«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին պետք է փոխել՝ գազի սակագնի շուրջ լարում առաջացնելու համար»․ Լեւոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարո՛ն Շիրինյան, ռուսական կողմից հայտարարություն եղավ, որ այս տարի Հայաստանին վաճառվող գազի գինը սահմանին չի թանկանա, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարեցին, որ չի բացառվում՝ առաջիկայում գազի սակագնի հայտ քննարկվի։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

– Ինձ թվում է՝ խարդավանքը հայկական կողմում է։ Այս լարված օրերին հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հայտարարությունն ու տագնապ գցելը կարող ենք դիտարկել երկրում ստեղծված անհանգիստ վիճակում ավելի անհանգիստ վիճակ առաջացնելու միտում։

Նույնիսկ եթե կար նման խնդիր, այս օրերին չպետք է այդ մասին հայտարարեին։ Մասնագետները պետք է հաշվարկներ անեն, աշխարհում գազը էժանանում է, այստեղ՝ թանկանում։ Թող գտնեն ձևեր ու ճիշտ լուծումներ ներկայացնեն մեզ։

– Այս դեպքով կարո՞ղ ենք գործ ունենալ ռուսական կողմի ճնշումների հետ, քանի որ նախորդ տարիների գազի հարցով մշտապես ճնշումներ են գործադրվել Հայաստանի վրա։ 

– Եթե սահմանին չի թանկացել, ի՞նչ հիմք ունենք նման բան ասելու։ Հետևաբար, ուրիշ պատճառներ թող որոնեն։ Նորից նույն հեքիաթներն սկսեցին, կարծես Սերժի ժամանակները հստակ վերդառնում են՝ մարդասպանություն, ինքնասպանություններ և գազի պրոբլեմ։

Կառավարությունը նման սաբոտաժ ստեղծողներին պետք է պատժի ենթարկի, ի՞նչ կարիք կար այս լարված օրերին դա ասելու։ Ինձ թվում է՝ երբ վարչապետը խոսում էր այն մասին, որ պետական ապարատում սաբոտաժ կա, այս դեպքը դրա հետ կապ ունի։

– Տարիներ շարունակ խոսվել է, որ գազի հարցում որպես այլընտրանք Հայաստանը կարող է դիտարկել իրանական գազը, սակայն առաջընթաց չկա այդ ուղղությամբ։ Ինչո՞ւ։

– Խոսում են, բայց չեն կարողանում անել։ Եթե պետությունն ուժեղ ու կայուն չէ, չի կարող մեծ հարցեր լուծել։ Հավանաբար, Իրանի հետ այդ հարցը մեծ հարց է, և, անշուշտ, ռուսական ճնշման հարց է։

Հիմա դա կարող է լուծել այն իշխանությունը, որը կայուն ու հզոր պետականության վրա է նստած։ Մեզ գիտարդյունաբերական երկիր է պետք, միայն այդ ժամանակ կլուծվեն խնդիրները։ Հիմա մոնոպոլիա է գազի ոլորտում, երկար տարիներով կնքել են մոնոպոլ պայմանագիր Ռուսաստանի հետ, Հանրապետականի ճորտերի վզին են փաթաթել, նրանք էլ անձամբ հարստացել են։ Այս տղայի հայտարարությունը ես դիտարկում եմ «Գազպրոմի» նախկին խաղերի ֆոնին։

Եթե երկրում լարված վիճակ է, և լարված վիճակում նորից լարում եք մտցնում, ուրեմն ես՝ քաղաքագետս, սկսում եմ ուրիշ բաներ մտածել։ Հեղափոխություն կոչվածը որևէ կերպ տնտեսությանը չի առնչվել, նույն բաները շարունակվում են։

– Հե՞շտ է արդոք խզել ռուսական կողմի հետ նախկին իշխանությունների կնքած գազային պայմանագիրը։

– Պայմանագիր խզելը մեծ պրոբլեմ է։ Պայմանագիրը վերանայել է պետք, իսկ դրա համար պետք է լինեն կայուն իշխանություն, զարգացող տնտեսություն և լավ կառավարող իշխանություն։

Դա կա՞, չկա։ Եթե վարչապետը հայտարարում է, որ պետական ապարատը սաբոտաժ է անում, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Ես կարծում եմ, պետք է վերանայել, քննել Հանրապետականի կնքած պայմանագրերը իրենց էության մեջ։

Գոնե իմանանք՝ դրանք իսկապե՞ս պայմանագրեր են, թե՞ մեջը խութեր կան։ Ամեն ինչի մեջ խարդախություն կա, օրենքների մեջ ավելի մեծ խարդախություններ կան։

Մենք այդ պայմանագրերը չենք տեսել, իրենք էլ խոսում են, բայց պարզվում է, որ նախկին կառավարիչ հայ տղամարդը՝ Քոչարյանը, ամենամեծ ստախոսն էր։ Ասում է՝ ես իմ հրամանագրերից խաբար չեմ։ Իրենք հարստացել են, դղյակներ ունեն, բայց ասում են՝ խաբար չենք։

– Գազի գնի հնարավոր բարձրացումը կարո՞ղ է սոցիալական լարվածություն առաջացնել երկրում։

– Անշուշտ կարող է լինել։ Այսօր վարչապետը պետք է հստակ ընդունի այն, որ ժողովուրդը հեղափոխություն է արել և շատ մեծ ակնկալիքով է դա արել։ Հետևաբար, նրա ակնկալիքները պետք է բավարարեն այդ հեղափոխության իդեալները։

Երկրորդ՝ եթե պարզվի, որ խարդախություն կա, բացահայտ պետք է ասել՝այստեղ խարդախություն կա, հնարավո՞ր է այն լուծել, թե՞ ոչ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին պետք է փոխել՝ լարում առաջացնելու համար, որովհետև կարող ենք ասել, որ այդ կառույցը սաբոտաժի մի օղակն էր։

Մեկն ինքնասպանություն է գործում, մյուսը սկսում է գազից խոսել, գազ է տալիս լարմանը։ Թող այդ օղակը սեղմելով գնան ու տեսնեն, թե մյուս օղակներում ինչ է կատարվում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am