Նախագիծը հետընթաց քայլ է մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջընթաց զարգացումն ապահովելու տեսանկյունից. Հայտարարություն

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Մարդու իրավունքների տան հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

«ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մարտի 30-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Ազգային ժողովն առաջին ընթեցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Առաջարկվող նախագծերով, մասնավորապես, նախատեսվում է «անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումներ» (Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ (Նախագիծ), հոդված 9.1):

Նման օրենսդրական կարգավորման պայմաններում, մասնավորապես, պետության կողմից կհավաքագրվեն ՀՀ տարածքում գտնվող անձանց (հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների՝ Նախագիծ) տեղորոշումը կատարելու համար անհրաժեշտ տվյալներ, կհավաքագրվեն նաև «հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը» (Նախագիծ, հոդված 9.1, կետ 2):

ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև ՀՀ մասնակցությամբ գործող մարդու իրավունքների վերաբերյալ այլ միջազգային պայմանագրերով, ի թիվս այլնի, երաշխավորվում է մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության իրավունքները։

Այդ իրավական փաստաթղթերով թեպետ նախատեսվում է որոշակի կոնկրետ նպատակներից ելնելով այդ իրավունքների սահմանափակման հնարավորություն, սակայն նման սահմանափակման ծավալներն ու սահմանները, ի թիվս այլնի, պետք է «անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում» և համաչափ լինեն հետապնդվող նպատակին, տվյալ դեպքում՝ առողջության պաշտպանությանը։

Մեր գնահատմամբ, քննարկվող Նախագիծը խնդրահարույց է նախատեսվող սահմանափակումների ծավալի ու սահմանների ու հետապնդվող նպատակի համաչափության, ինչպես նաև ձեռնարկվող միջոցառումների՝ համաճարակի կանխարգելման արդյունավետության տեսանկյունից։

Մասնավորապես, ՀՀ կառավարությունը թերացել է հիմնավորել նշված տվյալների հավաքագրման ու մշակման արդյունքում իրականացվող միջոցառումների հնարավոր ազդեցության չափը համաճարակի կանխարգելման վրա, ինչպես նաև այդ նպատակին մարդու իրավունքներին նվազ միջամտության արդյունքում հասնելու անհնարինությունը։

Ավելին՝ Նախագիծը, մեր կարծիքով, հետընթաց քայլ է մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջընթաց զարգացումն ապահովելու տեսանկյունից։ Ելնելով վերոգրյալից՝

  1. ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, մասնավորապես՝ ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կոչ ենք անում չքվեարկել վերը հիշատակված օրենքների նախագծերի օգտին։
  2. ՀՀ կառավարությանը կոչ ենք անում իր գործունեության մեջ և մասնավորապես՝ օրենսդրական նախաձեռնության իր իրավունքն իրացնելիս ղեկավարվել ժողովրդավարության հետագա խթանման, մարդու իրավունքների աստիճանական զարգացման ու իրավունքի գերակայության հետևողական ամրապնդման հրամայականով։
  3. ՀՀ իրավասու բոլոր պետական մարմիններին կոչ ենք անում համաճարակի հաղթահարմանն ուղղված միջոցառումները մշակելիս ու իրականացնելիս ղեկավարվել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առավելագույնս հարգման, արդյունավետության, ինչպես նաև առկա սահմանափակ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներն առավել օպտիմալ օգտագործելու պահանջներով»։