«Գեներալ չդարձար, հերոս դարձար, տղե՛ս․․․». պատերազմը Մանուկյաններից խլել է միակ որդուն, «հույսն ու լույսը»

Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում բնակվող Մանուկյանների տունը երկու տարի է՝ տխուր է ու մռայլ․ «Մեր տունը դատարկվել է, ոչնչով չի լցվում, մեր տունը մեր տան նման չի, մեր հույսն ու լույսը չկա»,- ասում է 44-ամյա Հրանուշ Մանուկյանը։

Մանուկյանները 44-օրյա պատերազմում կորցրել են միակ որդուն՝ 21-ամյա Արման Մանուկյանին։

Արմանը դեռ փոքր հասակից որոշել էր զինվորական դառնալ։ Չնայած ծնողները դեմ են եղել, սակայն դա նրա որոշման վրա չի ազդել։

«Հերն ասում էր՝ մի երեխա ունեմ, ոչ մի զինվորական, ուրիշ բան մտածի։ Հույս ուներ՝ ծառայության գնա, կփոշմանի, բայց չփոշմանեց․․․»- պատմում է Հրանուշը։

Արման Մանուկյանը Շիրակի պետական համալսարանի ռազմագիտության բաժնում սովորելիս զուգահեռ նաև պայմանագրային աշխատանքի է անցել Արարատի Զոդի զորամասում։

2019-ի սեպտեմբերի 15-ին Արմանը տուն է վերադարձել Նախիջևանի դիրքերից, 14 օր պետք է տանը մնար, սակայն սեպտեմբերի 27-ին զանգ է ստացել հրամանատարից, որ պետք է արագ դիրքեր բարձրանան, քանի որ պատերազմ է սկսվել։

Հրանուշը պատմում է, որ որդին արագ հագնվել և դուրս է վազել տնից՝ չզգուշացնելով, որ պատերազմ է, միայն ասել է՝ անհրաժեշտ է, որ գնա։

«Մենք հեռուստացույցը միացրինք, լուրերով իմացանք, որ պատերազմ է, խառնվեցինք իրար, Արմանը մեր միակ զավակն էր: Ամուսինս զանգեց Արմանին, Արմանն ասեց՝ պա՛պ, սաղ նորմալ ա, մեր մոտ խաղաղ ա, բայց ինքը գիտեր, որ իրան պիտի Արցախ տանեին»,- պատմում է Հրանուշն ու ասում՝ որդին հոկտեմբերի 4-ից արդեն Ջրական է տեղափոխվել։ 

Մայրն ասում է՝ քանի անգամ և՛ ինքը, և՛ հայրը խնդրել են որդուն վերադառնալ, բայց Արմանը չի համաձայնել. 

«Միշտ ասում էր՝ ես չեմ թողնի 1915 թվի պես լինի, մտնեն մեր տները, ասում էր՝ մեր սահմաններն են հասել, ես չեմ կարա փախնեմ, չեմ կարա 18 տարեկաններին մենակ թողնեմ»։

Որդեկորույս մայրն ասում է՝ մինչև վերջին պահը հույսով սպասում էր, որ Արմանը ողջ-առողջ տուն կվերադառնա։ Չէր պատկերացնում, որ հնարավոր է՝ իրենց միակ զավակին կորցնեն։

«Վերջին անգամ, որ խոսեցինք, ասեց՝ ինձ հետ վատ բան չի լինի, կարող է հեռախոսս անհասանելի լինի, հանգիստ կլինես, քեզ լավ նայի, ես քեզ կզանգեմ․․․»- պատմում է մայրն ու ասում, որ այդպես էլ որդուց զանգ չստացան։

Արման Մանուկյանը պատերազմի օրերին թշնամու դեմ թեժ մարտեր է մղել Ջրականում, հոկտեմբերի 18-ից տեղափոխվել է Իշխանաձոր, որտեղ էլ զոհվել է: 

Մայրը հուզմունքով պատմում է որդու զինակից ընկերների փոխանցած տեղեկությունը․

«Գիշերվա ժամը 12-ին հրաման է եկել՝ «Ուրալ»-ները նստեն, առաջ շարժվեն, Արմանս եղել ա առաջին «Ուրալի» մեջ։ Լույսերն անջատած շարժվել են, ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին»։ «Ուրալի» մեջ գտնվող 7 տղաներ զոհվել են, որոնց թվում՝ Արմանը, 4 տղաներ էլ փրկվել են»,- ասում է Հրանուշը։

Որդուց լուր չստանալով՝ Մանուկյանները ամենուր սկսել են փնտրտուքը՝ հույսով, որ Արմանին կգտնեն՝ գուցե վիրավոր, գուցե գերիների մեջ, բայց ոչ զոհված։

«Բոլոր տեղերում Արման էինք ման գալիս, հոկտեմբերի 21-ին ցուցակում անունը գրել էին: Հետո հանդիպեցինք վիրավոր տղաների հետ, իրանք էլ հաստատեցին։ Բայց ես մինչև վերջ չէի հավատում, մինչև գտնվեց մարմինը ու ԴՆԹ-ով հաստատվեց»,- ասում է ու հուզվում մայրը։

Դեկտեմբերի 20-ին Արմանի և 6 ընկերների մարմինները դուրս են բերվել Իշխանաձորից, փետրվարի 5-ին Մանուկյանները զանգ են ստացել, որ 100 տոկոսով ԴՆԹ համընկնում է եղել իրենց որդու մարմնի հետ։

Մանուկյաններին առաջարկել են որդու մարմինն ամփոփել Եռաբլուրում, սակայն ծնողները ցանկացել են՝ որդին իրենց մոտ լինի։

Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում տեղի է ունեցել Արման Մանուկյանի հուղարկավորությունը։

Արման Մանուկյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Մայրը որդու մասին պատմելիս ասում է՝ ազնիվ էր, ճշտախոս, չէր սիրում, որ սուտ էին խոսում, սիրված էր բոլորի կողմից՝ և՛ ուսուցիչների, և՛ ծառայակից ընկերների։ Մայրը հուզվելով ասում է՝ երբ Արմանից լուր չկար, բոլոր ընկերները՝ զինվորական թե ուսանողական, տարբեր մարզերից միացել էին նրան փնտրելու գործին։ Մինչև այսօր էլ այցելում են ծնողներին, ուժ ու հույս տալիս։

Հրանուշն ասում է՝ միշտ հիշում է որդու այն խոսքը, երբ հայրը դեմ է եղել նրա զինվորական դառնալուն, որդին ժպիտը դեմքին ասել է․ ««Պա՛պ, գեներալ կդառնամ, կամաչես խոսքիցդ», հիմա հերն ասում է՝ գեներալ չդարձար, հերոս դարձար, տղե՛ս․․․»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am