Միաժամանակյա 94 խուզարկություն, ընդհատակյա լաբորատորիաներ, կալանավորվածներ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ տվյալներ սկսել էին հավաքել դեռևս տարեսկզբին: Խոսքը հենց այն թմրաշրջանառության մասին էր, որ իրականացվում էր հաղորդակցության «Տելեգրամ» համակարգի միջոցով: Շուրջ կես տարվա համբերատար աշխատանք, լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և փազլի նման` կամաց-կամաց ամբողջացավ հանցավոր սխեման, տելեգրամյան հարթակ տնօրինողները սխեմայում զբաղեցրին իրենց անպատիվ տեղը, նրանց կողքին էին նաև կրիպտոարժույթի շուկայում հանցավոր միլիոնները լվացողները:

«Գլխավոր վարչության ուսումնասիրությունների, մանրակրկիտ վերլուծությունների, նաև միջազգային համագործակցության արդյունքում բացահայտվել են ոչ միայն ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող տելեգրամյան մոտ 50 հարթակներ, այլև պարզվել են կրիպտոարժույթի շուկայի միջոցով հանցավոր ճանապարհով ձեռք բերված միլիոնավոր դոլարների հասնող գումարների լվացման մեխանիզմներ ու դրանցում ներգրավված անձանց ինքնությունները»,- ասում է ՔՈԳՎ ավագ օպերլիազոր Վաղինակ Մինասյանը:

Ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալներն ուղարկվեցին Հատուկ կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչություն, և դրանց հիման վրա նախաձեռնվեց քրեական վարույթ:

Տեղեկություններն իրացնելու օրը հուլիսի 27-ին էր: Քննչական կոմիտեի, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներից բացի համալիր միջոցառմանը մասնակցեցին նաև Երևան քաղաքի վարչության, ոստիկանության մի քանի մարզային վարչությունների և բաժինների ծառայողներ: Տեղեկությունների արտահոսք թույլ չտալու նպատակով գրեթե միաժամանակ խուզարկություններ անցկացվեցին հանրապետության ամենատարբեր տարածքներում գտնվող 94 հասցեում: Հայտնաբերվեցին ընդհանուր առմամբ` ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանա, մոտ 124 գրամ մեթամֆետամին, նաև կանեփ, հոգեմետ դեղահաբեր, տարաներով ու փաթեթներով հալյուցինոգեն սունկեր ու կաթուցիչներ: Հայտնաբերվել է նաև տարատեսակ զենք ու զինամթերք:
Հայտնաբերվել է նաև թմրամիջոցների պատրաստման համար հարմարեցված երկու լաբորատորիա: Դրանցից մեկը ոչ միայն շատ խնամքով քողարկված էր, այլև ուներ պահեստային ելք:

«Հայտնաբերվել ու առգրավվել են նաև մեծ քանակի էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, պլանշետներ ու բջջային հեռախոսներ, որոնք կարող են պարունակել ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ: Եվ այս ուղղությամբ դեռ անելիք կա»,- նշեց ՔՈԳՎ ավագ օպերլիազոր Վաղինակ Մինասյանը:

Միջոցառման արդյունքում այս պահի դրությամբ կա ձերբակալված 24, կալանավորված 7 անձ: Նախաքննությունն ընթացքի մեջ է, հանցավոր սխեմայի այլ մասնակիցների հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»,- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: