Դատախազությունը Մարտի 1-ի մասին հիմա և մեկ տարի առաջ

Դատախազությունը Մարտի 1-ի մասին հիմա և մեկ տարի առաջ
Դատախազությունը Մարտի 1-ի մասին հիմա և մեկ տարի առաջ
Հեղինակ MediaLab

2018 թվականի փետրվարի 23-ին ԱԺ-ում Մարտի 1-ի գործով լսումներից անցել է ուղիղ մեկ տարի:

Մեկ տարի առաջ` փետրվարի 23-ին,  6-րդ գումարման Ազգային ժողովում անցկացվեցին Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որը նախաձեռնել էր «Ելք» խմբակցությունը։

Նիստին ներկա էին Մարտի 1-ի զոհերի ծնողները, Ազգային ժողովի պագամավորները, ՀՀ գլխավոր դատախազության առանձնապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը և քաղհասարակության անդամները։  

Այդ լսումներից անցել է մեկ տարի, և այսօր Մարտի 1-ի դեպքերի քննությունն այլ ընթացք է ստացել։

Տեսնենք, թե ինչ է փոխվել դատախազության՝ մեկ տարի առաջ արված հայտարարություններում և հիմա։

Նախագահների հարցաքննությունը

2018 թվական, փետրվարի 23

ԱԺ լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության առանձնապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանի՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին հարցաքննության հրավիրելու մասին հարցին, նշել էր, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը և ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չեն հարցաքննվել․ «Անձանց հարցաքննությունը ինքնանպատակ չի կարող լինել։ Անձանց հարցաքննության համար պետք է պարզման ենթակա որոշակի տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն լինի, քննության ներկա փուլում նման անհրաժեշտություն չկա»,- նշել էր դատախազը։

2019 թվական, փետրվարի 23

Մեկ տարի անց՝ այսօրվա դրությամբ, կալանքի տակ է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրված նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է դատարան։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով նախագահին առաջադրված մեղադրանքի և նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին, նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի արարքները թե՛ բովանդակային թե՛ ձևական առումով համահունչ չեն Սահմանադրությանը․ «Մեր մեղադրանքի ձևակերպումները, ինչում այսօր մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես նախագահի գործառույթներից բխող»։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը հայտնել է, որ իրենք բերել են այն հիմնավորումները, որ կա այս փուլում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն։

Մարտի 1-ի գործով մեկ տարի անց հարցաքննվել են նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

0038 հրամանը

2018 թվական փետրվարի 23

Լսումների ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Բիշարյանին հարցրել էր, թե արդյո՞ք քննության առարկա են դարձել Մարտի 1-ի գործով տրված հրամանները,  դրանք որքանո՞վ են նպաստել սպանությունների իրականացմանը և ի վերջո՝ քրգործում կա՞ «0038» հրամանը:

Կարեն Բիշարյանը, ի պատասխան, ասել էր․ «Մենք քննում ենք բոլոր իրական վարկածները, բայց ոչ երևակայական»։ Խոսելով «0038» հրամանի մասին՝ դատախազության ներկայացուցիչն ասել էր, որ քրեական գործում նման հրաման լինելու մասին որևէ փաստական հանգամանք չկա:

2019 թվական փետրվարի 23

0038 հրամանի առկայության մասին ՀՀ նոր իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս են առիթ ունեցել խոսելու։ Այս առիթով ուշագրավ հայտարարություններով հանդես է եկել հատկապես ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Ըստ նրա, այդ հրամանով հիմնավորվում է, որ Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցել են զինված ուժերը: Հրամանը նախկինում քրեական գործում չի եղել մինչև այս տարվա հուլիս ամիսը: Ընդ որում, այն ստորագրվել է փետրվարի 23-ին, այլ ոչ մարտի 1-ին: Այդ հրամանից որոշակի հատվածներ դեռ շատ ավելի վաղ էին հայտնվել համացանցում։ Նոր իշխանություններն էլ իրենց հերթին էին գաղտնազերծել որոշ հատվածներ։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ, խոսելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությունների մասին, թե մեղադրանքը անհիմն է, քանի որ չեն կարող մեղադրանքի հիմքում դրվել դատական ակտով արդեն իսկ կայացած դատավճիռները, ասել է, որ Մարտի 1-ի քրեական գործի այսօրվա փաստակազմը տրամագծորեն տարբերվոմ է 2008 թվականի քննության փաստակազմից, ձեռք բերված տվյալները բացարձակապես այլ բանի մասին են խոսում։ «Փաստակազմի էական տարբերության պայմաններում Քոչարյանի մեղադրանքը որևէ հակասության մեջ չի մտնում նախկինում կայացված դատական ակտերի հետ։ Այսօրվա քննությամբ ձեռք բերված տվյալներն առանձին դեպքերում նաև վկայում են նախկինում կայացված որոշակի դատական ակտերի վերանայման առևերույթ հիմքերի մասին»։  

Պաշտոնյաների մեղսակցությունը

2018 թվական, փետրվարի 23

Մեկ տարի առաջվա Աժ լսումներին Կարեն Բիշարյանը Գևորգ Ղահրամանյանի և «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք քննության առարկա է դարձել ոչ թե իշխանությունը զավթելու համար զանգվածային անկարգություններ հրահրելու հանգամանքները, ինչի հիման վրա նախորդ իշխանությունների օրոք կայացվեցին դատական ակտեր, այլ ընդհակառակը՝ իշխանությունը պահելու համար արված գործողությունները, պատասխանել էր․ «Քննության ընթացքում առաջ են քաշվել իրականության հետ աղերս ունեցող վարկածները»։ Այսպիսով, դատախազության ներկայացուցիչը փաստել է, որ գործի քննության հիմքում դրվել են միայն այն ժամանակվա իշխանությունների պնդումները։

2019 թվական, փետրվարի 23

Հատուկ քննչական ծառայությունը ոստիկանների կողմից փաստաթղթերը կեղծելու առնչությամբ քրեական գործ է հարուցել և այն կցել Մարտի 1-ի գործի նյութերին։ Ըստ հարուցված քրգործի, 2008-ի մարտի 1-ին ոստիկանության առնվազն 1.300 ծառայողներ Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները։ Իսկ այդ գործողությունները քողարկելու համար կեղծվել են փաստաթղթեր, ըստ որոնց, իբր, ոստիկաններն Ազատության հրաապարակ էին գնացել ուցարարների մոտ զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին տեղեկությունները ճշտելու համար, բայց այնտեղ հանդիպելով ցուցարարների կողմից դիմադրության, ստիպված են եղել նրանց դուրս հանել հրապարակից:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ուղիղ մեկ տարի առաջ պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները և պնդումները տրամագծորեն տարբերվում են ներկայիս իրավիճակից։

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am