Օպուս 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի առցանց

Հեղինակ MediaLab

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ համերգաշրջանը՝ առցանց ձևաչափով:

Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին անցկացվող նախագիծը ներառում է ծավալուն մշակութային ծրագիր՝ համերգներ, տեսագրություններ, բանախոսություններ և հարցազրույցներ՝ հայ և օտարազգի արվեստագետների մասնակցությամբ:

Փառատոնի հատուկ հյուրն է Մյունխենի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Կլեմենս Շուլդտի ղեկավարությամբ: Նվագախմբի համերգը և փառատոնի մի շարք այլ միջոցառումներ նվիրված են Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին:

Փառատոնային հեռարձակումների շարքում, երաժշտությունից բացի, ընդգրկված են նաև արվեստի այլ ճյուղեր ներկայացնող թողարկումներ, ինչպես օրինակ՝ տեսարվեստ և փերֆորմանս, մեծ տեղ է հատկացվում նաև քանդակագործության և երաժշտության կապին:

Մասնավորապես, Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահի տարածքից հեռարձակվող հատուկ թողարկման ընթացքում ելույթ կունենա նկարչուհի Արև Պետրոսյանը, ներկայացնելով իր հոր՝ նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի դիլիջանյան ստեղծագործությունները:

Քանդակագործության թեմայով մեկ այլ հաղորդում նվիրված է երևանաբնակ արվեստագետ Մանվել Մաթևոսյանի «Նոտաներից այն կողմ» աշխատանքին, որը նույնպես ոգեշնչված է Բեթհովենի երաժշտությամբ և ստեղծված հատուկ «ՕՊՈՒՍ 5» նախագծի համար:

Այս մասնակիցներից բացի, փառատոնում ներգրավված են նաև մի շարք հայտնի երաժշտախմբեր և արվեստագետներ Հայաստանից և արտերկրից. Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը և դաշնակահար Մամիկոն Նահապետովը, կոմպոզիտոր Դմիտրի Մազուրովը և ժամանակակից երաժշտության GAM անսամբլը, դիրիժոր Նվարդ Անդրեասյանը, վիզուալ արտիստ Վոլֆգանգ Ալեքսանդր Թիլերը, երաժշտական պրոդյուսեր, Riverside Studio-ի հիմնադիր Ռալֆ Քեմփերը և այլոք: Նախագիծը կեզրափակվի Jazz weekend շարքով, որի ընթացքում ելույթներ կունենան Gregory Privat Trio և Yottagon ջազային խմբերը:

Փառատոնի կազմակերպիչը «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան է, հեռարձակումներին կարելի է հետևել օգոստոսի 10-ից սեպտեմբերի 27-ը, ամենշաբաթյա պարբերականությամբ, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում` www.artconcept.am, ինչպես նաև սոցիալական ցանցերում հետևելով կազմակերպության էջերին:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։