Կրթական քաղաքացիական նախաձեռնության հայտարաությունը

Կրթական քաղաքացիական նախաձեռնության հայտարաությունը
Կրթական քաղաքացիական նախաձեռնության հայտարաությունը

2019թ. Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի և դպրության օրը, կիրակի օր էր:

ԿԳՄՍ  նախարարությունը   հայտարարեց, որ թեպետ դասապրոցես չի լինելու, սակայն հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը ակնկալում էր, որ հայտարարված կրթական բարեփոխումների փուլում իրապես կկարևորվեր կրթական միջավայրի իրավաչափության սկզբունքայնությունը, գիտելիքն ու դպրությունը կարժևորվեին ուսումնական տարվա առաջին աշխատանքային օրը՝ սեպտեմբերի 2-ին՝ ամենևին չազդելով սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի և դպրության օր տոնելու գաղափարի վրա:

Միաժամանակ, ակնկալվում էր, որ այնուամենայնիվ, տոնական միջոցառումների կազմակերպման առաջադրանքներում կրթական քաղաքականություն մշակող պետական մարմինը ներառել է այդ միջոցառումներում երեխայակենտրոնության, խտրական մոտեցումների բացակայության, երեխաների և մանկավարժների համար տոնը նշելու պահանջներ: Այս մոտեցումը միգուցե որևէ նոր իմաստ կհաղորդեր դեռևս խորհրդային տարիներից սկզբնավորված սեպտեմբերի 1-ի ցուցադրական միջոցառումներին և որևէ կերպ կհիմնավորեր ոչ աշխատանքային օրը հանրապետության բոլոր դպրոցների առնվազն տնօրեններին և ուսուցիչներին աշխատանքի կանչելու մտադրությունը:

Սակայն, հերթական անգամ ականատես եղանք ոչ թե երեխաների համար, այլ երեխաների միջոցով վերադասներին, հյուրերին դիմավորելու կամ ցուցադրական միջոցառումների իրականացման, որոնք որևէ կերպ չեն առնչվում սովորողների կրթական կարիքներին և առավել ևս երեխաների՝ տոնից ակնկալիքներին:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը լիահույս է, որ ԿԳՄՍ նախարարությունը սահմանելով սեպտեմբերի 1-ի կիրակին դպրոցներում միջոցառումներ անցկացնելու օր, նախատեսել է լրացուցիչ և բավարար ֆինանսական միջոցներ սեպտեմբերի 1-ին՝ ոչ աշխատանքային օրը մանկավարժների աշխատանքը սահմանված կարգով փոխհատուցելու համար, ինչը լիովին տեղավորվում է Նոր Հայաստանի իրավական և ժողովրդավարական կրթակարգ կառուցելու հանրահռչակած ձևակերպումներում:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը ողջունում է ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը՝ հանրակրթության միջավայրը ազատականացնելու, երեխայի իրական կրթական շահը շեշտադրելու մտադրությունները, հատկապես առանձնացնելով դպրոցական հագուստը բացառապես աշակերտի ծնողների և աշակերտի ընտրությամբ պայմանավորելը:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը կարևոր է համարում սովորողների առողջության և դրա հետ կապված դպրոցական պայուսակների կշիռը խնդրականացնելը:

Սովորողի տարիքին համապատասխան սանիտարահիգիենիկ պահանջները, առողջությանն ուղղված միջոցառումները ենթադրում են ամբողջականություն, և բացի դասագրքերի կշիռներից ենթադրում են՝

. առհասարակ դպրոցական պայուսակի քաշի և պարունակության վերանայում, որն ձևավորվում է դասագրքերին կից կամավոր-պարտադիր ուսումնական ձեռնարկների, օժանդակ նյութերի առկայությունից (48-96 թերթանոց տետրեր)

. սովորողների տարիքի և զարգացման համար անհրաժեշտ սննդի ապահովում,

. դասաժամերի և դադարների համակշռված բաշխում,

. այլ հարցադրումներ, որոնք կրթական բարեփոխումներով դեռևս չեն թիրախավորվում:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը ակնկալում է ԿԳՄՍ նախարարության հրապարակային անդրադարձը նշված խնդիրներին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնում քննարկումները շարունակելու և արդյունավետ լուծումներ մշակելու ուղղությամբ