«Երբ խոսքը գնում էր Տիգրան Աբգարյանի մահվան մասին, զինվորականները գլուխները կախում էին, և երևում էր, որ ինչ-որ բան գիտեին, որ թաքցնում էին». փաստաբան

«Երբ խոսքը գնում էր Տիգրան Աբգարյանի մահվան մասին, զինվորականները գլուխները կախում էին, և երևում էր, որ ինչ-որ բան գիտեին, որ թաքցնում էին». փաստաբան
«Երբ խոսքը գնում էր Տիգրան Աբգարյանի մահվան մասին, զինվորականները գլուխները կախում էին, և երևում էր, որ ինչ-որ բան գիտեին, որ թաքցնում էին». փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտի մեկի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

– Տիկի՛ն Սաֆարյան, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Մարտի մեկի գործով նոր բացահայտումներ ներկայացրեց: Պարզվում է, որ ապացուցվել է հետևյալը՝ զինված ուժերի զորքը սահմանից բերվել է քաղաք, Լեոյի փողոցում զորքին հրահանգվել է կրակել շենքերի պատուհանների ուղղությամբ: Նախկինում նման կասկածներ ունեցե՞լ եք:

– Նախկինում մարդիկ կային, որ փաստահավաք խմբին նման տեղեկություններ տրամադրել էին: Ես հիշում եմ, որ երբ գնացինք դեպքի վայր և խմբով նայում էինք, այնտեղ մարդիկ մոտենում ու այս ամենի մասին պատմում էին: Ասում էին՝ պատուհանը բացում էինք, ասում էին՝ ա՛յ անշնորհքներ, այս ի՞նչ եք անում, իրենք մեր վրա կրակում էին:

Այդ ժամանակ մարդկանց մեջ իսկապես ստեղծվել էր այնպիսի տպավորություն, որ հաշվեհարդար է սկսվել, ով ընդդիմադիր կեցվածք է դրսևորում կատարված դեպքերի նկատմամբ, նրա նկատմամբ դրսևորվում էր ագրեսիվ վարքագիծ: Ընդ որում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարվել են արարքներ, որոնց հետևանքով, շատ հնարավոր էր, որ մենք ավելի շատ զոհեր ունենայինք, քան ունենք:

Կրակել բնակելի շենքերի, պատուհանների վրա, սա ուղղակի խոսում է կատարված դեպքի մեծածավալ, կազմակերպված լինելու և դրան տարաբնույթ խմբերի մասնակցության հանգամանքի մասին:

Ինչ վերաբերում է այս բացահայտումներին, ողջունելի է, որ այսօր և՛ իշխանության մոտ կամք կա Մարտի մեկի բացահայտման համար, և՛ վարույթն իրականացնող մարմինն է կամք դրսևորում գնահատականներ տալու: Նախկինում խոսք էր գնում այն մասին, որ ջոկատներ են մասնակցել, այլ ուժեր են ներգրավվել, որ իրային պահեստից օլիգարխների թիկնապահների համար համազգեստ է վերցվել: Անգամ, այն ժամանակ զեկույցներ կազմվեցին իմ և Անդրանիկ Քոչարյանի կողմից, բայց ապացույցներ չկային, որովհետև մեզ չհաջողվեց մուտք գործել իրային պահեստ:

Վարույթն իրականացնող մարմինը, ներկա պահին ունենալով լայն հնարավորություն, հարցաքննել է բազմաթիվ մարդկանց և երևի իր ձեռքի տակ ունի այս մասին ապացույցներ: Ես կարծում եմ, որ փաստաթղթային հիմքերը, այսինքն՝ ապացույցներն ամեն դեպքում բավարար են եղել նման հայտարարություն անելու համար:

Իհարկե, լավ է, որ գնահատականներ են տրվում նաև սահմանից զորքը բերելու և օգտագործելու հանգամանքի հետ կապված, որովհետև Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը բազմիցս հայտարարություններով հանդես է եկել և ասել, թե իբր զորքը բերվել է, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ վատ են եղել: Ուղիղ հակառակ տրամաբանությամբ իրեն թվում է, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները վատ են, ուրեմն զորքը սահմանից պետք է բերվի քաղաք:

Այսինքն՝ առաջինն իրենք են խոսել այդ մասին, որ զինվորները բերվել են սահմանից: Բայց ինչպե՞ս են բերվել, ի՞նչ իրավիճակ է այնտեղ ստեղծվել, արդյոք կատարված դիվերսիան հետևանք չէ այն բանի, որ թշնամին սահմանին այդ թուլությունները տեսել է: Նախկին իշխանությունների վարքագիծը սա է եղել՝ ավելի լավ է իրենց աթոռը պինդ պահեն, քան սահմանին սթափ պահեն մեր զինվորին և նրանց թիկունք կանգնեն: Ստացվում է, որ սահմանից զինվորին բերել են, որ իրենց թիկունքը պահի:

