ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.Գ. Տեր-Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.Գ. Տեր-Պողոսյանը, 2004-2010թթ. ընթացքում իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար Ախթալա քաղաքի անչափահասներից, սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակադրվածությունից ելնելով, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում և արշավներում կազմակերպելու, դպրոցներում և սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող, բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար նրանց անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ:
«Դիտարկումների արդյունքում ընտրված մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, նրանց կամքին հակառակ, օգտագործելով անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը (նախատեսում է ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով) վերաորակվել է, և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 և 8-15 տարի ժամկետով):
Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
© Medialab.am