«3+3»-ը չի կարող լինել տարածաշրջանի խաղաղության հիմնաքար. մեծ տարաձայնություններ կան մասնակիցների միջև. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Թեհրանում «3+3» ձևաչափով արտգործնախարարների մասնակցությամբ կայացավ երկրորդ հանդիպումը, համատեղ հայտարարություն ընդունվեց, ինչպե՞ս եք գնահատում այս: Ի սկզբանե դեմ եք եղել, որ Հայաստանը մասնակցի այս ձևաչափի հանդիպումներին, շարունակո՞ւմ եք մնալ այդ կարծիքին:

– Այո՛, շարունակում եմ մնալ այդ կարծիքին: Ինչ վերաբերում է ընդունված դեկլարացիային, շատ ուշադիր կարդացել եմ, կարծես թե վտանգավոր դրույթներ չկան, որոնք Հայաստանի վրա ինչ-որ պարտավորվածություններ են թողնում: Սա կարող ենք համարել որպես պլյուս: 

Ես կարող եմ ընդունելի համարել մեր մասնակցությունը այս ձևաչափին, եթե միայն մեր ղեկավարությունը դրան զուգահեռ համապատասխան աշխատանք տանի մեր արևմտյան գործընկերների հետ, այսինքն՝ շատ հստակ նրանց բացատրվի, որ այս ամենը մեծ հաշվով ունի դեկլարատիվ բնույթ և հիմնականում ուղղված է Իրանի հետ նորմալ հարաբերություններ պահպանելուն:

Այդ ձևաչափում, հաշվի առնելով, որ Վրաստանը բացակայում է, մենք այլ գործընկեր չունենք, չեմ ասում դաշնակից, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան մեր թշնամիներն են: Չգիտեմ, այս աշխատանքը տարվո՞ւմ է, թե՞ ոչ, բայց այն շատ կարևոր է, որ Արևմուտքում ճիշտ ընկալեն մեր մասնակցության մոտիվացիան «3+3»-ին, ու որ սա չընկալվի որպես այլընտրանք արևմտյան բանակցային հարթակին, որովհետև, ես որքան հասկացա, Արարատ Միրզոյանը հենց այդ դիրքորոշմամբ է Թեհրան գնացել: 

Շատ կարևոր է, որ այդ հարթակում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ընդհանրապես չարծարծվի, ու կարծես թե այդպես էլ եղել է, եթե մենք դատենք հանրայնացված օրակարգից ու հայտարարությունից: 

– Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ այս ձևաչափը կարող է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հիմնաքար լինել, համակարծի՞ք եք:

– Համակարծիք չեմ, մեծ հաշվով սա էլ է եղել դեկլարատիվ հայտարարություն, դե Իրանը ընդունող կողմն էր, պարտավոր էր նման հայտարարություն անել ու փորձել երկրի աշխարհաքաղաքական կապիտալիզացիան դրանով արդարացնել, լրիվ հասկանում եմ մոտիվացիան: 

Շատ մեծ տարաձայնություններ կան մասնակիցների միջև, ու իմ ամենամեծ վախը եղել է այն, որ այնտեղ կարող էին Հայաստանին ուղղակի ստիպել ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, որի շուրջ կոնսենսուս լինի այս բոլոր չորս երկրի միջև՝ կապված տարածաշրջանում կոմունիկացիաների վերաբացման հետ: Քանի որ կոնսենսուս չկա, Թեհրանը դա թույլ չտվեց, չի կարող լինել մնացյալը, ինչ ասում է Իրանի արտգործնախարարը:

– Պարո՛ն Ստեփանյան, քանի որ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատրաստ են օժանդակելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, հետաքրքիր է, առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ ուղղությամբ գործնական քայլեր կսկսվեն:

– Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե Ալիևը ստորագրի շրջանակային փաստաթուղթը: Ամեն ինչ կախված է Ալիևի համաձայնությունից, եթե նա համաձայնում է հարցը սկսել լուծել առանց արտատարածքային միջանցքային տրամաբանության, եթե համաձայնում է անկլավներից հրաժարվել, եթե հրաժարվում է իր նկրտումներից՝ վերահսկել Հայաստանի ռազմավարական կապուղիները, որոնք մեզ կապում են Իրանի ու Վրաստանի հետ, իսկ անկլավները հենց սրա մասին են, ապա ամեն ինչ էլ հնարավոր է: 

Նույնիսկ մինչև տարեվերջ է հնարավոր, որ ստորագրվի: Սա ցույց կտա Ալիևի գնալ կամ չգնալը Բրյուսել, փաստաթուղթը, որը կստորագրվի կամ չի ստորագրվի այնտեղ, որովհետև Ալիևի գնալը դեռ չի նշանակում, որ նա փաստաթուղթ կստորագրի: 

Սրանից հետո կերևա՝ որքանո՛վ է հնարավոր սկսել ու ավարտել սահմանազատումը, գիտեք, այն մեծ հաշվով, Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարիներով ձգվող պրոցես չէ, որովհետև ամեն ինչ պարզ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանը պետք է գծվի ԽՍՀՄ վարչատարածքային սահմանի հիման վրա՝ 75 թվականի քարտեզով: 

– Համաձա՞յն եք Լավրովի այն պնդմանը, որ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը, մեծ հաշվով, լուծված է:

– Հակամարտություն կա, ցավոք սրտի, ու դա լինելու է այնքան ժամանակ, մինչև Ալիևը չստորագրի խաղաղության պայմանագիրը, ու մինչև այդ պայմանագիրը չսկսի իրագործվել, ստորագրելն էլ է քիչ, այդ դեպքում՝ կարող եմ համաձայնել: Ռուսաստանը մեկ դեպքում է շահագրգիռ, որ կոնֆլիկտ չլինի, եթե ստանա այն, ինչ ուզում է, իսկ ինքն ուզում է ամբողջ տարածաշրջանում կոմունիկացիաների վերահսկում, միայն Սյունիքը չէ: 

Պուտինը խաղադրույքը փոխել է, եթե ժամանակին հիմնական խաղադրույքը ռազմական ուժն էր, որով նա բոլորին ուզում էր պահել ոտքի տակ, 44-օրյայից հետո նա, մեծ հաշվով, փոխեց ռազմավարությունը՝ անցնելով աշխարհատնտեսական գործոնի, որի գլխավոր մասը կապուղիներն են: Փորձում է վերահսկողություն հաստատել բոլոր կոմունիկացիաների վրա ու դրանով վերջնականապես ամրապնդել իր ներկայությունը Հարավային Կովկասում: Սա է ռուսական կողմի քաղաքականությունը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am