Պետությունը փոխհատուցում կտրամադրի աշխատանքը կորցրած անձանց աշխատանքով ապահովող գործատուներին

Պետությունը նախատեսում է մարտի 16-ից հետո աշխատանքը կորցրած, այնուհետև այլ գործատուի մոտ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր քաղաքացու համար գործատուին 4 ամիս ժամկետով տրամադրել աշխատավարձի 60 տոկոսի չափով փոխհատուցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ՝ ներկայացնելով զբաղվածության նոր ծրագրերը, որոնք ուղարկվել են կառավարություն՝ շահագրգիռ կողմերի կարծիքը ստանալու:

«Առաջին ծրագիրը նոր աշխատատեղերի ստեղծման, խթանման ծրագիրն է: Ծրագրով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար 4 ամիս ժամկետով ամսական կտրվածքով գործատուին տրամադրել փոխհատուցում՝ շահառուի համար սահմանված ամսական աշխատավարձ 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 85 հազար դրամը: Դրա մեջ կներառվեն նաև սոցիալական և մյուս պարտադիր վճարները: Ծրագիրը կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց Ուդումյանը:

Նա նշեց, որ մարդիկ, որոնք մարտի 16-ից հետո դարձել են գործազուրկ և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կգտնեն աշխատանք, նրանց աշխատանքային պայմանագիրը պետք է լինի առնվազն 8 ամիս տևողությամբ: Քննարկվել է երկու տարբերակ՝ գործատուին շահագրգռելու համար՝ կամ առաջին 4 ամիսը վճարել, կամ վճարել առաջին, երկրորդ, յոթերորդ, ութերորդ ամիսներին: Նախարարությունը գնացել են երկրորդ տարբերակով:

Նախնական նախատեսվում է ծրագիրն իրականացնել 500 շահառուի համար, սակայն թիվը մեծ հավանականությամբ կմեծանա: Միակ պայմանն այն է, որ շահառուն չպետք է աշխատի նույն գործատուի մոտ, որի մոտ աշխատել է մինչև մարտի 16-ն ու ազատվել: