Կյանքն անիվների վրա. «Հիմա ոստիկանները հեծանվորդ տեսնելիս բարձրախոսով չեն ասում՝ ճանապարհն ազատիր»

Կյանքն անիվների վրա. «Հիմա ոստիկանները հեծանվորդ տեսնելիս բարձրախոսով չեն ասում՝ ճանապարհն ազատիր»
Կյանքն անիվների վրա. «Հիմա ոստիկանները հեծանվորդ տեսնելիս բարձրախոսով չեն ասում՝ ճանապարհն ազատիր»

Եթե մի քանի տարի առաջ Երևանի փողոցներում հեծանվորդների ներկայությունը խիստ տարօրինակ և ուշադրության արժանի երևույթ էր, ապա վերջին մեկ տարվա ընթացքում պատմությունը կարծես թե փոխվում է: 

Տրամադրությունների փոփոխությունները և հեծանիվների հանդեպ հատկապես երիտասարդների տրամադրությունների և հեծանիվների ներկրման աճի մեծ տեմպերը սկսում են հույս ներշնչել, որ մայրաքաղաքը ծանրացնող թանկարժեք բրաբուսների և թյունինգ արած այլ մեքենաները քիչ-քիչ կարող են իրենց տեղը զիջել էկոփոխադրամիջոցին:

Վիճակագրության համաձայն՝ միայն այս տարվա եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, հեծանիվների ներկրումն աճել է առնվազն 61 տոկոսով, ինչը, ըստ մասնագետների, աննախադեպ է:

«Մեզ սկսել են նկատել, և հաճախ ոչ վատ իմաստով,- «Մեդիալաբին» ասում է 2009-ից տրանսպորտը հեծանիվով փոխարինած յոգայի ուսուցիչ 36-ամյա Վահագն Վարդումյանը: – Հիմա այլևս ոստիկանները հեծանվորդ տեսնելիս բարձրախոսով չեն ասում՝ ճանապարհն ազատիր, հեծանվորդների թիվը վերջին ժամանակներում առնվազն տասնապատկվել է»:

Եթե 2013-ի առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 14.700 հեծանիվ, ապա մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 9100 էր:

Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացման մեջ ներդրում ունեցող Սամվել Հովհաննիսյանն ասում է, որ իշխանությունների ուշադրությունը, հեծանվային կայանատեղերի բացումը, պրոֆեսիոնալ հեծանիվների խանութ-սրահներն արդեն խոսում են, որ ոլորտում լուրջ փոփոխություններ կան:

Սրա մասին վկայում են նաև հեծանվորդների ակտիվ ներկայությամբ տարբեր միջոցառումները, հյուրանոցների հետաքրքրությունը հեծանվային վարձույթի հանդեպ, ինչպես նաև սրճարանների կողմից հեծանվով «գրին դելիվերին»:

«Հինգ տարի առաջ ես մատներիս վրա կարող էի հաշվել, թե Երևանում քանի հեծանվորդ կա: Իսկ այսօր այնքան են շատացել, որ շատերին չեմ ճանաչում»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ սպորտի վարպետ, ամենահայտնի հեծանվորդներից մեկը` Սամվել Հովհաննիսյանը: – Եթե տարիներ առաջ մեքենաներն ազդանշան էին տալիս, այսօր նույնիսկ տարիքով մարդիկ, մեծահարուստներ, ովքեր շքեղ մեքենաներ ունեն, ուզում են լավ հեծանիվ ունենալ»:

Երևանի ծանրաբեռնված երթևեկության պայմաններում Սամվել Հովհաննիսյանն իր հեծանվորդ ընկերների հետ դեռևս 2007-ին սկսեց հեծանվային շարժումը` հիմնելով «Հեծանիվ պլյուս» ՀԿ-ն: Նրանց նպատակը հեծանվային մշակույթը որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց Հայաստանում քարոզելն էր` բնապահպանության, մշակութային կոթողների պաշտպանության և քաղաքացիական նախաձեռնություններին հեծանվարշավներով և ակցիաներով աջակցելով:

Սակայն Հովհաննիսյանը նշում է, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում մայրաքաղաքում նոր թափ ստացած հետաքրքրությունը անհամեմատ փոխել է իրավիճակը:

«Եթե նախկինում շատերը հեծանվորդ տեսնելիս ազդանշան էին տալիս կամ հետևից գոռում, թե ինչու է դուրս եկել փողոց, հիմա մեծ մասը ազդանշան է տալիս ողջունելու համար»,- ասում է նա:

Չնայած հայ հասարակության մեջ շատերի համար «լավ տղայի» կերպարը շարունակում է կարծրատիպային մնալ` սև շորերով, թանկարժեք մեքենայով և լավ տնով, իսկ հայ աղջիկն ու հեծանիվն առհասարակ իրար հետ եզր չունեցող բառեր են, այնուամենայնիվ, հեծանիվների ներկրմամբ զբաղվող ընկերությունները նշում են, որ տրամադրությունները փոխվում են տարբերի խավերի մոտ` շնորհիվ նորաձևության, որակյալ և նորաոճ հեծանիվների, ինչպես նաև վերջին տարիներին երիտասարդների՝ արտերկիր մեկնելու հնարավորությունների և դրսից ներս մշակույթ բերելու շնորհիվ:

