Հայկ Ալումյանը հրապարակեց մի հատված Վերաքննիչում Ռոբերտ Քոչարյանի ելույթից

Հայկ Ալումյանը հրապարակեց մի հատված Վերաքննիչում Ռոբերտ Քոչարյանի ելույթից
Հայկ Ալումյանը հրապարակեց մի հատված Վերաքննիչում Ռոբերտ Քոչարյանի ելույթից

«0038» հրամանը ոչ հրապարակված մասով, ոչ էլ չհրապարակված մասով չի վերաբերում զորքի կիրառմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ռոբերտ Քոչարյանն ընդամենը հրաման է տվել այնպես անել, որ հանկարծ զինված ուժերը չխառնվեն քաղաքական գործընթացներին», – ասել է փաստաբանը՝ ընդգծելով, որ փետրվարի 23-ի դրությամբ արդեն ԵԿՄ-ում խմորումներ էին, որոշում էին՝ միանալ ընդդիմադիրներին, թե ոչ, պաշտպանության երկու փոխնախարար հայտարարել էին, որ պատրաստ են աջակցել ընդդիմադիրներին, և արդեն խոսակցություններ էին գնում, որ որոշ ստորաբաժանումներ պատրաստ են անցնել ընդդիմադիրների կողմը:

Ալումյանի խոսքով՝ Քոչարյանն այս իրավիճակում այդ հրամանը ստորագրել է, որպեսզի իրադարձությունները Հայաստանում չզարգանան ադրբեջանական սցենարով: Այս համատեքստում փաստաբանը հրապարակել է նաեւ մի փոքր հատված Վերաքննիչ դատարանում Քոչարյանի ունեցած ելույթից, որը նրա գնահատմամբ, չի առնչվում նախաքննական գաղտնիքին:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ասել է, որ իրենց աչքի առջև ունեին Ադրբեջանի փորձը, երբ  90-ականներին մեկ խռովարար զինվորականը` Սուրաթ Հուսեյնովը, զորքի մի հատվածը շրջեց իշխող վարչակազմի դեմ, ինչի հետևանքով Ադրբեջանում հարյուրավոր զոհեր եղան:

«Իշխանությանը հաջողվեց ճնշել զինվորական ապստամբությունը, բայց այդ ընթացքում Ադրբեջանը կորցրեց նաև 3 տարածք»,- ասել է փաստաբանը՝ ավելացնելով, որ ըստ Քոչարյանի, իրենք չէին կարող նման իրավիճակ թույլ տալ Հայաստանում:

Ալումյանն ընդգծել է, որ «0038» հրամանի մեջ զորք օգտագործելու մասին խոսք չկա, ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը պետք է տեղափոխվեր զորանոցային վիճակի, որպեսզի կանխեր բանակի հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներին:

Իսկ թե ինչու հավաքական ստորաբաժանումները, ինչպես ասվում է հրամանում, պետք է համալրվեին հոգեբանորեն կայուն ծառայողներով, Ալումյանը բացատրել է.  «Որպեսզի այն մարդիկ, ում իրենք ապավինում են, հիմա էլ նրանք չանցնեն մյուս կողմը»:

Ալումյանը նշել է, որ թեև Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց այս պահին սահմանված չէ, նա Երևանում է և հեռանալու մտադրություն չունի:

ՀՀ երկրորդ նախագահի կրկնակի կալանավորման դեպքում պաշտպանական կողմը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ 2008թ․ Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Պաշտպանական կողմը պնդում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը և բեկանեց Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանն ազատ արձակվեց։ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել է, որ դատարանն այդ որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով Քոչարյանի անձեռնմխելիությունը։