Մենք լսում ենք աչքերով. լսողական խնդիրներ ունեցողները պահանջում են վերականգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքը

Մենք լսում ենք աչքերով. լսողական խնդիրներ ունեցողները պահանջում են վերականգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքը
Մենք լսում ենք աչքերով. լսողական խնդիրներ ունեցողները պահանջում են վերականգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքը

18-ամյա Վահեն դաշնամուր ու շվի է նվագում: Բայց չի լսում: Վահեն ժառանգական խլություն ունի: Ընտանիքում չեն լսում թե´ նրա ծնողները, թե´ եղբայրները:
Վահեն ավարտել է լսողության խանգարում ունեցող երեխաների կրթահամալիրը: Գրագետ և ակտիվ տղա է, սակայն կյանքից չի կարողանում քաղել այն ամենը, ինչ սովորաբար ստանում են նրա հասակակիցները: Վահեն տեղեկատվության պակաս ունի:
«Ես խուլ եմ, ձեզ թվում է, թե ես կարող եմ մտավոր խնդիրնե՞ր ունենալ: Բայց ես խնդիր չունեմ: Իմ ու ձեր տարբերությունն այն է, որ ես լսում եմ աչքերով: Այն ամենը, ինչ երիտասարդները տեղեկանում են, ես չեմ տեղեկանում: Կարծում եմ, որ որպես մարդ իմ իրավունքը խախտված է»,- բողոքում է Վահե Ալավերդյանը:
Այսօր հայկական հեռուստաընկերություններից ոչ մեկը ոչ մի հաղորդում չի պատրաստում, որը ժեստերի լեզվով կթարգմանվեր: Այս հարցը վերաբերում է մասնավորապես լրատվական հաղորդումներին: Լսողության խնդիրներ ունեցող անձինք ցանկանում են տեղեկանալ աշխարհի անցուդարձին, բայց այսօր այդ հնարավորությունը չկա:

Վահեն պատմում է, որ ժամանակին «ԱԼՄ» հեռուստաընկերության լրատվությունն էր թարգմանում ժեստերի լեզվով, և դա իր ընտանիքի համար կարծես մի պատուհան էր դեպի աշխարհ:

«Ծնողներս ինչ էլ անելիս լինեին, սպասում էին այդ ժամին, որովհետև դա փոքրիկ պատուհան էր, որ պետք է տեղեկանային աշխարհի նորություններին: Իսկ հիմա մի փոքր հուսալքված են»,- ասում է Վահեն:

Խուլերի համար հեռուստատեսության անմատչելիության խնդիրը բարձրացրել է նաև «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը: Այն Հայաստանում ԱՄՆ դեսպանության և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագիրը: Ըստ կազմակերպության` Հայաստանում ավելի քան 3500 լսողական խնդիրներ ունեցող մարդիկ կան:

Այս նախաձեռնության նպատակն է համացանցի միջոցով նպաստել խուլերի և լսողության խնդիրներ ունեցող անձանց ինտեգրմանը հասարակություն: Ծրագրի շրջանակներում սոցիալական «Ֆեյսբուք» կայքում գրանցվել է «Լռության ձայն» սոցիալական խումբը, որը և բարձրացրել է հեռուստատեսային հաղորդումների անմատչելիության խնդիրը:

Այս առնչությամբ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը նամակ է գրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, որում և բարձրացրել է այս խնդիրը:

Պարոն Ամալյանը պատասխան նամակում գրել է, որ խորապես ցավում է «ԱԼՄ հոլդինգ» ընկերության` մրցույթում պարտվելու կապակցությամբ: «Միաժամանակ գտնում ենք, որ վերոհիշյալով չի խախտվել խուլ ու համր բնակչության` լրատվություն ստանալու իրավունքը, քանի որ այլ հեռուստաընկերություններ նույնպես իրականացնում են լրատվական թողարկումներ`զուգորդված հայերեն լուսագրով»,- գրել է Գրիգոր Ամալյանը:

Բայց լսողության խնդիրներ ունեցող մարդկանց դա չի բավարարում: Նրանք հավաստիացնում են, որ լուսագիրը, այլ կերպ ասած` վազող տողերը, ամենևին էլ հարմար չեն:

«Մենք անգրագետ չենք: Հարցը մեր աչքերն են: Ինչո՞ւ պիտի լսողները ստանան ինֆորմացիա և զարգանան, իսկ ես դոփեմ տեղում: Ես էլ եմ ուզում զարգանալ»,- ասում է 22-ամյա Անուշ Դավթյանը:

Իսկ 25-ամյա Արթուր Կարոյանն առաջարկում է լսողական խնդիրներ չունեցողներին մի օր իջեցնել հեռուստացույցի ձայնը և փորձել կարդալ այդ վազող տողերը:

«Փորձել եմ տանը երեկոյան հեռուստացուցով լուսագիրը կարդալ, բայց այն պատկերի հետ չհամապատասխանեց: Ասում են` Եգիպտոսում միտինգներ են լինում, ուզում եմ միտինգի պատճառն իմանալ, բայց դա չի լինում: Ես պահանջում եմ, որ ժեստերի լեզվի թարգմանիչը վերադառնա հեռուստատեսություն»,- ասում է Արթուր Կարոյանը:

Խուլերի հետ միասին վրդովվում է նաև նրանց թարգմանչուհի Զուբեյդա Մելիքյանը: Նրա խոսքով` այսօր Հայաստանում թարգմանիչների խնդիր կա, սակայն մեկ հաղորդման համար թարգմանիչ գտնելը բարդ գործ չէ:

«Մի՞թե գումարի խնդիր ա: Հիսուն հազարի խնդիր ա: Մենք խուլերից 100-ական դրամ կհավաքենք, կտանք իրանց: Միայն թող թարգմանիչ լինի»,- ասում է Զուբեյդա Մելիքյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am