Ուղերձից պարզ դարձավ, որ Փաշինյանը, խաղաղություն ասելով՝ նկատի ունի Ադրբեջանի բոլոր պահանջների կատարումը. Քրիստինե Վարդանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, նախօրեին Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմեց ժողովրդին: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն էր ուղերձի ասելիքն ու նպատակը:
– Ուղերձի նպատակը կամ իմաստն այն էր, որ Փաշինյանը, գնահատելով իր քայլերի ու քարոզչության արդյունքը, հասկացել է, որ, այդուհանդերձ, որքան էլ խաղաղության գաղափարը ցանկալի է մեր ժողովրդի համար, բայց հասարակությունը, գոնե մի ստվար հատված, չի հասկանում ու չի պատկերացնում, թե ինչպե՛ս կարող է լինել խաղաղություն, երբ մեր գերիները Բաքվի բանտերում են, երբ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են:
Շատ տրամաբանական հարցեր են հնչեցնում՝ կասկածի տակ դնելով այն գաղափարները, որոնք ներկայացնում է իշխող ուժը, ու ընդհանրապես չվստահելով քարոզչությանը: Դրա համար էլ անհրաժեշտություն էր առաջացել հանդիսավոր կերպով անձամբ խոսել ու արդարացնել Ադրբեջանի գործողությունները, պահանջներն ու ներկա իրավիճակը: Փաշինյանն ի վերջո հայտարարեց, որ անգամ այն բանից հետո, երբ Ադրբեջանի բոլոր նախապայմանները պայմանավորվածության տեսք են ստացել, ու չի էլ կարողանում ասել, թե դրա դիմաց Հայաստանն ինչ է ստացել, այնուամենայնիվ, անգամ այդ ամենից հետո Ադրբեջանը դեռևս տարածքային պահանջներ ունի:
Փաշինյանը, ըստ էության, հաստատեց այն, ինչ փորձագետները, ընդդիմադիր դաշտը տարիներ շարունակ ասում են, որ Ադրբեջանի պահանջների կատարումը չի բերելու Ադրբեջանի կողմից նախապայմանների դադարեցմանը, այլ՝ ընդհակառակը: Այն բանից հետո, երբ ասում է, թե սկսվել է խաղաղության գործընթաց, հայտարարում է, որ կան տարածքներ Հայաստանում, որոնք ադրբեջանական են:
Աբսուրդային են նրա պնդումները, թե գերիների հարցն առանձնացրել են խաղաղության գործընթացից, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը առաջացել է արցախյան հակամարտությունից:
Հարց է առաջանում․ առանց այդ հարցին անդրադառնալու՝ ի՞նչ խաղաղության գործընթացի մասին է խոսքը, ինչպե՞ս կարող են կողմերն ունենալ կոնֆլիկտի առարկա, ու մեկը հայտարարի, որ ամեն բան կարգին է՝ առանց այդ կոնֆլիկտի խնդրին անդրադառնալու: Հետևություն, որ Փաշինյանը, խաղաղություն ասելով, նկատի ունի Ադրբեջանի բոլոր պահանջների կատարումը: Եթե, ըստ Նիկոլ Փաշինյանի ներկայացման, Ադրբեջանի պահանջները սկսվում ու ավարտվում են Արցախով, այդ դեպքում, ինչո՞ւ է հիմա Ադրբեջանի բանակը Հայաստանի ներսում, ու ինչո՞ւ է Ադրբեջանը պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը ու Հայաստան վերադառնան ադրբեջանցիները:
Ստացվում է, որ Ադրբեջանի պահանջները ամենևին էլ Արցախով չեն սկսվում ու ավարտվում: Փաշինյանի ուղերձը արդարացնելու, բացատրելու ու Ադրբեջանի տեսակետները ներկայացնելու համար էր, բայց վստահ եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում կկարողանանք մարդկանց ուղղակի ցույց տալ ճշմարտությունը, որ նման թուղթը չի կարող խաղաղություն բերել, դա պարզագույն ճշմարտություն է, բոլորս ենք խաղաղություն ուզում, բայց Փաշինյանի բանակցած թուղթը չի կարող խաղաղություն բերել:
– Ի՞նչ հետևողական աշխատանք նկատի ունեք, և ո՞վ պետք է դա անի:
– Առաջին հերթին քաղաքական ուժերն ու գործիչները, եթե Նիկոլ Փաշինյանը կեղծիքի հետևողական արշավ է սկսել, նկատի ունեմ այն, որ թուղթը, որում նշված են միայն Ադրբեջանի պահանջները, ու Հայաստանի ձեռքբերումը հայտնի չէ, փորձում է ներկայացնել իբրև դարի խաղաղություն, մենք ուղղակի պետք է ներկայացնենք իրականությունը, որ շատ պարզ է:
Աշխարհում չկա նախադեպ, երբ գերիներով, թշնամու զորքերը քո տարածքում խաղաղություն է լինում, չկա նաև նախադեպ, երբ ուղղակի թուղթ ստորագրելով՝ առանց երաշխիքների ու ուժային բալանսի, խաղաղություն է լինում: Մեր խնդիրն է ժողովրդին ներկայացնել ճշմարտությունը ու թույլ չտալ մանիպուլացնել, մեր առջև դրված կարևորագույն խնդիրը սա է:
– Տիկի՛ն Վարդանյան, կարծում եք՝ կհաջողե՞ք:
– Սա մեր պարտականությունն է, միշտ շատ ավելի հեշտ է պայքարել ճշմարտության համար ու ներկայացնել ճշմարտությունը, քան պայքարել կեղծիքը ճշմարություն դարձնելու համար: Մնացածն արդեն ընթացքը, գործողություններն ու աշխատանքը ցույց կտան:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















