«Թույլ տվեք, որ խոսի ճիվաղը․․․»․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Նախորդ 20 տարիների ընթացքում մշտապես արձանագրվել է, որ քանի դեռ իշխանափոխություն չի եղել, հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման մասին խոսք լինել չի կարող:

Իշխանափոխություն եղել է, այն էլ համաժողովրդական շարժման միջոցով, և նոր իշխանությունների համար կարծես թե որևէ խոչընդոտ չկա այս ոճրագործության բացահայտման համար:

Եթե կա, իշխանությունը պարտավոր է այդ մասին իրազեկել հանրությանը՝ արձանագրելով խոչընդոտների էությունն ու բնույթը: Հակառակ պարագայում, տարիներ անց, նույն հարցերը տրվելու են այս իշխանությանը, թե ինչու՞ իրենց օրոք չբացահայտվեց հոկտեմբերի 27-ը:

Այս համատեքստում ինձ համար առնվազն տարօրինակ են որոշ մարդկանց այն պնդումները, թե Նաիրի Հունանյանը ինչ-ինչ նկատառումներից ելնելով է դիմում ներկայացրել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու մասին: Ներկայացրել է, շա՛տ լավ, գործող օրենսդրությունն էլ ունի համապատասխան իրավակարգավորումներ այդ դիմումն ուսումնասիրելու և մերժելու համար՝ հստակ արձանագրմամբ, որ այդ դատապարտյալը չի կարող ազատվել պատիժը կրելուց և վե՛րջ:

Բայց հիմա օրինական միջոցներով թույլ տվեք, որ խոսի այդ ճիվաղը, տեսնենք, թե ինչ է ասում:

Եթե նախորդ 20 տարիներին կարելի էր հասկանալ նրան լռեցնելու դրդապատճառները, հիմա ոչ միայն հասկանալի չէ, այլև տարակուսելի է…»։