«Արա ախպեր, արի մի հատ հեծանիվ քշենք, մանկություններս հիշենք, համ էլ շատ օգտակար ա»,- հայկական հեռուստասերիալների «լավ տղայի» կերպարները շատերի համար անսովոր՝ էկրաններին են հայտնվում հեծանիվներով:

Հայաստանում առաջիններից մեկը եվրոպական հեծանիվների ներմուծմամբ անցյալ տարվանից զբաղվող www.bike.am հեծանիվի խանութի վաճառքի գծով մենեջեր Ռուբեն Մարկարյանը նշում է, որ վաճառքը միայն իրենց մոտ առնվազն 50 տոկոսով ավելացել է:

«Եթե նախկինում շուկայում միայն անորակ ու էժան հեծանիվներ էին, հիմա շուկան պահանջարկին զուգահեռ փոխվել է, ընտրությունը մեծ է,- «Մեդիալաբին» ասում է Մարկարյանը: – Մեզ մոտ գները տատանվում են 139.000 – 1,2 միլիոն դրամի սահմաններում: Գնորդները հիմնականում երիտասարդներ են, որոնք գնացել են դուրս, տեսել են, հետաքրքրվել են, փոխել են իրենց մոտեցումները: Հեծանիվ ունենալը նոր ոճ է, նոր մոտեցում, որը սկսել է մարդկանց գրավել` անկախ խավից ու մոտեցումներից»:

Մեկ այլ հայտնի խանութի՝ Dreamland Bike-ի հիմնադիր Տիգրան Կորկոտյանը հավելում է, որ «Հայաստանում հեծանիվը մոդայիկ է դառնում, քանի որ մեր հասարակությունը զարգանում է»: Հեծանվային միջազգային բրենդում աշխատող հեծանվորդ Կորկոտյանը նշում է, որ երևանյան խանութում տեսականին բավական մեծ է, գները տատանվում են 200-600 հազարի սահմաններում, թեև «պոտենցիալը բավականին մեծ է»

«Հայաստանում հեծանիվը մոդայիկ է դառնում նաև այն պատճառով, որ հեծանիվ վարելն այլևս ամոթ չէ»,- «Մեդիալաբին» ասում է Կորկոտյանը, ով 2003 թվականից ապրում է Ֆրանսիայում : Նա նշում է, որ հայրենիքում հեծանիվի պրոֆեսիոնալ խանութ բացելով, բացի բիզնես հետաքրքրությունից, նաև նպատակ է ունեցել զարգացնել հեծանվային շարժումը:

Երևանի արվարձաններից մեկում բնակվող մասնագիտությամբ ոսկերիչ 29-ամյա Դավիթ Հարությունյանը «խելքից դուրս» է համարում հեծանիվի համար մեծ գումարներ տվողներին:

«Լսել եմ, որ շատ թանկ հեծանիվներ կան, ո՞ւմ են դրանք պետք: Իսկական հայ տղան պիտի մեքենա ունենա, հեծանիվով դուրս գամ փողոց, բոլորը վրես կծիծաղեն, իսկ աղջիկն ընդհանրապես պիտի տենց բաների մասին չմտածի»:

Մասնագիտությամբ լրագրող 25-ամյա Լիլիթ Առաքելյանը, ով նույնպես մայրաքաղաքի արվարձաններից մեկում է ապրում, նշում է, որ թեև շատ բան է փոխվել, սակայն վերաբերմունքը միանշանակ չէ, հատկապես ծայրամասերում:

«Որոշ ժամանակ ինքս հեծանիվ էի վարում, բացի տարօրինակ վերաբերմունքից, Երևանն իր ձևով դեռևս հարմարեցված չէ հեծանիվ վարելուն` անկանոն փողոցային երթևեկությունը, քաղաքի տարբեր ռելիեֆները, ինչպես նաև հարևանների վերաբերմունքը՝ բոլորը չէ, որ կարող են հաղթահարել»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Վերաբերմունքի մասին խոսում է նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ շեշտելով, որ հեծանիվները, մոտոռոլերները մեր հասարակության մեծ մասի մոտ անլուրջ տպավորություն են թողնում: Մտովի հետ գնալով երիտասարդ տարիներ՝ Ադիբեկյանը պատմում է, որ տարիներ առաջ սիրած աղջկա ծնողների հետ առաջին հանդիպմանը մոտոռոլերով ներկայանալով այնքան էլ լուրջ տպավորություն չի թողել նրանց վրա:

«Շատերի մոտ միջնադարյան հոգեբանությունը մնում է, և լուրջ մարդը մեծ տուն, մեծ մեքենա պետք է ունենա»,- «Մեդիալաբին» ասում է Ադիբեկյանը:

Յոգայի ուսուցիչը Վարդումյանը այնուամենայնիվ հավելում է, որ չնայած բազում խնդիրներին` երթևեկության կանոնների բացակայությանը, իրազեկության ցածր մակարդակին, ինչպես նաև հասարակության մեծ մասի «նյութապաշտական և սերիալային մակարդակին», վերաբերմունքը փոխվում է:

«Երբ հարցնում են հեծանիվի գինը և իմանում, որ իրենց մեքենայի կես գինն է, արդեն սկսում են ակնածանքով մտածել,- ասում է Վարդումյանը: – Հասկանում են՝ որ չնայած կարծրատիպերին, հեծանվորդը հեչ էլ կարիքի մեջ կոտորվող մարդ չի, այլ անհատ, որը գիտակցաբար ընտրել է հեծանիվը և իր կենսակերպը»:

Լուսանկարը` http://bike.am/ 

© Medialab.am