Նիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատակիցները երկօրյա գործադուլ են սկսել։ Այս մասին հաղորդում է Hart van Nederland լրատվական հարթակը։
Նշվում է, որ գործադուլի առաջին օրը թագավորության հարավում գտնվող Հյուսիսային Բրաբանտ նահանգում Arriva տարածաշրջանային տրանսպորտային ընկերության ավտոբուսների միայն 10-15%-ն է դուրս եկել երթուղի։ Տվենտեի և Լիմբուրգի շրջաններում երթևեկում է ավտոբուսների կեսից փոքր-ինչ ավելին։ Միևնույն ժամանակ, խոշոր քաղաքներում՝ Ամստերդամում, Հաագայում և Ռոտերդամում, քաղաքային տրանսպորտն աշխատում է սովորական ռեժիմով։
Հաագայի արվարձանները սպասարկող EBS տրանսպորտային օպերատորի տվյալներով՝ գործադուլին մասնակցում է ընկերության աշխատակիցների 70-75%-ը։ Ուտրեխտում գործող Transdev ընկերությունում գործադուլավորների թիվը կազմում է աշխատակիցների գրեթե 70%-ը։ Գործադուլը կշարունակվի նաև նոյեմբերի 24-ին։
Սեպտեմբերին Նիդեռլանդներում գործադուլների ալիք էր սկսվել՝ ի պատասխան գործազրկության և աշխատունակության կորստի նպաստները կրճատելու կառավարության ծրագրերի։
Սեպտեմբերի 4-ին աշխատանքը դադարեցրել էին Ռոտերդամի, Ամստերդամի և Ֆլիսինգենի նավահանգիստների աշխատակիցները։ Սեպտեմբերի 9-ին տեղի էր ունեցել համազգային տրանսպորտային գործադուլ, որին մասնակցել էին NS-ի և DB Cargo-ի հազարավոր աշխատակիցներ, ProRail ենթակառուցվածքային օպերատորի աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքային և տարածաշրջանային հասարակական տրանսպորտի աշխատողներ։ Գործադուլի հետևանքով երկրի ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը մեկ օրով դադարեցվել էր։



















