Թրամփ․ Հորմուզի նեղուցը բաց է, սակայն Իրանի դեմ շրջափակումը ուժի մեջ է

Թրամփը շնորհակալություն է հայտնել Հորմուզի նեղուցը բացելու համար։ Սակայն, նշել է, որ շրջափակումը ուժի մեջ է:

«Իրանն այժմ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը ամբողջությամբ բաց է և պատրաստ լիարժեք անցման համար։ Շնորհակալություն»,– գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում։

Հայտարարությունը հնչում է լարվածության ֆոնին, որը ձևավորվել էր վերջին շաբաթներին ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողություններից հետո։ Ավելի վաղ Թեհրանը սահմանափակել էր նավթային փոխադրումները Հորմուզի նեղուցով, որը համարվում է աշխարհի ամենակարևոր էներգետիկ միջանցքներից մեկը։

Վերլուծաբանները նշում էին, որ նեղուցի վերաբացումը կարող է կարևոր ազդակ լինել լարվածության թուլացման և էներգետիկ շուկաների կայունացման համար։ Ավելի ուշ Թրամփը կրկին գրառում է կատարել՝ ընդգծելով, որ թեև նեղուցը բաց է լիարժեք անցման համար, Իրանի նկատմամբ կիրառվող ռազմածովային շրջափակումը կշարունակի ուժի մեջ մնալ մինչև երկու երկրների միջև գործարքի ամբողջական ավարտը։ Նրա խոսքով՝ գործընթացը կարող է արագ ավարտվել, քանի որ կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։