Արցախի դատախազությունն անհիմն է համարում հարուցված քրեական գործին այլ երանգներ տալու Շուշիի քաղաքապետի փորձերը

Շուշիի տեղահանված բնակիչներին տրամադրվող 300 հազարական դրամի չափով ֆինանսական աջակցության ցուցակներում, շահառուների վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած պահանջները չբավարարող 7 անձի ներառելու հիման վրա հարուցված քրեական գործի հիմք հանդիսացող նյութերում որևէ տեղեկություն չկա պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակության դեպքի մասին:

Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկացավ Արցախի գլխավոր դատախազությունից: «Պարզաբանում ենք հետևյալը. քրեական գործի հարուցման հիմք հանդիսացող նյութերում որևէ տեղեկություն չկա պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակության դեպքի մասին, ինչպես մեկնաբանվում են դատախազությանն ուղղված տարբեր հարցադրումներում: Իրավապահ մարմնին ուղղված հաղորդման քննարկման ընթացքում կատարվել են հարցումներ, վերցվել են բացատրություններ, որոնց ընթացքում յոթ քաղաքացիներ հայտարարել են տարիներ շարունակ Շուշի քաղաքում չբնակվելու, սակայն այդ ցուցակներում ներառվելու մասին:

Վերոհիշյալ հանգամանքները հիմք են հանդիսացել տվյալ դեպքի կապակցությամբ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով քրեական գործ հարուցելու համար: Հատկանշական է, որ նմանատիպ դեպքերի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել՝ ոչ միայն Շուշիի, այլև Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի շրջանների մի շարք համայնքների ցուցակներում վեր հանված անճշտությունների կապակցությամբ, հետևաբար անհիմն են Շուշիի համայնքի ղեկավարի` քրեական գործի հարուցմանը այլ երանգներ տալու փորձերը:

Դատախազությունն ընդամենը հրապարակել է այն տեղեկությունները, որոնք հիմք են հանդիսացել Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քրեական գործ հարուցելու համար, հրապարակված տեղեկությունը ենթակա է նախաքննության շրջանակում մանրակրկիտ քննության, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը պարտադիր հնարավորություն կընձեռի Արծվիկ Սարգսյանին` ներկայացնելու նաև իր փաստարկներն ու պարզաբանումները»,-նշված է Արցախի գլխավոր դատախազության մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ՝ ապրիլի 5-ին, Արցախի դատախազության կայքում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին տրամադրվող դրամական աջակցության համար Շուշիի համայնքի ղեկավարի կողմից Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված ցուցակներում շահառուներին ներկայացվող պահանջները չբավարարող թվով 7 անձի ներառելու և նրանց կողմից 300 հազարական դրամ գումար ստանալու դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին: 

Քրեական գործը հարուցվել է Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով և 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 

Դատախազության հրապարակումից հետո Շուշիի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ քրեական գործը հարուցվել է իր քաղաքական դիրքորոշումների համար: