«Անվտանգ» Արցախ

Լուսանկարում Ստեփանակերտը (EuroNews)

Աղջկաս ընկերուհին պատմում է, թե ինչպես են մայր ու աղջիկ Ստեփանակերտում տաքսի պատվիրել՝ ծայրամաս գնալու համար, բայց քանի որ վարորդը կասկածելի էր, իջել են կենտրոնում։ 

Մեկ ուրիշն էլ այսօր իմ աշխատավայրում պատմեց մի կնոջ մասին, որը երեկոյան երեխայի հետ տուն է շտապել, երբ կասկածելի մեքենան՝ կասկածելի վարորդով, կանգնել է նրա մոտ։ Վատ հայերենով անթրաշ անծանոթն ասել ՝ քուրի՛կս, ուշ է, արի տուն տանեմ։ 

Չգիտեմ՝ գուցե չափացանցվա՞ծ են այս պատմությունները, մարդկանց երևակայությո՞ւնն է տարատեսակ խզբզումներ ուրվագծում։ Պարզ է մի բան՝ ստեփանակերտցիները, ու ոչ միայն, իրենց անվտանգ չեն զգում։ Ասում են՝ ի՞նչն է խանգարում թուրքին Շուշիից իջնել քաղաք, մի ստորություն անել ու հետ դառնալ։ Ո՞վ կխանգարի, խաղաղապա՞հը։ 

Ազգային անվտանգությունը հայտարարություն էր տարածել զենք-զինամթերքը հանձնելու մասին, որով քաղաքացիներին պարտավորեցնում է պատերազմի ժամանակ ստացած զենք-զինամթերքը հանձնել իշխանություններին։ 

Հայտարարությունը միանշանակ չի ընդունվել, հատկապես գյուղական բնակավայրերում, մարդիկ տարակուսած են՝ ինչով են պաշտպանելու իրենց ու հարազատներին, երբ թուրքը քթների տակ է, իսկ անհոգ կանգնած խաղաղապահն էլ անվտանգության երաշխիք լինել չի կարող։ 

«Չես իմանում՝ թշնամուց ի՛նչ սպասել։ Մառախուղը իրենց համար շատ հարմար եղանակ է, ամեն րոպե կարող են մի անակնկալ մատուցել, քանի որ գյուղին շատ մոտ են»,- ասում է Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի ղեկավար Գարիկ Ալեքսանյանը։ 

Նոր իրավիճակը նաև անասնապահների աշխատանքն է դժվարացրել։ 

«Անասունները սահմանը անցան, այլևս քոնը չեն։ Առաջ ազատ բաց էինք թողնում, մեր գործերով զբաղվում։ Հիմա պիտի անընդհատ կողքները լինես, հսկես, որ չհեռանան»,- ասում է հովիվ Սիմոն Սիմոնյանը։ 

Գյուղերում շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում։ Մանկավարժ Ժաննա Գաբրիելյանը դա համարում է բնակիչների անվտանգության երաշխիք․

«Համարյա բոլորը վերադարձել են, բայց եթե տանը զենք չլինի, ու պարեկությունը չլինի, շատերը կվախենան։ Այսպես ավելի ապահով ենք մեզ զգում»։ 

Շրջանի ղեկավարությունը կիսում է բնակչության մտահոգությունը։ 

«Խաղաղապահները ժամանել են Արցախ ու ֆիքսել են պատերազմական գործողությունների դադարը, սակայն նրանք մեր անվտանգության երաշխիքը չեն։ Մեր պաշտպանության բանակն է մեր պաշտպանը, աշխարհազորն է մեզ պաշտպանում։ Իրականացնում ենք շուրջօրյա հերթապահություն, աչալուրջ ենք հատկապես գիշերային ժամերին»,- ասում է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը։ 

Նա գտնում է, որ խնդիրը օրենսդրական կարգավորման կարիք ունի, քանի որ քաղաքացիական անձինք զենք կրելու իրավունք չունեն։ 

«Ընդունենք, որ փոխհրաձգություն է, Աստված մի արասցե, զոհ ունենք կամ վիրավոր, չունենք կարգավիճակ, որ օրենքով ինչպես պիտի կարգավորվի այս ամենը»,-իր փաստարկներն է բերում պաշտոնյան։ 

Նույն մտահոգությունն ունեն նաև Աղավնոյի բնակիչները։ Գյուղի պաշտպանները՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, շաբաթներ շարունակ զենքով հերթապահել են՝ ապահովելով համագյուղացիների անվտանգությունը։ 

Խաղաղապահների մուտքից հետո զենքը հանձնելու առաջարկը միանշանակ չեն ընդունել։ Նրանց բարի կամքին հավատում են, սակայն խաղաղապահների հնարավորությունները բավարար չեն համարում։ Համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ զենքը չէին պահի, եթե բավարար անվտանգության երաշխիք ունենային։ 

«Մեր զենքերը, որ ունենք, ընդամենը պաշտպանվելու միջոց են։ Անվստահության պահ կա, քանի դեռ ճանապարհից օգնություն են խնդրում, մենք պիտի հասնենք»։ 

Քաշաթաղի շրջանում գտնվող Աղավնոյում խաղաղապահների հենակետ չկա։ Հակառակորդը գտնվում է 2,5 կմ հեռավորության վրա։ Համայնքում կան կանայք ու երեխաներ, պետք է պատրաստ լինել նաև վատ սցենարների՝ ասում են Աղավնոյի տղամարդիկ։ 

Նրանք ահազանգում են՝ Քաշաթաղի հյուսիսային թևում հակառակորդը շարունակում է զինամթերք ու կենդանի ուժ կուտակել Սիսիանի ուղղությամբ։ 

«Հարցը միայն Աղավնոն չէ, նույնը Կապանն է, մեր հայրենիքի ամեն մի թուփը, քարն ու ծառը վտանգված են։ Մեր մեծ ընտանիքի անվտանգությունը պիտի ապահովենք, որ փոքր ընտանիքն էլ ապահով լինի»,- ասում է Աղավնոյի բնակիչ Ռոբերտ Ստեփանյանը։ 

«Եթե զենք են հավաքում, թող երկու կողմի զենքերն էլ հավաքեն։ Իմ ավտոմատի հոգսն ես քաշում, բայց քո զորքը զինված է։ Իմ երաշխիքը էս ինքնաձիգն ա, եթե խաղաղապահը գա ու իրական երաշխիք լինի, ես մի քանի գիշեր հանգիստ կքնեմ,- ասում է Անդրանիկ Չավուշյանը ու նորից շեշտում խաղաղապահների հեռու գտնվելը,- թշնամին էն յանն ա, մենք՝ էստեղ։ Նա պիտի կանգնած լինի մեր մեջտեղը, որ ո՛չ ինձ թույլ տա, ո՛չ իրեն, բայց դու մեջտեղը չես, զենքերն էլ հավաքում ես, չի՛ լինի։ Կանգնի՛ր մեջտեղը, գործդ արա»։ 

Աղավնոն Քաշաթաղի շրջանի երեք համայնքներից է, որ չի անցել հակառակորդի վերահսկողության տակ։ Այն Ստեփանակերտ-Երևան ցամաքային կապի կարևոր կետերից է։ Բնակիչների մի մասը չի լքել Աղավնոն ողջ պատերազմական գործողությունների ընթացքում, մյուսները վերադարձել են, որ նորից ապրեն հայրենիքում։ Այսօր Աղավնոյում ապրում է 50 բնակիչ։ 

Մարինե Մկրտչյան

Ստեփանակերտ

MediaLab.am