«Արդարություն եմ խնդրում իրավապահ համակարգից, Էս այլանդակ կծիկը քանդելու պատասխանատուն այս պահին դու՛ք եք». Վարազդատ Կարապետյանը Գավառի դեպքերի մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Գավառի հայտնի դեպքերի մասին որոշեցի գրել։ Ծանր է, բայց մենք պետք է կանգնենք մեր մեղքերի դիմաց, խոստովանենք, զղջանք, թե չէ լուծում չկա։
Գուցե շատերին դուր չգա գրածս, բայց միայն այդպե՛ս կարող ենք փոխվել։

Հասկանում եմ, որ ջահելները կարող են վիճել. տաքարյուն են, անփորձ։
Բայց չեմ հասկանում, որ իրենց մեծերը էդ վեճը հարթելու և ջահելին նորմալ ճանապարհ ցույց տալու փոխարեն իրե՛նք են սկսում կռվել, արդեն զինված, թշնամու վրա հարձակվելու բոլոր կանոններով։

Հասկանում եմ, որ քո գյուղացու, ազգականի թասիբը պետք է պահես։
Բայց չեմ հասկանում, երբ քո գյուղի ջահելի սխալին կարող ես տեր կանգնել անգամ կյանքիդ գնով։ Այն կյանքի, որը զոհելու իրավունքը վաստակել է պետք։ Չեմ հասկանում, թե ինչպես ստացվեց, որ ով ուժեղ է և քանակով շատ, նա անպայման ճիշտ է։ Էս ավերող համոզմունքը ո՞նց մտավ մեր գյուղերն ու քանդեց մի ամբողջ սերնդի ինքնությունը։

Հասկանում եմ, որ կյանք է, մի օր կարող ես կանգնել ընկերոջդ կողքը ու պատահական, քեզ չուղղված գնդակը հենց քե՛զ խոցի։
Բայց չեմ հասկանում, երբ նույն ընկերը քեզ թողնում է փողոցում ընկած, որ հանգիստ արնաքամ լինես։

Հասկանում եմ, երբ մարդ վրեժի ցասման պահին ուզում է սպանել եղբորը գնդակահարած մարդուն։

Բայց չեմ հասկանում, երբ տասնյակ մարդիկ ջարդում են հիվանդանոցի դուռը ու ճամփա բացում, որ վրեժն ի կատար ածվի։ Ընկերոջը ամուր գրկելու, վիշտը սփոփելու փոխարեն նրան հանցանքի մղելու արարքը չե՛մ հասկանում։

Էլի շատ բան չեմ հասկանում։

Թե մեր երկրում ի՛նչ գործ ուներ ստրիպտիզ ակումբը, թե էդքան զենք էդ գյուղերում որտեղի՞ց հայտնվեց, թե մի քանի ամիս տևողությամբ կոնֆլիկտը, որն ուղեկցվում էր ծեծով, դանակահարությամբ, ինչպե՛ս ժամանակին չկանխվեց…

Ու ամաչում եմ իմ արածի ու չարածի համար։
Իմ հարազատների հետ սգում եմ էս ահավոր կորուստը։

Բայց, ձեր ցավը տանեմ, այսպես շարունակել չի՛ լինի։

Մարդու նկատմամբ ՍԵՐՆ ու ներողամտությունը պետք է հետ գան գյուղ։ Ու առաջին հերթին՝ քո ներսում ապրող Մարդու։

Հ.Գ. հիմա արդարություն եմ խնդրում իրավապահ համակարգից։ Էս այլանդակ կծիկը քանդելու պատասխանատուն այս պահին դու՛ք եք։ Եթե վճիռն արդար չէ, մարդիկ էլի կգնան իրե՛նց պատկերացրած արդարության հետևից։
…………..

Արդարությամբ ու իրավունքով վարվելն ավելի ընդունելի է տիրոջը, քան զոհաբերությունը։
Առակաց 21.3»: