«Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խմբի հայտարարությունը

«Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խմբի հայտարարությունը
«Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խմբի հայտարարությունը

«Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խմբի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

««Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խումբը գնահատում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ կառուցողական երխոսության միջոցով հարցերին լուծում տալու պատրաստակամությունը, որը դրսևորվեց վերջին օրերին մի քանի ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումների ընթացքում։ Այս պահին ձեռք բերված պայմանավորվածություններից ելնելով՝ հույս ենք հայտնում, որ Ամանորից հետո նույն կերպ կհաջողվի հասնել ընդունելի լուծման՝ հուշարձանի ամբողջականության ու պահպանության, ինչպես նաև մշակութային հաստատություններին ներկայացվող ժամանակակից պահանջների վերաբերյալ։

Ողջունելով հանդերձ ս․թ․ դեկտեմբերի 25-ին «Հրապարակ» թերթում լույս տեսած ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հարցազրույցն առ այն, որ շենքը հուշարձան է, և նոր մրցույթ կհայտարարվի՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ հարցի խնդրայնացումը տեղի ունեցավ նախաձեռնող խմբի, մասնագետների և այլ շահագրգիռ անձանց հայտարարություններից հետո միայն։ Այս փաստը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ պետական ու տեղական կառավարման համակարգում ժառանգության և քաղաքային պլանավորման ոլորտներում առկա են խորքային խնդիրներ։

Անհարաժեշտ ենք համարում կառավարության հետ ներառական երկխոսության պայմաններում վերահաստատել հնչեցված պահանջները.

դադարեցնել Գրապալատի մասնաշենքի տարածքում ընթացող բոլոր աշխատանքները,

դիտարկել ամբողջ համալիրը որպես հանրապետական նշանակության հուշարձան, և պահպանման կարգավիճակ շնորհել կառույցի բոլոր մասնաշենքերին՝ ներառյալ Գրապալատի և Դրամատիական թատրոնի շենքերը։
մշակել պատմական կառույցի ամբողջական համալիրի պահպանման և վերականգման հայեցակարգ,

համատեղ ուժերով նախապատրաստել բաց ճարտարապետական գաղափարների մրցութային փաթեթ ամբողջական նախագծի համար՝ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ճարտարապետների միջազգային միության կանոնակարգերի,

ապահովել թե՛ նախամրցութային, թե՛ հետմրցութային փուլերում հանրության մասնակցությունը՝ առավելագույն ներառական ձևաչափերով,
լավագույն մասնագիտական լուծումներ գտնելու համար հատկացնել անհրաժեշտ և ողջամիտ ժամկետներ,

ընտրող հանձնաժողովի կազմում ներգրավել նախարարության, նախաձեռնող խմբի, Երևանի քաղաքապետարանի ու ավագանու, Հայաստանի ճարտարապետների պալատի և այլ շահառուներ՝ ապահովելով ճարտարապետների մեծամասնությունը հանձնաժողովի կազմում։

Նախաձեռնող խումբը հավատարիմ է մնում ոլորտում համակարգային լուծումներ գտնելու սկզբունքներին և հետամուտ է լինելու երկարաժամկետ կտրվածքով Երևանում և այլ պատմական միջավայրերում կառուցապատման իրավական ու մասնագիտական կանոնակարգերը վերանայելուն՝ բացառելով առանց հանրության մասնակցության նման չմտածված ու վիճահարույց միջամտությունները»։