Այս տեսանկյունից, իհարկե, ողջունելի եմ համարում, որ վարույթն իրականացնող մարմինը խորքային քննություն է տանում: Ուզում եմ համոզմունք հայտնել, որ մեղադրանքներ կառաջադրվեն նաև սահմանին այդ հարցերը կարգավորող պաշտոնյաներին: Եվ էլի այդ կապը կտանի դեպի հանրապետության երկրորդ նախագահի գործելաոճն ու ցանկությունները: Նաև ցանկալի է, որ Ռոբերտ Քոչարյանի հարստացման աղբյուրն էլ պարզվի, որովհետև իր ելույթից իսկապես այնպիսի տպավորություն էր, որ ինքը շատ աղքատ վիճակում է, և իր իշխանության տարիներին իրեն ոչինչ չի հաջողվել ձեռք բերել: Բայց հասարակությունն ավելի լավ գիտի, թե ով ինչքան հարստություն ունի:

Բազմիցս տեղեկություններ են եղել, որ ինքը բանկերում ունի բաժնեմասեր, ունի մեծ հարստություն, կոռուպցիան իր պաշտոնավարման տարիներին շատ է արմատացել: Ինքը թույլ է տվել որոշակի մարդկանց հարստանալ, որովհետև ինքն էլ է հարստանալու ցանկություն ունեցել և չի ուզել, որ միայն ինքն ընդգծվի: Եվ այս տեսանկյունից կարող ենք ասել, որ օլիգարխների ձևավորումը տեղի է ունեցել հենց իր իշխանության տարիներին: Թե հետո ինչո՛ւ ինքն այդ բուրգը վերագրեց իրեն հաջորդող նախագահին՝ չեմ կարող ասել: Եթե իրենք իրար մեջ ունեն շատ ավելի խորքային գաղտնիքներ, թե ում իշխանության տարիներին ինչքան են հարստացել մարդիկ, սա ուրիշ խնդիր է:

Բայց սկսվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներից, և մինչև օրս էլ մենք չենք կարողանում մեր ուսերից թոթափել այդ օլիգարխներին: Նոր կառավարությունը փորձում է այս խնդիրը լուծել, բայց մենք գիտենք, որ սա կարճ ժամանակահատվածում լուծվող խնդիր չէ, արմատացած խնդիր է: Եվ հասարակության որոշակի խավի այն աստիճանի են փչացրել, որ այդ վիճակից հետ գալն է բավական դժվար: Ես կարծում եմ, որ հիմա մեր հանրությունն առաջին հերթին գիտակցության մեջ պետք է ամրապնդի հենց այս պայքարի ոգին, որ, այո՛, այս կոռուպցիոն և օլիգարխիկ իրավիճակներից պետք է դուրս գանք, որպեսզի հանրությունը հանգստանա:

– ՀՔԾ պետը նաև հայտարարեց, որ ապացուցվել է հետևյալը՝ Բաղրամյան 26-ից հրահանգներ են եղել, որ փաստահավաք խմբին կեղծ տվյալներ տրամադրվեն: Դուք նախկինում այդ մասին կասկածներ ունեցե՞լ եք:

– Ես փաստահավաք խմբին կեղծ տվյալներ տրամադրելու հետ կապված բազմաթիվ ապացույցներ ունեմ: Նաև պատրաստվում եմ որոշակի նյութեր ներկայացնել, որովհետև ինքս 2008-2009 թվականներին բողոքարկել եմ ոստիկանության գործողությունները:

2008-ին, երբ ոստիկանության ներկայացուցիչը ներկայացել էր դատարան, որևէ փաստաթուղթ չէր ներկայացրել դատարանին, որից կերևար, որ ինչ-որ միջոց էր ձեռնարկվել: Սա խոսում է այն մասին, որ դեռևս 2008 թվականին՝ դեպքերից հինգ ամիս անց, իրենց տրամադրության տակ այդպիսի փաստաթղթեր չեն եղել:

Եվ ես բազմաթիվ անգամ այս հայտարարություններն արել եմ, որովհետև եթե փաստաթղթեր լինեին, գոնե իրենց պատճառաբանությունները կկառուցեին այդ փաստաթղթերի վրա: Ամիսներ անց, երբ ինձ բախտ վիճակվեց փաստահավաք խմբում լինել և հարաբերվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, երբ պահանջեցինք այդ փաստաթղթերը, պարզվեց, որ նոր, մաքուր ստեղծված փաստաթղթեր են ներկայացրել:

