Մարտունիում ծեծել են վստահված անձանց, ԲՀԿ–ի տեսախցիկն են կոտրել

Մարտունու ԲՀԿ կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ թիվ 24 ընտրատարածքում տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ. «Զոլաքարի 24/26 տեղամասում ԲՀԿ անդամի ձեռքից վերցրել են տեսախիցը, կոտրել են, վստահված անձանց ծեծի են ենթարկել և հանել են դուրս, ընտրողների հետ մտնում են ներս գյուղապետը և նրա մերձավորները»,– ասված է հաղորդագրության մեջ:
Գրասենյակի հաղորդմամբ՝ Ն.Գետաշենի 24/15 ընտրատեղամասում աշխատող ԲՀԿ վստահված անձը արձանագրել է, որ գյուղապետ Կարո Գևորգյանը ընտրատեղամասի հենց մուտքի մոտ բացահայտ գումար է բաժանում ընտրողներին: Տեղամասերից մեկից հեռացրել են «Շահեն» ՀԿ–ի դիտորդներին։
Կուսակցության տարածքային կառույցը խախտումները վերացնելու պահանջով դիմել է թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս.Ղազարյանին և իրավապահ մարմիններին, սակայն դեռ արդյունք չկա: Հաձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցամատյանում ընտրախախտումների վերաբերյալ գրառումներ անել:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» 080-080-804 թեժ գծին անազանգ ստանալուց հետո իրավական շտապ օգնության մեքենան մեկնել է դեպքի վայր։

Մարտունու «Զանգակ» հեռուստաընկերության լրագրողը www.hra.am –ին հայտնում է, որ ընտրատեղամասում խոսել է վստահված անձանց հետ, սակայն բռնության դեպքը ոչ ոք չի հաստատել։

Աղբյուրը՝ www.hra.am

«Ընտրություններ 2012»