«Հիմա ամենաշատն ուզում եմ ախպորս մարմինը գտնենք, ու երկրում խաղաղություն լինի»․ Գաբրիելյանների ընտանիքը սպասում է

Արցախյան պատերազմը տակնուվրա է արել 23-ամա Մարինա Գաբրիելյանի և իր ընտանիքի կյանքը։ Պատերազմի հետևանքով Մարինան կորցրել է երկու եղբորը, տունն ավերված թողել է Ստեփանակերտում, պատերազմի օրերին մահացել է սկեսրայրը, սկեսուրն էլ հոգեկան ծանր ապրումների մեջ է։ Մարինայի խոսքով՝ ապագան անորոշ է թվում, ցավն ու վախն էլ հաղթահարել չի ստացվում։

«Եկանք Հայաստան, զանգեցին, ասին՝ երկու եղբորդ կորցրել ես, մեկը հոպարիս տղան էր, մյուսը՝ հալալ ախպերս։ Հոպարիս տղուն գտել ենք, բայց իմ ախպորից տեղեկություն չունենք, ամեն տեղ գնում ենք, փնտրում ենք, բայց չկա: Գիտենք, որ զոհվել ա, բայց դիակը չենք գտնում։

Չգիտեմ՝ ապագան ինչ կլինի, ոնց կլինի, հիմա ամենաշատն ուզում եմ ախպորս մարմինը գտնենք, ու երկրում խաղաղություն լինի, որ երեխեքը կռիվ չտեսնեն»,- հուզմունքով ասում է Մարինան։

Մարինան սկեսրոջ ու ամուսնու մորաքրոջ ընտանիքի հետ հոկտեմբերի 3-ին Արցախից տեղահանվել և տեղափոխվել է Հայաստան, երկու ընտանիքներով բնակվում են Արարատի մարզի Գետազատ գյուղում, գյուղապետարանի տրամադրված կառույցում: Ամուսինը ծառայության մեջ է՝ դիրքերում։

Մարինա Գաբրիելյանը՝ ընտանիքի հետ

Մարինան նշում է՝ պատերազմն ավարտվել է, բայց ցավն ու կսկիծը սրտերում են։ 

Ցավից զատ, նաև պատերազմի վախն ու սթրեսը չեն կարողանում հաղթահարել։

«Հիմա էլ վախը մեջներս ա։ Ուշքի չենք գալիս, ամեն թխկոցից վեր ենք թռնում, ասում՝ վերջ, կռիվը սկսվեց։ Սկեսուրս հատկապես շատ մեծ սթրես տարավ, նույնը մորաքույրը ընտանիքով հանդերձ, ամեն անգամ կռվից խոսելիս դողալով են խոսում, հենց իմացան՝ մի կրակոց ա եղել, վեր են թռնում, երկրաշարժն էլ իրա հերթին ազդեց»,- հուզմունքով ասում է նա:

Մարինան ասում է, որ նախքան պատերազմը կյանքը շատ լավ էր, անգամ չէին պատկերացնում, որ կարող է կռիվ սկսվել, և կյանքը միանգամից գլխիվայր շուռ կգա:

«Ես պատերազմի օրն առավոտյան արթնացա սկեսուրիս ձայնից, որ ասեց՝ վայ, մամա, կռիվը սկսել ա: Դուրս եկա տնից, տեսա՝ մարդիկ վախեցած տեղափոխվում են: Մի մոմենտ գլուխս բարձրացրի, անօդաչու սարքը գլխիս վրա էր։ Հետո գնացինք թաքստոց, որովհետև ամուսինս զանգեց, ասեց՝ էսօր քաղաքը սնարյադով խփելու են։

Սկեսուրիս մորաքույրը ու իր ընտանիքը Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղից են: Որ իմացանք՝ թուրքերը մտնում են իրենց գյուղ, արդեն թեժ պահն էր, ամուսինս գնաց-հանեց գյուղից, եկան մեզ մոտ։ Արդեն մեր տան վրա խփել էին, տան մեջ չէ, սնարյադը խփել էր, ասկոլկեքը տվել, տունն էր վնասվել։ Մենք բոլորով եկանք Հայաստան, մորաքրոջս տունն էլ մնաց ադրբեջանցիներին»,- ասում է Մարինա Գաբրիելյանը։

Նշում է, որ տնից դուրս գալիս հասցրել է միայն Աստվածաշունչը և հեռախոսը վերցնել:

«Շտապում էինք, կրակում էին, խառը վիճակ էր, չգիտեինք՝ ինչից սկսեինք, ինչը վերցնեինք ու տենց ափռ-ցփռ վեր կացանք, եկանք»,- պատմում է նա:

Ասում է՝ այժմ իր ու մորաքրոջ ընտանիքը տաք հագուստի, տաք կոշիկի և ֆինանսական աջակցության կարիք ունի:

«Ստեղ ցեխ ա, ձյուն ա, անձրև ա, չենք կարում դուրս ու ներս անենք, տաք կոշիկների ու շորերի կարիք ունենք։ Մեզ ալյուր տալիս են, բայց ստեղ էլ պայմաններ չկան, որ հաց թխենք, գումարի կարիք կա, որ անհրաժեշտ բաներ առնենք։ 

Շատ ենք, պետությունից ստացած գումարը չի բավարարում, ամեն օգնության համար էլ շնորհակալ կլինենք»,- ասում է Գաբրիելյանը։

Մարինան նշում է, որ այժմ դեռ սպասում են, մինչև հոգեպես պատրաստ կլինեն Արցախ վերադառնալու, ինչպես նաև ավերված տան վերանորոգման հարցերը կարողանան լուծել:

«Չգիտեմ՝ ինչքան ժամանակ ա անհրաժեշտ, որ դուրս գանք էս ամեն ինչի միջից, դեռ վերադառնալ չենք կարող, քանի որ տունը ավերված ա, վերանորոգման կարիք կա: Ամուսինս էլ չի հասցնում, դիրքեր ա գնում, հիմա էստեղ ենք։ Բայց չեմ էլ կարա էստեղ երկար մնամ, էստեղ տուն չունենք։ Ամուսնուս մորաքրոջ ընտանիքն էլ չգիտեմ՝ ոնց կլինի, իրենք իրենց տունը, ամեն ինչը կորցրեցին»,- նշում է Գաբրիելյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am