Ե՛վ փոխհատուցման, և՛ տրանսպորտի թանկացումը մեկ ամսով հետաձգելու որոշումը Մարության-Ավինյան դեբատի արդյունքն է. Ավագանու անդամ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը

– «Վերջերս մեր՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ես ինքս այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են տոմսերը ինձ համար ձեռք բերվել։ Եվ, անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից …Ես ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն։ Կանխելով հետագա հարցերը, թե ի՞նչ գումարներով եմ փոխհատուցելու՝ կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել». սա մեջբերում է քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքից։ Տիկի՛ն Վարդանյան, հնարավո՞ր է, որ իսկապես Ավինյանը տեղյակ չի եղել տոմսերի արժեքից, ու այս քայլն ինչպե՞ս եք գնահատում։

– Ո՛չ կհերքեմ, ո՛չ էլ կպնդեմ՝ տեղյակ եղել է, թե չի եղել, բայց մինչև դեբատի օրը, երբ Հայկ Մարությանը ուղիղ եթերում ցուցադրեց այդ կնքած փաստաթուղթը, նույնիսկ այդ օրը պարոն Ավինյանը հեգնանքով ասում էր՝ «և այս մարդը նույնիսկ քաղաքապետ է եղել»։ Այսինքն՝ նա չէր ընկալում այդ ամեն ինչի լրջությունը, իսկ մինչ այդ՝ տասը օր շարունակ, ամբողջ մամուլը ողողվեց այդ թեմայով, և արդյոք այդ ընթացքում պարոն Ավինյանը չէ՞ր կարող ճշտել ու չգիտե՞ր՝ ինչ է տեղի ունենում։ Ուղղակի անհասկանալի է, ես չգիտեմ՝ հետո ի՛նչ եղավ, որ նման որոշման հանգեց։ 

Սա իրականում սարսափելի, ոչ մի արդարացում չունեցող գործընթաց է։ Ի վերջո, երբ պարոն Ավինյանը պարզեց, որ ինքն առանձին տոմս ունի, մնացածը՝ այլ ձևով են թռչում, չեմ կարծում, որ նա երբևիցե չի մասնակցել ու չգիտի, թե այդ ծառայություններն ի՛նչ արժեն։ Սա ձեռագիր է, ու նույնը շարունակվում է մնացած բոլոր ոլորտներում, սա փնթի աշխատելաոճ է ու պետական բյուջեին վերաբերվել ինչպես սեփականի։ 

– Փոխհատուցելու մասին այս հայտարարությունը Ավինյանի կողմից ավելի շատ հանրությանը հաճոյանալու նպատակո՞վ է արվում, թե՞ իսկապես որոշել է քաղաքային բյուջեն, ինչպես ասում են, խնայել։

– Խնայելու համար ի սկզբանե պետք չէ նման ծախսեր անել՝ սա մեկ, երկրորդը՝ շատ ավելի լուրջ է պետք այդ ամեն ինչին վերաբերվել, իսկ թե ի՛նչ նպատակով է այս ամեն ինչն անում, ես չեմ կարող պարոն Ավինյանի փոխարեն ասել։ Նպատակները կարող են տարբեր լինել, բայց սա քաղաքական որևէ ուժի, առավելևս՝ հեղափոխական ուժի հարիր չէ, որը նախկիններին քննադատում էր այդ նույն գործողությունների համար, որը հիմա ինքն է անում,  ու նույնիսկ բաներ, որ նախկինում չեն եղել։ 

– Տիկի՛ն Վարդանյան, այս ու նաև հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը մեկ ամսով հետաձգելու որոշումները կապ ունե՞ն Հայկ Մարության-Տիգրան Ավինյան վերջին բանավեճի հետ։

– Ե՛վ փոխհատուցման, և՛ տրանսպորտի թանկացումը մեկ ամսվ հետաձգելու որոշումը Մարության-Ավինյան դեբատի արդյունքն է: Հավաքվեց ճիշտ այնքան ստորագրություն, որքան Տիգրան Ավինյանին էին ձայն տվել ընտրությանը մասնակցած երևանցիները՝ 75 463 մարդ, ու անհնար էր, որ հանրային նման ճնշման տակ փոփոխություն չլիներ։ Տեխնիկական խնդիրների վրա մեղքը բարդել պետք չէ, սա կոնկրետ Հայկ Մարությանի ստորագրահավաքով պայմանավորված գործընթաց է, որի վերջակետը դրեց դեբատը։

– Փետրվարին նոր ուղեվարձը կգործի՞, թե՞ կրկին կհետաձգեն։

– Քանի որ փնթի աշխատանքն ամենուր է, ու երրորդ անգամն է, որ այս որոշումը հետաձգում են, կանխատեսել, թե ի՛նչ է անելու մեր քաղաքային իշխանությունը, ես չեմ կարող, որովհետև չեմ պատկերացնում նման անլուրջ մոտեցում լրջագույն խնդիրների վերաբերյալ։

– Տիկի՛ն Վարդանյան, նույն այդ բանավեճի ժամանակ գործող քաղաքապետը հերքեց այն, որ քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա, ավելին՝ ասաց, որ ամենօրյա պայքար են մղում դրա դեմ։

– Գնահատական չեմ տա, դա իրավապահների գործն է, որ պետք է կատարեն, բայց եթե պարոն Ավինյանին լսենք՝ օդի ավազանն էլ Երևանում իդեալական վիճակում է եղել ամբողջ ամառ, անընդհատ ասում էր, որ մեր ահազանգերն այդ ուղղությամբ «լեգենդ» են, հիմա պարզվեց, որ կա նման խնդիր։ Դրա համար էլ ինձ մոտ բացարձակապես ամբողջական վստահություն չկա, ու ես այդ առումով խնդիրներ, իհարկե, տեսնում եմ և կրկնում եմ, որ դա իրավապահների գործն է, մենք ժամանակին նույն ծառերի խնդրի հետ կապված բազմաթիվ գրություններ ենք ուղարկել իրավապահներին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am