«Ռուս խաղաղապահները պարտավոր են ամեն գնով վերադարձնել ադրբեջանցիներին ելման դիրքեր». արցախցի քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը

– Պարո՛ն Ազիզյան, նախ՝ խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ է կատարվում Արցախում:

– Արցախում տեղի ունեցող իրադարձությունները անմիջականորեն կապված են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ, և պատահական չէ, որ նման սրացումներ են տեղի ունենում արցախա-ադրբեջանական սահմանին: Սկզբում սահմանային լարվածություններ էին տարբեր ուղղություններով, այնուհետև՝ Խրամորթի ուղղությամբ, կիրառվում էին տարբեր տրամաչափի զինատեսակներ:

Այսինքն՝ ադրբեջանական կողմը, հաշվի առնելով ռուս-ուկրաինական ճակատում լարվածությունը և ինչ-որ տեղ նաև կանխորոշելով դրա տրամաբանական հետևանքները, փորձում էր լարվածություն առաջացնել, հրահրել: Հիմա, երբ այն ճակատում լարված վիճակը խորացել է, փորձում է օգտվել առիթից՝ ստեղծելով հումանիտար խնդիրներ, առաջացնելով սահմանային էսկալացիա:

Այս պահի դրությամբ կոնկրետ կարող եմ ասել, որ Խրամորթի, Փառուխի և Քարագլխի հատվածում խնդիրն առաջացել է մի քանի օր առաջ, երբ Խրամորթի մոտ լարվածության ժամանակ ռուս խաղաղապահ զորակազմը հայկական կողմին առաջարկել է Փառուխի ուղղությամբ դիրքերից հայկական զորքերի հայելային հետքաշում կատարել:

Բայց այդ առաջարկը եղել է ռուսական զորակազմի երաշխավորությամբ, որ այնտեղ խաղաղապահների մշտական ներկայություն կապահովվի: Ինչպես տեսնում ենք, մշտական տեղակայվածության պայմանավորվածությունը խախտվել է, և երաշխավորությունը չի իրականացվում: Ավելին, հետքաշումից հետո ռուսական զորքերը այնտեղից դուրս են եկել, չեն մնացել:

– Այսինքն՝ ռուսական կո՞ղմն է պայմանը խախտել:

– Այո՛, այո՛, իսկ տեղում նրանց բացակայությունից օգտվել է թշնամին ու առանց որևէ դիմադրության մտել:

– Այդ դեպքում ինչո՞ւ է հայկական կողմը ականջալուր եղել ռուսական առաջարկություններին, ինչից էլ, փաստորեն, ադրբեջանական կողմն օգտվել է: Ի՞նչ եք կարծում՝ սա արդյոք կանաչ քարտ չէ՞ր ռուսական խաղաղապահ առաքելության կողմից ադրբեջանցիների համար:

– Հենց այդ է, որ կասկածներ կան, որոնք հիմնավորված են: Հիմնավորված են այն առումով, որ եթե երաշխիքներ են տրվել այդ դիրքերում մշտական ներկայություն ապահովելու համար, ապա պետք է պահի այդ պայմանը, խոստումը:

Եթե չի պահպանում և այսօր էլ բանակցությունների միջոցով չի կարողանում ադրբեջանական ներխուժումը կանխել, վերադարձնել ելման դիրքեր, ապա դա լուրջ կասկածների տեղիք է տալիս:

Մեծ հաշվով, մեզ հետաքրքիր էլ չէ՝ բանակցությունների՞ միջոցով, թե՞ ռազմական ճանապարհով ռուսական կողմը պետք է լուծի խնդիրը: Իսկ եթե մոտակա ժամանակներում ռուսական կողմը չկարողանա խնդիրը լուծել, ապա դա արդեն կհաստատի այդ կասկածները, և նաև հետագայում փոխվստահության առումով մեծ ռիսկեր կարող են առաջանալ: Վաղը կարող են Խրամորթի կամ այլ հատվածներում հաստատվել, հետո՞:

– Այսինքն՝ դուք միտո՞ւմ եք տեսնում, ռուսական կողմը թույլ է տալիս, որ Ադրբեջանը առաջանա:

– Այո՛, եթե պայմանավորված չէ, ապա ռուսական խաղաղապահ զորակազմը պարտավոր է նրանց ամեն գնով վերադարձնել ելման դիրքեր, ուզում է բանակցություններով լինի, ուզում է բիրտ ուժով լինի՝ դա մեզ չի հետաքրքրում:

Շահարկումներ են գնում, թե Արցախի իշխանությունները հանձնում են հողերը և այլն: Չկա նման բան, ո՞վ կարող է նման բան անել: Ոչ մի հանձնում չի եղել, հետքայլը կատարվել է ռուսական կողմի երաշխավորությամբ: Պաշտպանության բանակը մինչև վերջ իր առջև դրված խնդիրը լավագույնս կատարում է: Երեկ էլ, տեսանք՝ զոհեր եղան, փառք նրանց: Դիրքեր լքելու, մարտական դիրքը թողնելու մասին խոսակցություններ չեն կարող լինել:

– Իսկ Արցախի իշխանություններն ի՞նչ են անում, երեկ փոքր ակցիա տեղի ունեցավ, որի մասնակիցների հետ Արայիկ Հարությունյանը հանդիպեց:

– Արցախի իշխանությունները ակտիվ կապի մեջ են ռուս խաղաղապահ առաքելության զորակազմի հետ, որոնք բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ: Իրականում հայկական կողմը չի էլ կարող գնալ բանակցել, որովհետև ադրբեջանական կողմը հրաժարվում է հայկական կողմի հետ ցանկացած բանակցության գնալուց:

Բացի այդ, պետք է հասկանանք, որ հայկական կողմը բանակցելու խնդիր չունի էլ, որովհետև այստեղ պատասխանատվությունն ռուսական կողմի վրա է: Ի վերջո, տարածքը, որտեղ դեպքը տեղի է ունեցել, գտնվում է ռուսական զորակազմի անմիջական հսկողության ներքո:

Ինչ վերաբերում է երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիային, մարդիկ հավաքվել էին հրապարակում: Այդ հավաքն ինչ-որ առումով ինքնաբուխ էր, և ոմանք պահանջներ էին ներկայացնում իշխանություններին գործելու, ինչ-որ բան անելու: Մինչդեռ ես արդեն ասացի՝ ովքեր են կատարվածի պատասխանատուները:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am