«15-ամյա Շահեն Հարությունյանի համար 5 տարվա ազատազրկում պահանջելը արտառոց նախադեպ է». Հայտարարություն

«15-ամյա Շահեն Հարությունյանի համար 5 տարվա ազատազրկում պահանջելը արտառոց նախադեպ է». Հայտարարություն
«15-ամյա Շահեն Հարությունյանի համար 5 տարվա ազատազրկում պահանջելը արտառոց նախադեպ է». Հայտարարություն

ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Շահեն Հարությունյանի (Շանթ Հարությունյանի որդու)  գործով դատավարության վերաբերյալ ներկայացնում ենք ստորեւ:

«Այս օրերին ընթանում է Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի եւ խմբի մյուս մասնակիցների դատավարությունը: Դրա ընթացքը համահունչ է  Հայաստանում նախկինում տեղի ունեցած  մյուս շատ դատավարությունների բնույթին՝ իրենց հետեւում թաքնված քաղաքական ենթատեքստով, կամայականություններով, տարրական իրավական նորմերի արհամարհմամբ:

Այնուամենայնիվ, 15-ամյա Շահեն Հարությունյանին (ի դեպ, արարքը կատարելիս նա եղել է 14 տարեկան) 5 տարվա ազատազրկում առաջարկելը,  այն դեպքում, երբ Հայաստանում տեղի ունեցած մի շարք սպանությունների համար ՀՀ դատախազությունը նման ժամկետ չի պահանջել, արտառոց նախադեպ է, մասնավորապես, նկատի ունենալով Գորիսում վերջերս կատարված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղային վերագրվող սպանությունը և Հայոց բանակի գնդապետի սպանության փորձը, ինչի համար որեւէ մեկը փաստացի չդատվեց:

Մի՞թե պետական մեղադրողը, նախքան պատիժ  առաջադրելը, չի գիտակցել, որ  խոսքը գնում է 15-ամյա անչափահաս  պատանու մասին, ով հաստատ մարդասպան չէ, ում  հոր համար եւս, նույնպիսի դատավարության ընթացքում, ազատազրկման է՛լ ավելի երկար ժամկետի պահաջ է ներկայացված, եւ որ իր այդ առաջարկով կործանման եզրին է կանգնեցնում ոչ միայն նրան, այլ մի ամբողջ հայ ընտանիքի:

Խորը վրդովմունք արտահայտելով ՀՀ դատախազության այս խայտառակ առաջարկի առիթով, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի եւ ընկերների գործով դատավարության նկատմամբ իր գնահատականը՝ որպես քաղաքական հետապնդման, եւ պահանջում  է Հայաստանի իշխանություններից,  դատական համակարգի ներկայացուցիչներից՝ դադարեցնել ընդդիմախոսների հետ հաշիվներ մաքրելու այդօրինակ ամոթալի պրակտիկան»:

© Medialab.am