Տպավորություն էր, որ դրանք հենց նոր էին գրված, և այդ փաստաթղթերը փաստահավաք խմբում կասկածի տեղիք տվեցին: Սակայն մենք չկարողացանք ավելի խորանալ, և այսօր դրական եմ համարում վարույթն իրականացնող մարմնի քայլը, որ նրանց հաջողվել է ամբողջացնել պատկերը, ապացուցել, որ այդ փաստաթղթերը կեղծվել են:

Ընդհանրապես բավական հանգամանքներ կան, որոնց վրա պետք է կենտրոնանալ, որովհետև միայն դա չէ, որ կեղծել են: Այնտեղ բերման ենթարկելու արձանագրություններ կան, որոնց ժամերը չեն համապատասխանում իրականությանը: Այսպես ասեմ՝ բոլոր պաշտոնական փաստաթղթերը հարմարեցվել են իրեն գործելաոճին, օրինականության սկզբունքից շատ հեռու է եղել այդ գործելաոճը:

– ՀԾՔ պետը նաև հայտարարեց, որ բացահայտվել է, թե ինչպես է սպանվել Տիգրան Աբգարյանը: Նա սպանվել է հատուկջոկատայինների կողմից: Սա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ ընդհանուր գործի բացահայտման համար:

– Տիգրան Աբգարյանի սպանությունն ամենացավոտ սպանություններից մեկն էր մեզ համար, որովհետև դեռ այն ժամանակ էինք մտածում, որ Տիգրան Աբգարյանին շատ մոտ տարածությունից են կրակել: Այսինքն՝ փորձագետի եզրակացությունը մեզ թույլ էր տալիս նման հետևություն անել:

Անուններ չեմ ուզում հնչեցնել, բայց Տիգրան Աբգարյանի մահվան գործով անուններ էին հնչում, որ կրակող կարող է այս կամ այն մարդը լինել: Դրանք պատահական անուններ չէին, և կարծում եմ, որ հիմա կկոնկրետացնեն, թե ով է կրակել Տիգրան Աբգարյանի ուղղությամբ: Այն ժամանակ փաստահավաք խմբում կար այդ հնարավորությունը, պարզապես բազմաթիվ մարդիկ Հայաստանում չէին, և նրանց քննելու անհնարինության հարց կար:

Ես կարծում եմ, որ այն, ինչ չի հաջողվել փաստահավաք խմբին, հաջողվել է վարույթն իրականացնող մարմնին: Դրանով է բացատրվում, որ ՀՔԾ պետն նման համարձակ հայտարարությամբ հանդես եկավ:

– Բացահայտված դրվագներից մեկն էլ վերաբերում է նրան, որ օլիգարխների հաշվեհամարներից գումարներ են հանվել, վճարվել են զինծառայողներին, որպեսզի նրանք օլիգարխների ունեցվածքը պաշտպանեն: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Զորքն իրականում կրակել է, հավանաբար ապացույցները բավարար էին այդ կարգի հայտարարության համար: Զորքի մասնակցությունն այնքան ակնառու էր, ես այն ժամանակ ուղղակի զարմացած էի, որ մենք փողոցում շատ-շատ զինվորական մեքենաներ ու զինվորներ էինք տեսել: Ես չեմ էլ մտածել, որ դրան հակառակ փաստարկներ կլինեն տարիներ անց:

Մեր զինվորներին փաստորեն վարձկանի տեղ են դրել, վճարել են, որ սեփական ժողովրդի դեմ կռիվ տան: Դեռ այն ժամանակ Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների հետ կապված կար այդպիսի արտահայտություն, միտք, որ չեն ենթարկվել, դրա համար Աբգարյանին խփել են:

Սա խոսում է այն մասին, որ չի բացառվում, որ շատ ավելի խորանալու դեպքում հիմնավորվի, որ ոչ միայն առավոտյան Օպերայի բակում զենք դնելով կամ ինչ-որ օպերացիա կազմակերպելով են փորձել հարձակվել խաղաղ ցուցարարների վրա ու ցրել հանրահավաքը, այլև երեկոյան են նման գործողություններ արել, որպեսզի կարողանան ընդհանրապես ահ ու սարսափի մթնոլորտ ստեղծել, որպեսզի այդ հանրահավաքները տեղի չունենային և վերջնականապես լուծվեին իրենց խնդիրները:

Երեկոյան դեպքերը պատահական դեպքեր չեն, կազմակերպված դեպքեր են եղել: 2008-2009 թվականներին նման խոսակցություններ եղել են, որ երբ խոսքը գնում էր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների մասին, զինվորականները գլուխները կախում էին, և երևում էր, որ ինչ-որ բան գիտեին, որ թաքցնում էին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am