Մեսրոպը «թագուհիս, կյանքս» բառերով էր դիմում, մայրն ասում է՝ միշտ հիշում է որդու խոսքերը, չի մոռանում հատկապես իր 40-ամյակին տղայի ու աղջկա անակնկալը, երբ ծաղիկներով ու տորթով գիշերը ժամը 12-ին շնորհավորել են։ 

Մարինեն ասում է՝ ամեն վայրկյան Մեսրոպի հետ է խոսում, նայում նկարին, երազներում նրան է փնտրում, որ «կարոտս առնեմ․․․»

Մեսրոպ Հովհաննիսյանը հուղարկավորվել է ծննդավայրում՝ Գետահովիտի գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am