Ուկրաինական հարվածները խաթարել են Wildberries-ի աշխատանքը Ռուսաստանում

Ուկրաինական անօդաչուների հարվածները վերջին երեք շաբաթում թիրախավորել են Wildberries-ի առնվազն 20 օբյեկտ Ռուսաստանում՝ խոշոր հրդեհներ առաջացնելով, ամբողջությամբ ոչնչացնելով որոշ պահեստներ և խաթարելով ընկերության լոգիստիկ համակարգը։ Reuters-ի գնահատմամբ՝ վնասվել կամ ոչնչացվել է առնվազն 1.18 մլն քմ պահեստային տարածք՝ Wildberries-ի ընդհանուր կարողությունների ավելի քան մեկ հինգերորդը։

Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հարվածների հետևանքով տուժում են ոչ միայն Wildberries-ի պահեստները, այլև տասնյակ հազարավոր փոքր բիզնեսներ, որոնք իրենց ապրանքները վաճառում են հարթակի միջոցով։ Մոսկվայում Wildberries-ի պատվերների ստացման կետի սեփականատերերից մեկը Reuters-ին ասել է, որ վերջին մեկ ամսում իր վաճառքները նվազել են մոտ 50 տոկոսով, քանի որ առաքումները գրեթե դադարել են։

Հուլիսի 18-ից սկսված հարվածների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Ուկրաինան պնդում է, որ չի թիրախավորում խաղաղ բնակիչներին և հարվածները ներկայացնում է որպես պատերազմի արժեքը Ռուսաստանի ներսում բարձրացնելու ռազմավարության մաս։ Կիևը նաև պնդում է, որ Wildberries-ը նպաստում է ռուսական ռազմական ջանքերին, քանի որ հարթակում վաճառվում են նաև գիշերային տեսանելիության սարքեր, զինամթերքի պայուսակներ և սաղավարտներ։

Wildberries-ը և Կրեմլը հերքում են բանակին մատակարարումներ կատարելու մասին պնդումները։

Reuters-ի տվյալներով՝ Wildberries-ի ավելի քան 3100 պատվերների ստացման կետեր արդեն վաճառքի են հանվել Ռուսաստանում։ Ընկերությունը հայտարարել է, որ զեղչեր է մեծացրել, վճարումների հետաձգումներ տրամադրել և առաջին կամավոր փոխհատուցումներն է վճարել ավելի քան 97 հազար վաճառողների, որոնք ապրանք են կորցրել հարվածների հետևանքով։

Ռուսաստանի Կենտրոնական բանկն ու Կրեմլը հետևում են իրավիճակի տնտեսական հետևանքներին։ Reuters-ի զրուցակիցներից մեկը, որը մոտ է Կրեմլին, զգուշացրել է փոքր և միջին բիզնեսների սնանկությունների հնարավոր ալիքի մասին