«Իրական Հայաստանի» մասին առաջարկվող նախագիծը լուրջ թակարդ է, որն օգտագործվելու է դեպի դիկտատուրա գնալու ճանապարհին. Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը: Հասցրե՞լ եք ծանոթանալ նախագծին, ինչի՞ մասին է այն:

– Նախագիծը նայել եմ, սա այն լուրջ թակարդն է, որն օգտագործվելու է դեպի դիկտատուրա գնալու ճանապարհին, որովհետև դիկտատուրաները միայն անձերով ու գաղափարներով չեն լինում, դրանք նաև ամրագրվում են օրենքներով, այդպես է եղել բոլոր ժամանակներում: Ամենապատկերավոր օրինակը հասարակության համար բերեմ. ֆաշիստական Գերմանիայում հրեաների նկատմամբ հետապնդումը կամայականորեն չէր իրականացվում, իրականացվում էր օրենք տառին համապատասխան: 

Այս նախագիծն էլ հենց այդ նույն տրամաբանության մեջ է, առաջին փուլում կարվեն առաջարկներ, թե ո՛րն է նախընտրելի տարբերակը ինչ-որ հարցերում, իսկ երկրորդ փուլում ուղղակի արգելելու են օրվա իշխանության համար ոչ ցանկալի խորհրդանշանները, ձևաչափերն ու բովանդակությունը, երրորդ փուլում նրանք, ովքեր չեն ենթարկվի այդ ամենին, ուղղակի կենթարկվեն քրեական պատասխանատվության: 

Եթե հասարակությունը չմերժեց այս պրոցեսը, ապա մենք ուղղակի հայտնվելու ենք մի իրավիճակում, որտեղ մեզ հայրենիք սիրելու կամ ինչ-ինչ խորհրդանշաններ սիրելու համար ուղղակի քրեական պատասխանատվության են ենթարկելու: Անողնաշար, անհայրենիք, առանց խորհրդանշանի, առանց մեր արմատների հետ կապի ուղղակի ապրելու ենք՝ որտեղ հաց, այնտեղ կաց տրամաբանությամբ:

– Այսինքն՝ ըստ այս նախագծի՝ «Իրական Հայաստանում» տեղ չունե՞ն հիշողություններ մեր ծագման, խորհրդանշանների, պատմական տարածքների վերաբերյալ:

– Քանի որ մեր ծագման հիշողություններն ուղիղ կապված են այդ թվում նաև մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների հետ, հետևաբար, այո՛, մենք լրջագույն խնդրի առաջ ենք կանգնելու: Համոզված եմ, որ այդ ընթացքում եթե որևէ մեկը համարձակվի ասել Հայկական լեռնաշխարհ, այդ թվում՝ գիտնականներ, հայտնվելու է քրեակատարողական հիմնարկներում: Սրանք այն պայմաններն են, որոնք դրվում են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, ու շատ դեպքերում դրանք արվում են եթե ոչ ուղիղ նրանց ղեկավարների, այլ այդ երկրներում ապրող պրոպագանդիստական գործունեություն իրականացնողների կողմից: 

Մեր իշխանությունն էլ մեծ ջատագովությամբ բռնել է այդ ճանապարհը: Հույս ունեմ, որ մեր հասարակությունը հասկանում է այս ամենի իրական վտանգը, ինքնությունը կորցնելու վտանգը ու հաշտ չի լինելու այս ամենի հետ: Ֆեյսբուքյան տիրույթը ցույց է տալիս, որ մարդիկ հաշտ չեն նույն Արարատի վերաբերյալ եղած հարցով, բայց այս ընդվզումը պետք է ավելի խորքային ու այլ բնույթի վերածել, ու ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք անել առաջարկ, որի արդյունքում մարդիկ իրենց անհամաձայնությունը կարտահայտեն այս իշխանության գործողություններին:

– Տիկի՛ն Կարապետյանց, բայց իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե այս հարցերով ոչ մի երկրից իրենց պահանջ չի դրվում, և որ իրենց գործողությունները ելնում են միայն իրենց որդեգրած քաղաքականությունից, իրենք մարդկանց ներկայացրել են «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն, ինչին էլ, ըստ իրենց, մեծամասնությունը համաձայն է:

– Նրանք իրականությանը չեն տիրապետում, կյանքից կտրվել են: Հազարապատիկ ավելի վատ է, եթե այս ամենը նրանց սեփական կամքով է արվում, իրականում դա ճնշումների հետևանքով է արվում, բայց այս դեպքում էլ նրանց արածն արդարացում չունի: 

Նրանք շատ բան կարող են պնդել, այս մարդկանց վստահել՝ որպես պետության շահով առաջնորդվող քաղաքական գործիչների, ուղղակի իմաստ չունի, անտրամաբանական է նրանց վստահելը: Այս մարդիկ անսկզբունքային, անհետևողական են, միայն իրենց տաբուրետկաներին կառչած մնալու հարցում են սկզբունքային:

– Ամփոփելով՝ կարելի՞ է ասել, որ նախագծի շուրջ առկա են տարբեր կարծիքներ, որոնց մի մասը այն դիտարկում է որպես նախաձեռնություն, որը կարող է ստեղծել գրաքննության հնարավորություն և անդրադառնալ կյանքի տարբեր ոլորտների վրա:

– Առաջին փուլում գրաքննություն է, երկրորդում՝ հիմք է ստեղծում հետապնդումների, բռնաճնշումների, կալանավորումների, դատապարտումների համար: Ինքնությունը ոչնչացնելու ճանապարհով փորձում են կերտել «Իրական Հայաստան»: 

Այս իշխանությանը պետք է միայն մերժել, նրանք նույնքան մերժված են, որքան նախկինները, ուղղակի հասարակությունն այս իշխանության թեթև ձեռքով այնքան կոտրված է, որ փողոց դուրս չի գալիս: Բայց վստահ եմ, որ եթե նախկիններին թավիշով մերժեցին, ապա սրանց սրբելու են, որովհետև այսքան նվաստացում մենք ոչ մի իշխանության օրոք չենք տեսել:

Ազգային ու մարդկային արժանապատվության այսչափ նվաստացում մենք որևէ ժամանակ չենք ունեցել, այս մարդիկ հետևողականորեն գնում են մեր ինքնության, արժանապատվության, արդարադատության զրոյականացման ճանապարհով, հետևաբար ենթակա են ուղղակի մերժման, չկա երկրորդ տարբերակ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am