Շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և ԼՂ. Փաշինյանը՝ Գերմանիայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էական է համարում Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ միջազգային հանրության համար իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում: 

Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում նոր՝ ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդ առաքելությունն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Նա անձամբ կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել, որովհետև այդ որոշման կայացման գործում նրա անձնական ներդրումը շատ մեծ է: 

Փաշինյանի և Շոլցի քննարկումների առանցքային թեմաներից է եղել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակն ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: 

«2020թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը` խաթարելով մեր կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչներ հայտնվել են փաստացի շրջափակման մեջ»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի այս գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում են, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է: 

«Կարծում ենք՝ շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք առաքելության առաքումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ` միջազգային հանրության համար իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացաման համար»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: 

«Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը։ Կարևորում ենք Գերմանիայի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների պահպանման երկրի հստակ դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին»,-ասաց Փաշինյանը: