Հրազդանում 39-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում սպանել է 64-ամյա տղամարդուն. ՔԿ

2023 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:44-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան» բժշկական կենտրոնի անձնակազմը մեկնելով կանչի հասցե՝ ք. Հրազդանի Վանատուր թաղամասի տներից մեկը, մահացած վիճակում հայտնաբերել է մի տղամարդու: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:     

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվել է, որ մահացածը Եղվարդի բնակիչ, տվյալ տանը վարձակալությամբ բնակվող, 64-ամյա Ա.Հովհաննիսյանն է։ Զննությամբ  դիակի վրա՝ գլխի շրջանում, հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ:

Պարզվել է, որ նշված տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել վերջինիս և հարևանությամբ բնակվող, Հրազդանի 39-ամյա բնակչի միջև, որի ընթացքում վերջինս Ա.Հովհաննիսյանին գլխի շրջանում հասցրել է հարվածներ, ինչի հետևանքով 64-ամյա տղամարդը մահացել է:

Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Հրազդան քաղաքի 39-ամյա բնակիչը ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Քննիչի կողմից կայացվել է նրան ձերբակալելու որոշում։ Վերջինս հարցաքննվել է և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։