The Guardian-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի հսկա արձան կառուցելու նախագծին

The Guardian-ը հոդված է հրապարակել Գագիկ Ծառուկյանի, նրա մասնավոր կենդանաբանական այգու և Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի հսկա արձանի նախագծի մասին։

Հոդվածում նշվում է, որ Երևանի մերձակայքում՝ Արինջում գտնվող Ծառուկյանի առանձնատան տարածքում պահվում են վագրեր, առյուծներ և ալիգատորներ, իսկ շքեղ սրահներից մեկում ցուցադրված են խրտվիլակ դարձված կենդանիներ, այդ թվում՝ սպիտակ վագրեր, արծիվ, արջի և գայլի մորթիներ։

The Guardian-ը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը, որը հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է 4 տոկոսից քիչ ձայն, այժմ փորձում է իր հետքը թողնել Հայաստանում՝ կառուցելով, իր խոսքով, աշխարհի ամենամեծ Հիսուս Քրիստոսի արձանը։

Արձանը նախատեսվում է տեղադրել Երևանի արևելքում գտնվող Հատիս լեռան վրա՝ մոտ 2500 մետր բարձրության վրա։ Ըստ Ծառուկյանի՝ այն պետք է դառնա «Հայաստանի այցեքարտը»։ Նա պնդում է, որ քրիստոնեությունը կարող է դառնալ Հայաստանի նոր բրենդը։

Նախագծի համաձայն՝ արձանը պետք է ունենա 101 մետր բարձրություն։ Ծառուկյանը The Guardian-ին ասել է, որ այն ավելի մեծ կլինի Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի հայտնի արձանից և ավելի բարձր՝ Նյու Յորքի Ազատության արձանից։

«Մենք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգն ենք։ Տրամաբանական է, որ պետք է ունենանք աշխարհի ամենամեծ Հիսուսի արձանը»,- ասել է Ծառուկյանը The Guardian-ին։

The Guardian-ը գրում է, որ նախագիծը քննադատության է արժանացել Հայ առաքելական եկեղեցու և բնապահպանների կողմից։ Եկեղեցու ներկայացուցիչները պնդում են, որ նման մասշտաբի և ոճի արձանը ներդաշնակ չէ հայկական քրիստոնեական ու ճարտարապետական ավանդույթներին, իսկ բնապահպանները զգուշացնում են Հատիսի բնական միջավայրին հնարավոր վնասի մասին։

Ծառուկյանը, սակայն, մերժել է քննադատությունը՝ պնդելով, որ լավ հարաբերություններ ունի Հայ առաքելական եկեղեցու հետ և հիշեցնելով, որ իր միջոցներով Հայաստանում մի քանի եկեղեցի է կառուցվել։

Հոդվածում նշվում է, որ արձանի կառուցումը սկսվել է դեռ 2022 թվականին, սակայն նախագիծը դեռ ավարտված չէ։ The Guardian-ի լրագրողը նկարագրում է, որ արձանի հսկա սպիտակ հատվածները դեռ գտնվում են Երևանի մերձակայքում գտնվող շինհրապարակում, որտեղից դրանք պետք է տեղափոխվեն լեռան գագաթ։

Ծառուկյանը պատմել է, որ սկզբում նախատեսվում էր արձանի մասերը լեռ տեղափոխել ուղղաթիռով, սակայն այդ տարբերակից հրաժարվել են։ Այժմ նախատեսվում է դրանք բարձրացնել բեռնատարներով և տեղում հավաքել։

The Guardian-ը անդրադառնում է նաև Ծառուկյանի քաղաքական անցյալին՝ նշելով, որ նա երկար տարիներ եղել է Հայաստանի ամենաազդեցիկ գործարարներից ու քաղաքական դերակատարներից մեկը, իսկ նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջին ընտրություններում չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։

Հոդվածում նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանին ներկայացրել է որպես հին օլիգարխիկ համակարգի խորհրդանիշ։ Հիշեցվում է, որ ընտրություններից հետո քննիչները այցելել են Ծառուկյանի առանձնատուն՝ նրան հարկային գործով մեղադրանք առաջադրելու համար։ Ծառուկյանը մերժել է այն պնդումները, թե փորձել է լքել Հայաստանը՝ ասելով, որ պատրաստվում էր կարճատև այցի մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։

Ըստ The Guardian-ի՝ Ծառուկյանի կրոնական նախագծերը չեն սահմանափակվում Հիսուս Քրիստոսի արձանով։ Նա արդեն սկսել է նաև հսկա Նոյյան տապանի կառուցումը, որը, ըստ ներկայացված նախագծի, պետք է ունենա 134 մետր երկարություն, 24 մետր լայնություն և 18 մետր բարձրություն։ Ծառուկյանի խոսքով՝ դրա ներսում պետք է լինեն թանգարան, հյուրանոց և սրճարան։

«Այս նախագծերը սրբազան են։ Այսպես եմ ես իմ անունը գրելու պատմության մեջ»,- ասել է Ծառուկյանը The Guardian-ին։