«Հանրապետական կուսակցության դեմքը շպարում են, որպեսզի ընտրություններին քիչ թե շատ ավելի գրավիչ տեսք ունենա». Աղասի Ենոքյան

«Հանրապետական կուսակցության դեմքը շպարում են, որպեսզի ընտրություններին քիչ թե շատ ավելի գրավիչ տեսք ունենա». Աղասի Ենոքյան
«Հանրապետական կուսակցության դեմքը շպարում են, որպեսզի ընտրություններին քիչ թե շատ ավելի գրավիչ տեսք ունենա». Աղասի Ենոքյան

Վերջին շրջանի զարգացումների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» ղեկավար Աղասի Ենոքյանի հետ:

-Պարոն Ենոքյան, մենք տեսանք, որ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց իր պաշտոնին, սա ի՞նչ է նշանակում արդյոք, փոփոխություն չպե՞տք է ակնկալել արտաքին քաղաքականությունում:

-Սա նշանակում է, որ ոչինչ չի փոխվելու: Եթե մենք համարենք, որ Հայաստանն այսօր ունի երկու կարևոր խնդիր՝ կառուցվածքային բարեփոխման համար, ինչի մասին խոսում են, ապա այդ երկու կարևոր խնդիրներից մեկն արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունն է, մյուսը՝ տնտեսությունը օլիգարխների մենաշնորհից վերցնելը: Մենք տեսնում ենք, որ օլիգարխների հետ կապված ոչինչ չի փոխվում, իսկ Նալբանդյանի վերանշանակումն էլ նշանակում է, որ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի:

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չփոխվեց արտաքին գործերի նախարարը: Նախքան նրա վերանշանակումը տեղեկություններ եղան, որ Ռուսաստանի միջամտությունն է եղել այդ գործում:

 -Եկեք ուրիշ գործոն էլ նայենք՝ եթե վարչապետին նշանակում են Մոսկվայից, նշանակում է, որ քաղաքականությունը չի կարող փոխվել:

-Ինչպե՞ս եք գնահատում պաշտպանության նախարարի փոփոխությունը: Ի՞նչ նպատակ է հետապնդում Սեյրան Օհանյանին պաշտոնանկ անելը:

-Բանակի փոփոխության անհրաժեշտությունն ակնհայտ էր: Մենք ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչ վիճակում էր մեր բանակը և կոռուպցիայի, և գործողությունների անհամաձայնության տեսանկյունից: Եվ, իհարկե, դրա անհրաժեշտությունն ակնհայտ էր: Ես կարծում եմ, որ չխոստովանելու համար, որ պարտություն ենք կրել կամ, չգիտեմ, պանիկա չտարածելու համար պարզապես ապրիլյան պատերազմից անմիջապես հետո չփոխվեց պաշտպանության նախարարը:

-Մենք ականատես եղանք, որ կառավարության կազմից հեռացվեցին առանցքային նախարարներ, որոնց անունները նաև կապված էին բիզնեսների ու կոռուպցիայի հետ, իր պաշտոնին հրաժեշտ տվեց նաև Սյունիքի սկանդալային մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը խոսում է համակարգային փոփոխությունների մասին: Ինչ-որ բա՞ն է փոխվել:

-Չէ, ոչինչ չի փոխվել: Պարզապես Հանրապետական կուսակցության դեմքը շպարում են, որպեսզի ընտրություններին քիչ թե շատ ավելի գրավիչ տեսք ունենա:

-Արդյոք չպե՞տք է սկանդալային պաշտոնյաների պաշտոնանկությունից հետո նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացվեր:

-Իհարկե, պետք է ծագի պատասխանատվության հարցը: Իսկ եթե այդ հարցը չի ծագում, ապա արդեն իսկ ցույց են տալիս, որ այս ամենն ուղղակի կոսմետիկ միջոցառումներ են:

-Իսկ ի՞նչ է պետք է անել իրականում՝ փոփոխություններ ունենալու համար:

-Առաջին հերթին պետք էր Երասիական տնտեսական միությունից դուրս գալ, պետք է դրվեր ռուսական ռազմաբազայի հարցը, պետք էր օլիգարխներից վերցնել մենաշնորհները, նրանց ստիպել, որ աշխատեն հավասար հարկային պայմաններում: Հարկային օրենսգրքով պետք էր հնարավորություն ստեղծել, որպեսզի փոքր բիզնեսը կարողանար աշխատել: Բայց Հարկային օրենսգիրքն ընդունվեց, մենք տեսնաք, որ փոքր բիզնեսի համար ավելի անբարենպաստ պայմաններ են: Այսինքն՝ իրական փոփոխություն չկա:

Էմմա Մանուկյան

MediaLab.am